Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ



ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՄեր ժողովուրդը գլորեց ևս մեկ հետպատերազմյան տարի, շարունակելով իր պայքարը՝ հանուն պատմական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի: Այսինքն՝ պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը, մեր Հայրենիքը: Մեզ ծանր աշխատանքի, ծանր պայքարի, բայց և հաջողության ու հաղթանակի տարի է սպասում: Ես Նոր տարուց ակնկալում եմ ուժեղ բանակ, աշխարհը գերելու ունակ մշակույթ և ամբողջ ուժերը հայրենիքի ապագայի համար ներդնելու յուրաքանչյուր հայի պատրաստակամությունը: 21-րդ դարը մերն է լինելու, ես վստահ եմ: Մենք այս փորձություններից դուրս ենք գալու ավելի ամուր, ավելի ուժեղ, ավելի մեծ սիրով ու պատասխանատվությամբ կապված մեկս մյուսի հետ: Ու… հաղթանակած:

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆ

ջութակահար

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՄենք ունենք բանակ ու պետականություն։ Բանակը պետականության հենքն է։ Զինվորը նվիրյալն է՝ ազգային նպատակներին, գաղափարներին, իդեալներին։ Բայց ազգի պաշտպան զինվոր, ագգայինի պահապան պիտի լինեն բոլորը։ Այս հոգեբանությունը պիտի սերմանվի մանկուց. այն պիտի լինի մատաղ սերնդի դաստիարակության առանցքը՝ սկսած մանկապարտեզից: Առանց ազգային գաղափարախոսության ագգը կկործանվի: Առաջին հերթին մտավորականներն ու արվեստագետները պիտի լինեն այդ գաղափարախոսության կրողը, մշակույթը պիտի ներծծված լինի ազգայինով։

Մենք պիտի սովորենք դասեր քաղել պարտությունից ու սովորել հաղթանակներից:

Եկեք Տարեմուտի շեմին ամեն մեկս ասենք՝ էսօր իմ ժայթքի օրն է, էսօր ջրհեղեղ եմ հանելու իմ ընդերքներից, ու հավատի տապան են իջեցնելու իմ գագաթին: Իմ սյունն եմ զարկելու էն Աստծու անձրեւով օրհնած տանիքի տակ: Ու էդ տանիքը երբեք չի փլվելու….

…Վե՛ր կաց, Հայաստա՛նս…

Դու ծնկել ես միայն Երկնքի ու Երկնավորի առջև:

…Ես եմ՝ Զինվորդ, իմ կյանքի չափ անձնազոհ ու նվիրյալ Ուխտավորդ, որ հիմա ծնկել եմ կողքիդ՝ միայն Քեզ վեր բարձրացնելու ուխտով ու առաքելությամբ…

…Բարձրացի՛ր, Հարազա՛տս, հենվիր ուսիս ու վե՛ր ել: Առա՛ջ քայլիր, դեպի հրեղեն դարեր, ազնվական երկիր Հայաստա՛նս: Շնորհավոր Սուրբ Ծնունդ ու բարի Ամանոր, ազնվակերտ իմ ժողովուրդ:

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

արձակագիր

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԱյսօր մեր երկիրը կանգնած է նոր` 2023 թվականի շեմին:

Աշխարհում տեղի ունեցող անկասելի իրադարձությունները անդրադառնում են նաև մեր երկրի ու ժողովրդի առօրյայի, բնականաբար, նաև հետագա ճակատագրի վրա:

Լինելով ստեղծագործ, կառուցող ու բարիք ստեղծող ժողովուրդ, լինելով քրիստոնյա ազգ, մենք տառապանքի ու զրկանքների գնով մի սրտաչափ հողակտորի վրա ստեղծել ենք մեր անուշ ու թանկագին երկիրը, որը կոչել ենք քաղցրահունչ Հայաստան անունով: Այդ անունը պիտի հավերժ ապրի:

Մենք միշտ մեր հողը պաշտպանելու սուրբ պարտք ենք ունենալու: Դուք այդ պարտքը ամենայն նվիրվածությամբ եք կատարում, սիրելի՛ զինվորներ, սպաներ, մեր անկոտրում բանակ: Մենք երախտապարտ ենք ձեզ:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ զինծառայողներ, մեր երկրի սահմանը պաշտպանող թանկագին դիրքապահներ, հրամանատարներ, շնորհավորում եմ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին նոր` 2023 թվականի գալստյան առիթով:

Մաղթում եմ առաջին հերթին խաղաղ երկինք, մաքուր հորիզոններ, քաջառողջություն, անսպառ սեր ու հավատ՝ ի փառս մեր քաղցր երկրի խաղաղ գոյատևման: Ապագան մերն է լինելու: Կեցցե՛ Հայ զինվորը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախ աշխարհը:

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ

պրոֆեսոր

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՍիրելի՛ հայ զինվորներ, Տարեմուտի գիշերը, երբ ձեր հայրենակիցներն ու աշխարհը իրենց տաքուկ տներում, տոնական սեղանների շուրջ դիմավորելու են Նոր տարին, դուք սահմանին եք լինելու, հեռու տնից, ձեր ընտանիքներից, ձեր սիրելիներից: Ես ուզում եմ, որ հենց այդ ժամանակ՝ 2022 թվականի ավարտին, ձեզ հասնեն իմ ջերմ ողջույնները։

Դուք այն պատնեշն եք, որի շնորհիվ թշնամին չի կարողանում գրավել իրեն չպատկանող տարածքները, բայց որի հանդեպ ոտնձգություն է կատարում գրեթե ամեն օր: Առանց ձեր նվիրվածության, քաջության այն երկիրը, որտեղ դուք ծնվել եք՝ մեր հայրենիքը, թշնամու տիրապետության տակ կլիներ:

Ընդունեք մեր բարեմաղթանքները, մեծարանքն ու երախտագիտությունը Ամանորի կապակցությամբ: Հուսով եմ, որ գալիք տարին կլինի ավելի խաղաղ, ավելի ապահով ու երջանիկ։

Շնորհակալ ենք ձեր քաջության և նվիրվածության համար:

Ամենալավը ձեզ։

ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆ

բեմադրիչ, դերասան

Խորագիր՝ #42 (1464) 27.12.2022 - 29.12.2022, Հոգևոր-մշակութային


28/12/2022