ԱՇԽԱՐՀԸ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ
2022 թվականին աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից առանձնացնում ենք մի քանիսը, որոնք կանխորոշելու են պետությունների ռազմաքաղաքական զարգացման ու նոր աշխարհակարգի ձևավորման միտումները:
1. Ամենակարևորն ու ազդեցիկը, անկասկած, ռուս-ուկրաինական հակամարտությունն է: Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ուկրաինայի «նացիստական ռեժիմը» հեռացնելու նպատակով: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրում ռազմական դրություն է մտցրել։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` եթե որևէ պետություն միջամտի Ուկրաինայում իրավիճակին եւ ռազմավարական առումով վտանգ ստեղծի Ռուսաստանի համար, կայծակնային հարվածներ կլինեն: Ռուսաստանն իրեն սպառնացող ռազմավարական վտանգի դեպքում այնպիսի միջոցներ կօգտագործի, որոնք իր հակառակորդները դեռ չունեն։ Այդուհանդերձ, բազմաթիվ երկրներ ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային: Ռուսաստանի դեմ սահմանվել են աննախադեպ պատժամիջոցներ, միայն ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 9 փաթեթ: Մի քանի ամիս ռազմական գործողությունների հետո սեպտեմբերի 23-27-ը անցկացված հանրաքվեի արդյունքում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերը մտան ՌԴ-ի կազմի մեջ։
Ինչևէ, փաստացի պատերազմը շարունակվում է, ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, միլիոնավոր քաղաքացիներ լքել են երկիըը, կողմերը խոսում են երկուստեք տասնյակ հազարավոր զոհերի մասին։ Աշխարհը բաժանվել է երկու մասի, մի կողմում խոսում են ռազմական գործողությունները շարունակելու և Ռուսաստանը ոչնչացնելու, մյուս կողմում՝ բանակցությունների ու նաև Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին։ Շատերն էլ մատնանշում են գերտերությունների և ՆԱՏՕ-ի միջամտության արդյունքում միջուկային պատերազմի վտանգը։ Իսկ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նշում է. հատուկ ռազմական օպերացիայի բոլոր առաջադրանքներն անվերապահորեն կկատարվեն՝ «պատմական հեռանկարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների, ռուսական Ղրիմի և ամբողջ երկրի համար խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու նպատակով»։
2. Այս իրադարձությունները անմիջականորեն կապված են ռազմական գործողությունների հետ, սակայն վերջնարդյունքում շատ ավելի լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար է պայթեցվել, կամրջի մի հատվածը փլուզվել է։ Վերանորոգումից հետո երթևեկությունը կամրջով վերականգնվել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Սեպտեմբերին պայթյուն է տեղի ունեցել ռուսական գազի տարանցման «Հյուսիսային հոսք» գազատարի վրա։ Փորձագետները պայթյունի շրջանում հայտնաբերել են պայթուցիկի տարրեր՝ հաստատելով դիվերսիայի փաստը։ Ռուսական կողմը սա համարել է թե՛ ռուսական, թե՛ եվրոպական տնտեսական շահերին հարվածող ահաբեկչական ակտ։ Որոշ պետություններ սկզբում հենց ռուսներին մեղադրեցին գազատարի վնասման միջոցով Եվրոպան առանց գազ թողնելու մտադրության մեջ, սակայն մասնագետները նշում են առաջին հերթին Ռուսաստանի կրած զգալի ֆինանսական կորուստները։
Համադրելով այս երկու գործողությունները՝ վստահ կարելի է ասել՝ փոխվում են հակառակորդին հարվածելու, ռազմական և տնտեսական ներուժը ոչնչացնելու մեթոդները։ Նախկինում էլ եղել են դիվերսիաներ, սակայն ոչ այս ծավալի և ոչ բացահայտ։ Այլևս չկան ռազմական նշանակության թույլատրելի և ոչ այնքան թիրախներ։ Ղիմի կամուրջը ոչ միայն հաղորդակցման, բեռնափոխադրման կարևորագույն օղակ է, այլև վերջին տարիներին դարձել էր Ռուսաստանի տնտեսական հզորության, հավակնությունների իրագործման խորհրդանիշ։ «Հյուսիսային հոսքն» էլ ամբողջությամբ գործարկվելուց հետո դառնալու էր երկրի համար ֆինանսական եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։
3. Ղազախստանում տարեսկզբին աննախադեպ ծավալի բողոքի ակցիաներ տեղի ունեցան հեղուկ գազի թանկացման, սոցիալական վատ վիճակի պատճառով։ Դրանք վերաճեցին անկարգությունների, բախումների ուժային կառույցների հետ։ Երկրի ղեկավարությունը, չկարողանալով տիրապետել իրավիճակին, պետական հեղաշրջման փորձը կանխելու նպատակով դիմեց ՀԱՊԿ-ին, որի միացյալ զորախումբը գործող վարչակազմին հավատարիմ զինված ուժերի ստորաբաժանումների հետ միասին կարողացավ կայունացնել իրադրությունը։ Ռազմական առաքելությանը մասնակցեց նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը։ Այդուհանդերձ, հետագայում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ, կարելի է ասել՝ նաև պետական կառավարման մարմիններում հեղաշրջում։ Երկրի ղեկավարումից փաստացի ամբողջովին հեռացվեց հինգ անգամ անընդմեջ նախագահ ընտրված, իսկ վերջերս երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնին նշանակված Նուրսուլթան Նազարբաևը՝ իր հավատարիմ մարդկանց հետ միասին։
Ղազախստանի դեպքերը վկայեցին, որ նույնիսկ ամենախիստ միանձնյա կառավարման շրջանը հավերժ չէ, իսկ ՀԱՊԿ-ը ցանկության դեպքում կարող է գործել արագ և արդյունավետ անդամ պետության անվտանգությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար։ Ի դեպ, սա ՀԱՊԿ-ի առաջին լուրջ գործողությունն էր։
4. Մեծ Բրիտանիան 2022 թ. ունեցավ միանգամից երեք վարչապետ։ Բորիս Ջոնսոնը պաշտոնավարման ընթացքում սուր քննադատության ենթարկվեց բազմաթիվ խախտումների պատճառով, առաջին հերթին նստավայրում խնջույքի մասնակցելու համար, երբ ամբողջ երկրում գործում էին քովիդային սահմանափակումները։ Ընդ որում, սկզբում պաշտոնական աղբյուրները հերքում էին այդ փաստը։ Թեև Ջոնսոնը բացահայտ հակառուսական քաղաքականություն էր վարում, նույնիսկ այցելեց պատերազմող Ուկրաինա, կուսակիցների ճնշման տակ ստիպված եղավ հրաժարական տալ։ Նրան փոխարինեց Լիզ Թրասը՝ խոստանալով շտկել նախորդի տնտեսական սխալները։ Սակայն Թրասը նույնիսկ ռեկորդ սահմանեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ամենակարճ մնալու առումով (ընդամենը 50 օր): Նրա հրաժարականից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվեց ծագումով հնդիկ միլիոնատեր Ռիշի Սունակը: Նա պետք է կարգավորի էներգակիրների բարձր գների պատճառով առաջացած ծանր տնտեսական ճգնաժամը։ Պահպանողական Մեծ Բրիտանիայի համար սա բացառիկ երևույթ է, չէ՞ որ վարչապետ է դառնում երկրի նախկին գաղութներից մեկից սերված անձը։
Մեծ Բրիտանիայի դեպքում այսքանը չէ, իհարկե։ 70 տարի իշխելուց հետո կյանքից հեռացել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, երևի թե ամբողջ աշխարհում միապետության ու նաև ավանդական Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը։ Եղիսաբեթ Երկրորդին փոխարինել է որդին՝ Չարլզը՝ ստանալով Կարլ Երրորդ անունը։
5. Ճապոնիայում էլ սպանվել է քաղաքականության վետերանը՝ նախկին վարչապետ Սինձո Աբեն, որն ամենաշատ ժամանակն է անցկացրել վարչապետի աթոռին։ Նրան սպանել են քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս:
6. Տեղափոխվենք ամերիկյան մայրցամաք։ Հետաքրքիր ընտրություններ տեղի ունեցան ԱՄՆ-ում, որոնց արդյունքներին լարված սպասում էին ամբողջ աշխարհում։ Ընտրություններից առաջ շատերը կանխատեսում էին. նախկին նախագահ Թրամփը վերադառնում է՝ հաշվի առնելով Սպիտակ տան դեմոկրատ ղեկավար Բայդենի վարկանիշի անկումը և երկրի տնտեսական վիճակի վատթարացումը։ Սակայն հանրապետական կուսակցության ջախջախիչ հաղթանակ տեղի չունեցավ։ Թրամփի թեկնածուների մեծ մասը պարտվեց, նրանք ստացան Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, իսկ դեմոկրատներին հաջողվեց պահպանել Սենատում մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, Թրամփը հայտարարեց նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու մտադրության մասին։
7. Սեպտեմբերի կեսերից Իրանում սկսվել են բողոքի ցույցեր ու անկարգություններ բարքերի ոստիկանությունում հիջաբ չկրելու համար ձերբակալվելուց հետո Մահսա Ամինիի մահվան առթիվ։ Աղջկա մահը զանգվածային դժգոհության հանգեցրեց, որոշ նահանգներում ցույցերի և բախումների ալիքը հնարավոր եղավ կանգնեցնել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի ստորաբաժանումների ռազմական միջամտությունից հետո։ Պաշտոնապես հայտարարվեց ավելի քան 300 զոհի մասին։ Ամինիի մահից հետո իշխանությունները հետաքննություն են սկսել, իսկ անկարգություններ հրահրելու մեջ մեղադրել են արևմտյան պետությունների հատուկ ծառայություններին։ Իրանի խորհրդարանում էլ քննարկվում է կանանց համար հիջաբ կրելու կանոնների մեղմացումը։
8. Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Սի Ծինպինը: Նա կղեկավարի երկիրը ևս 5 տարի և կձևավորի երկրի քաղաքականության հիմնական ուղղությունները և սկզբունքները: Հատկանշական է, որ կոմունիստական կուսակցության համագումարից հեռացվել է Չինաստանի նախկին նախագահ Հու Ձին Տաոն։ Այսպիսով, Սի Ծինպինը ամրապնդում է իր իշխանությունը և պետությունը սեփական ծրագրերով կառավարելու կարողությունը։
9. Չինաստանի հետ կապված մյուս իրադարձությունը հակասական գնահատականների է արժանացել. մի մասը կարծում է, որ Սի Ծինպինը անկարողություն է դրսևորել, մյուս մասն էլ նրան գովում է համբերատարության և ժամանակին համահունչ ճիշտ որոշումներ ընդունելու համար։ Գաղտնիք չէ, որ Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը մեկ Չինաստան քաղաքականության շրջանակում։ Իսկ ԱՄՆ-ն ամեն կերպ նպաստում է կղզու անջատմանն ու ռազմականացմանը։ Չինական իշխանությունները բազմիցս հայտարարել են նման գործելաոճի անթույլատրելիության և անհրաժեշտության դեպքում ռազմական միջամտության մասին։ Եվ ահա օգոստոսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց Թայվան այցելելու մտադրության մասին։ Միանգամից հետևեց Չինաստանի դիվանագիտական կոշտ արձագանքը՝ Փելոսիի ինքնաթիռի մուտքը կղզու օդային տարածք կարգելվի։ Երկու կողմերն էլ տարածաշրջանում կուտակել էին զգալի ռազմական ուժեր։ Ի վերջո, Փելոսին այցելեց Թայվան, նրա ինքնաթիռը չխփեցին, ոչ էլ խանգարեցին վայրէջքը։ Չին-ամերիկյան պատերազմը հետաձգվեց։
10. Ոչ բոլոր իրադարձություններն են կապված ռազմական կամ քաղաքական ոլորտի հետ, սակայն իրականում նաև դրանք են տրամադրություններ ձևավորում, նպաստում ռազմաքաղաքական գործընթացների զարգացմանը։ Դրանցից կարևորը, թերևս, միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Twitter սոցիալական ցանցի գնումն է 44 մլրդ դոլարով։ Գնման գործընթացն ավարտելուց հետո նա մի շարք ոչ ականջահաճո փոփոխություններ է նախատեսել ցանցի ընդհանուր քաղաքականությամբ արձանագրված սահմանափակումներում, ինչի արդյունքում սոցիալական ցանցը լքել են բազմաթիվ հայտնի մարդիկ։ Մեկ օրինակ. Մասկը վերաբացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արգելափակված էջի հասանելիությունը։ Նրա կարծիքով՝ խոսքի ազատությունը ամենագլխավորն է։ Իսկ ԱՄՆ-ում Twitter-ը լայնորեն կիրառվում է նախընտրական շրջանում։ Մասկը նաև բացահայտել է, որ սոցցանցի նախկին ղեկավարությունը թաքցրել է նախագահ Ջո Բայդենի որդու համակարգչից ԱՄՆ իշխանությունների համար ոչ բարենպաստ տեղեկատվության արտահոսքի փաստը։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Տարածաշրջան