ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Հայոց բանակի սիրելի՛ զինծառայողներ, քույրեր և եղբայրներ
Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդով դիմավորում ենք Նոր տարին, որը լի է իրագործվելիք ծրագրերի ու ձեռնարկների դրական տեսլականով։ Արդեն անցյալում են 2022 թ. փորձությունները, որոնք գալիս են ամրացնելու մեր հավատքը, ինչպես գրում է Պողոս առաքյալը իր հռոմեացիներին ուղղված թղթում.
«Պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Իսկ հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ հոգու միջոցով» (Հռոմ. 6. 45):
Ցանկանում եմ, որ տարեմուտի շեմին կենտրոնանանք առաքյալի երկու կարևոր գաղափարների վրա՝ հույս և սեր, քանի որ Սուրբ Ծննդյան տոնն իր մեջ ամփոփում է այս երկուսը: Հավատքը՝ որպես հաստատուն հիմք մեր սրտերում, նեղությունների և փորձությունների մեջ ամրացած հույսով՝ գործենք ապագայի համար: Աստվածային սիրով տոգորված՝ հայրենասիրության ու եղբայրասիրության մթնոլորտում, հզորացնենք մեր պետությունն ու բանակը: Լինենք նախանձախնդիր և անտրտունջ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
Աղոթքով առ Աստված շնորհավորում եմ ամենքիդ Ամանորի և Փրկչի Սուրբ Ծննդյան լուսառատ տոների առիթով: Թող Աստված իր ամենազոր աջի և Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ խաչի հովանու ներքո զորացնի մեր բանակը և անսասան պահի մեր սահմանները:
Հավատքով, հույսով ու Տիրոջ պատգամով զորացած, կրկին ավետենք Խաղաղության Իշխանի ծնունդը ողջ աշխարհով մեկ:
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»
Խորագիր՝ #42 (1464) 27.12.2022 - 29.12.2022, Հոգևոր-մշակութային