Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՀայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից առաջինը Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է, որը ավանդաբար Հայ եկեղեցին նշում է հունվարի 6-ին:

Սուրբ Ծննդյան տոնի հիմքում ընկած է Նոր Կտակարանի Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների այն պատումը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես և որտեղ ծնվեց Հիսուս Քրիստոսը:

Ղուկասի ավետարանում կարդում ենք հետևյալը.

«Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։ Բոլորն էլ գնում էին արձանագրվելու՝ յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։ Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։  Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան,  և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար» (Ղկ. 2.1-7)։

Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր նախնիների ծննդավայրը»: Այսպիսով՝ Մարիամի նշանած Հովսեփը լինելով Դավթի թագավորական ցեղից, մարդահամարի ժամանակ ստիպված եղավ գալ իր նախնիների բնակավայր Բեթղեհեմ:

Տանը, թե այլ վայրում ծնվեց Քրիստոսը, ավետարանները չեն ասում, սակայն Ղուկասի ավետարանում հիշատակվում է հետևյալը.

«Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար» (Ղուկ. 2.6-7)։

Առաջին հայացքից թվում է, թե ավետարանիչները մեզ մի պարզ պատմություն են փոխանցում մի մանկան մասին, բայց արդեն մարգարեությունից տեսանք, որ այդ նորածին մանուկը սովորական մարդ չէ, և ավետարանիչները զարգացնում են իրենց պատումը՝ հիշելով աստղի երևալը, մոգերի գալը, հովիվների երկրպագությունը և հրեշտակների փառաբանական երգեցողությունը:

Մատթեոսի ավետարանում հիշվում է Քրիստոսի ծննդյան ժամանակ երկնակամարում փայլատակող պայծառ աստղը.

«Հերովդես արքայի օրերին ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու» (Մտթ. 2.1):

Եկեղեցական ավանդության մեջ ընդունված է աստղի մի քանի պատկերագրության կիրառում՝ տասնչորս, ութ, յոթ և հինգ թևանի՝ մասնավորապես հինգ թևանի աստղը Դավիթ թագավորի խորհրդանիշն է, շատ հաճախ աստղն անվանում են նաև Բեթղեհեմյան կամ Սուրբ Ծննդյան: Ահա այս աստղը ուղեցույց եղավ, որ մոգերը կամ արևմտյան ավանդույթի համաձայն՝ երեք արքաները գան և երկրպագեն Քրիստոսին:

«Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Ղուկ. 2.9-12)։

Մոգերի ով լինելու մասին ավետարանիչները սակավ տեղեկություններ են տալիս, սակայն եկեղեցական ավանդությունը մեզ փոխանցում է նրանց անունները՝ Մելքոն, Գասպար, Բաղդասար: Մոգերը դատարկաձեռն չէին եկել, այլ իրենց հետ բերել էին ընծաներ՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին լինելով ազնիվ մետաղ և ունենալով արևի նման փայլ՝ կիրառվում էր արքաների կողմից և մոգի նվերի Քրիստոսին խորհրդանշում էր նրա թագավորական ծագումը նաև Աստծո նոր արքայության սկիզբը: Մոգերի բերած հաջորդ նվերը կնդրուկը կամ խունկն էր, որը կիրառվում էր հրեական տաճարում՝ որպես անուշահոտ զոհ և խորհրդանշում էր Քրիստոսի քահանայական իշխանությունը, և երրորդ նվերը զմուռսն էր, որը հայտնի է նաև որպես կնքամոմ, քանի որ նրանով էին կնքում դամբարանների դռները և խորհրդանշում էր Քրիստոսի փրկչական զոհաբերությունը, մահը և թաղումը:

Հետաքրքրական է, որ Սուրբ Ծննդյան առաջին ավետիս լսողները եղան հովիվները, ինչպես նկարագրվում է ավետարաններում.

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ«Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։  Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։  Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթված և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.

«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն,

խաղաղությո՜ւն երկրի վրա

և հաճությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկ. 2.8-14)։

Ահա կարդալով ավետարանական մեջբերումները՝ տեսանք մի սովորական մանկան ծնունդ, որը ուղեկցվում է անսովոր իրադարձություններով՝ հրեշտակները հայտնվում են հովիվներին, մոգերը առաջնորդվելով երևացող աստղով՝ փնտրում են նորածին արքային, քանի որ Աստված Քրիստոսի ծննդով կատարեց իր խոստումը՝ փրկելու մարդկությանը մեղքից և առաջնորդելու դեպի նոր կյանք:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի հետ Հայ Առաքելական եկեղեցին ավանդաբար հունվարի 6-ին նշում է նաև մկրտության և Աստվածահայտնության տոնը, քանի որ եկեղեցական ավանդության համաձայն՝ Քրիստոսը մկրտվել է իր ծննդյան օրը:

Ի հիշատակ Հորդանանում Քրիստոսի մկրտության կատարվում է ջրօրհնեք, որտեղ խորհրդանշական խաչը իջեցվում է ջրի մեջ:

ԱՐԹՈՒՐ սարկավագ ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Հոգևոր-մշակութային


30/12/2022