ՍԿՍՎԵՑ…
Հունվարի 10-ին ազգային բանակում սկսվեց նոր ուսումնական տարին։ Գործընթաց, որի կազմակերպման եւ անցկացման որակն է ապահովում ինչպես առանձին զինծառայողների, այնպես էլ զինվորական փոքր ու մեծ ստորաբաժանումների, վերջնական հաշվով զորամասերի, զորամիավորումների եւ ամբողջ բանակի մարտունակությունը։
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՏԻՆԳ
Ինչպես և նախատեսված է համապատասխան հրամանով, ուսումնական տարին զորամասերում սկսվեց տոնական հանդիսությամբ` միտինգով։ Գնդապետ Ա. Հարությունովի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմն առավոտյան 7։30-ին շարված էր հանդիսավոր տողանի։ Ընդունելով համապատասխան զեկույցը` գնդապետ Հարությունովը շնորհավորեց զինակիցներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ մանրամասնորեն ներկայացրեց ուսման գործընթացի ճիշտ կազմակերպման կարեւորությունը։ «Չափազանց լուրջ են զորամասի առջեւ դրված խնդիրները, եւ մենք ամեն ինչ պետք է անենք` զորատեսակի առաջատարը դառնալու համար»,- ասաց գնդապետը։
Գնդապետ Ա. Մկրտչյանը, ելույթ ունենալով, նույնպես շնորհավորեց եւ հորդորեց ուսման մեջ ոչ մի մանրուք չանտեսել, օրվա առաջադրանքները կատարել ամբողջությամբ, հավասար ուշադրություն դարձնել թե՛ մասնագիտական եւ թե՛ ոչ մասնագիտական առարկաներին։
Միտինգն ավարտվեց զորամասի ստորաբաժանումների հանդիսավոր երթով։
ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ժամը 9-ին սկսվեցին «Գործողություններ տագնապով վերկացի ժամանակ» թեմայով պարապմունքները։ Ինչպես նախատեսված է հրամանով, առաջին օրը մարզումներն անցկացվում են դասակի, մարտկոցի (վաշտի) կազմերով՝ զորանոցում։ Կարեւորվում են ազդարարման ազդանշաններն ու դրանց ստացման կարգը, տագնապի դեպքում մարտկոցի հերթապահի, սուրհանդակի գործողությունները, ինչպես նաեւ զորանոցից անկողնային պարագաների, գույքի դուրսբերման խմբի անդամների գործողությունները, անձնակազմի գործողությունները զենքի, զինամթերքի, գույքի եւ հանդերձանքի ստացման եւ հավաքի ընթացքում եւ այլն։
Ստորաբաժանումների գործողությունները ղեկավարում էր մայոր Վ. Մկրտչյանը։ Նրան անմիջականորեն օգնում էին կապիտաններ Էդգար Եղիազարյանը եւ Կորյուն Ալեքսանյանը, սակայն նրանք ավելի շատ հետեւում էին գործողություններին եւ արձանագրում թերությունները, իսկ հրամաններն արձակում էին հիմնականում կրտսեր հրամանատարները։ Քնից վերկացի, հագնվելու, զորանոցային գույքը տեղափոխման նախապատրաստվելու, հանդերձանք, զենք, զինամթերք ստանալու եւ զորանոցից դուրս գալու գործողություններն ավելի լավ էին կատարում դասակի զինվորները` ավագ Արման Մաթեւոսյանի հրամանատարությամբ։
Այստեղ պարապմունքի ընթացքին անմիջականորեն հետեւում եւ իր ցուցումներով ստորաբաժանումներին օգնում էր գնդապետ Ա. Մկրտչյանը։
Նորակոչիկների թիվը այս ստորաբաժանումում շատ չէր, եւ ընդհանուր առմամբ պարապմունքներն ընթանում էին ընդունված նորմերին համապատասխան։
-Այսօրվա համար նախատեսել եմ երեք ուսումնական կետ,- ասաց մարտկոցի հրամանատար կապիտան Կ.Ալեքսանյանը,- առաջինը՝ երեկոյան անվանականչ, հաշվարկի ճշտում եւ քուն, երկրորդը` դասակ-մարտկոցի տագնապով վերկաց եւ ուսապարկի ստացում, եւ վերջինը` գործողություններ զինանոցում, զենք-զինամթերքի ստացում։ Վաղը՝ պարապմունքների երկրորդ օրը, ստորաբաժանումը կհասնի մինչեւ մեքենայական պարկ, իսկ երրորդ օրը, պարապմունքները կշարունակվեն զորամասի կազմով։ Տեսնենք, թե հրամանատարն ինչ որոշում կընդունի։
