Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻՑ ՍԱՀՄԱՆ՝ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎ



ՍԱՀՄԱՆԻՑ ՍԱՀՄԱՆ՝ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎՍահմանապահ գյուղում թարմ գաթայի բույրն աշխարհն էր բռնել: Սահմանամերձ գյուղի տատիկները գաթա էին թխում, գուլպաներ գործում զինվորների համար:

Անիչկա տատն էլ առանձնացել էր տան մի անկյունում, որ ոչ ոք իրեն չխանգարի, եւ գործն արագ գնա, ու գուլպա էր գործում: Արագ-արագ էր հյուսում, թելը գցում էր շյուղի վրա… ու բռնում մտքերի թելը…

90-ականներին գյուղն անընդմեջ կրակի տակ էր, անմշակ մնացած հող, ականապատված դաշտեր, քանի՜ խաղաղ բնակիչ զոհվեց:

Մշակելուն, ստեղծելուն, արարելուն սովոր ձեռքերը զենք վերցրին… Զենք վերցրին պաշտպանելու հողը, որ նորից կարողանան մշակել, սերմ ցանել:

Իրենց հանդ ու անդաստանը պաշտպանող գյուղի մարդկանց կողքին կանգնեցին զինվորները: 18-20 տարեկան տղաներ էին, շատերը դեռ մանկական դիմագծերով…

Քանի տարի է անցել էդ օրերից, բայց էլի երկիրը չի խաղաղվել, գյուղի վրա էլի կրակում են, չեն թողնում աշխարհը խաղաղվի, մարդ հանգիստ սրտով իր հողը մշակի, արարի, իր քրտինքով վաստակած մի կտոր հացն էլ հանգիստ խղճով վայելի: Էլի զինվորը կանգնած է սահմանին, եւ ո՞վ գիտե, գուցե այն տարիներին իրենց գյուղը պաշտպանած 18-20 տարեկան տղերքից մեկի որդին էլ է հիմա այստեղ…

Անիչկա տատի մտքի թելն ու ձեռքի թելը իրար հետ են մրցում: Չէ՛, Անիչկա տատի ձեռքի թելը «հաղթում է», ավելի արագ է գործում. դուրսը ցուրտ է, ձյուն-ձմեռ: Գործում է ու աչքի պոչով էլ մեկ-մեկ հետեւում հարսին ու թոռանը, նրանք էլ գաթա են թխում զինվորի համար: Տատը քթի տակ մի կուշտ ժպտում է. հարսն ու թոռը խորիզը սովորականից ավելի քաղցր են անում…

Թելը էլի գցեց, մի շարք էլ գործի, գուլպան պատրաստ կլինի: Ուրիշ ժամանակ էսքանով գործն ավարտած կհամարեր, գուլպան պատրաստ, բայց, չէ՛, թելը չի կտրում, էլի մի քանի շարք շարունակում է գործել:

Ցուրտ է, ձյուն-ձմեռ, զինվորի համար է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Բանակ և հասարակություն


30/12/2022