Շարունակելով մարզումները` իրենց նկատելիորեն ավելի լավ էին դրսեւորում կրտսեր սերժանտ Հովհաննես Խուդոյանը, շարքայիններ Արման Աբրահամյանը, Նարեկ Հայրապետյանը, Տիգրան Բեջանյանը, Ռադիկ Սաֆարյանը, Սեւան Գեղամյանը։ Իր հերթին, գործողությունները հաջողությամբ էր ղեկավարում լեյտենանտ Կարեն Մելիքյանը։
♦♦♦
Եղանք նաեւ փոխգնդապետ Մ.Բեջանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումում, որտեղ կապիտան Մ. Դավթյանը ոգեւորությամբ էր ղեկավարում պարապմունքը։
Զորամասի հրամանատար գնդապետ Ալ.Հարությունովը հրավիրեց զորամասի վարչակազմի խորհրդակցություն, որպեսզի համատեղ մեկ անգամ եւս ուսումնասիրվի եւ անհրաժեշտության դեպքում ճշտվի զորամասի մարտական պատրաստականության պլանը, նաեւ ճշտվեն սպաների անհատական պլանները եւ գործողությունները տագնապի ժամանակ, որոշեն մարտական նշանակության շրջաններ ելքի կարգը եւ ճշտվեն այլ հարցեր։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ
Փոխգնդապետ Ա.Բուդաղովը գնացել էր խորհրդակցության, գործողությունները ղեկավարում էր կապիտան Ս. Դավթյանը։ Նորակառույց, ընդարձակ այս զորանոցում պարապմունքներ անցկացնելն ավելի հեշտ է։ Զինվորները չեն խմբվում, կուտակումներ չեն առաջանում, եւ ամեն ինչ ավելի արագ է կատարվում։
-Ինձ շատ են օգնում եւ պարապմունքները լավ են ղեկավարում սերժանտներ Ահարոն Ղամբարյանը, Հարություն Բախշյանը, կրտսեր սերժանտներ Ալեքսան Ղազարյանը, Վահե Վարդապետյանը։ Գոհ եմ նաեւ Շիրակ Մանուկյանից, Բաղդասար Սաֆարյանից, վարորդներ Հովհաննես Հովակիմյանից, Գեւորգ Կարապետյանից եւ դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Սաֆարյանից,- ասաց կապիտան Ս. Դավթյանը։
Մենք զրուցում ենք նաեւ զինվորներից մի քանիսի հետ.
-Սերժանտ Ահարոն Ղամբարյան, ջոկի հրամանատար եմ։ Ծնվել եմ Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր գյուղում՝ 1992թ.։ 2009թ. ավարտել եմ դպրոցը եւ ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել եմ, արդեն ծառայել եմ մեկուկես տարի եւ երրորդ անգամ եմ մասնակցում մարտավարաշարային պարապմունքների, պարգեւատրվել եմ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, մասնակցել եմ նաեւ ՀՀ անկախության քսանամյա տարեդարձին նվիրված զորահանդեսին։
-Շարքային Գոռ Կիրակոսյան. ռադիոհեռախոսավար։ Ծնվել եմ Ճամբարակում 1992թ.։ Դպրոցից հետո ընդունվել եմ Ս.Թերեզայի անվան բժշկական համալսարան ու զորակոչվել բանակ։ Հունիս ամսին զորացրվելու եմ։ Պարգեւատրվել եմ պատվոգրով եւ շնորհակալագրով։ Ինձ համար այս պարապմունքները առանձնապես դժվար չեն ու շատ հետաքրքիր են, մանավանդ, երբ զորամասը դուրս է գալիս եւ շարժվում դեպի կենտրոնացման շրջան։
-Ես շարքային Արթուր Ադիխանյանն եմ, Երեւանից։ 19 տարեկան եմ, հայրս՝ Մարտուն Ադիխանյանը, Արցախյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ։ N 66 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ ու զորակոչվել բանակ։
-Ես էլ շարքային Տիգրան Եգանյանն եմ։ Երեւանից եմ, սովորել եմ ֆիզմաթ թեքումով դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել եմ պետական տնտեսագիտական համալսարան ու զորակոչվել բանակ։ Ծառայության պայմանները շատ լավ են, սպաները՝ ուշադիր։ Մարտավարաշարային պարապմունքների ընթացքից մեր հրամանատար կապիտան Դավթյանը գոհ է, մեզ զգուշացրել է լինել ուշադիր եւ պահպանել անվտանգության կանոնները։
Պարապմունքները շարունակվում էին։ Ստորաբաժանումների հրամանատարներն այնպես էին գործընթացը կազմակերպում, որ բոլոր զինվորները, նաեւ օրապահներն ու վերակարգում գտնվողները մասնակցեն նախատեսված մարզումներին։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան