Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱԳՆԱՊ. ՌԱԶՄԵՐԹ ԴԵՊԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ



Հունվարի տասնմեկին սկսված մարտավարաշարային պարապմունքները շարունակվեցին հաջորդ օրերին։ Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հետեւեցինք երրորդ օրվա՝ զորամասի (գնդի) կազմով անցկացվող պարապմունքների ընթացքին։ Ուսումնական փուլի առաջին օրը հենց այստեղ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Տոնական միտինգի ժամանակ շնորհավորելով անձնակազմին՝ նախարարն այնուհետեւ ծանոթացել էր զինծառայողների կեցության, աշխատանքային եւ ուսման համար ստեղծված պայմաններին, հրետանավորներին կոչ էր արել աշխատել ջանասիրաբար, է՛լ ավելի բարձրացնել մարտկոցների եւ դասակների մարտունակությունը եւ վճռականորեն պայքարել զորատեսակի առաջատարը դառնալու, փոխանցիկ դրոշը նվաճելու համար։ Իրոք, վերջին շրջանում պաշտպանական բարեփոխումների շնորհիվ էապես մեծացել են զորամասի հնարավորությունները, ամրապնդվել է կարգապահությունը, բարելավվել են արդյունքները, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չի բավականացնում լավագույնը ճանաչվելու համար։

ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏՈՂԱՆ

Վաղ առավոտյան անձնակազմը շարված էր տողանի։ Ողջույնից հետո գնդապետ Ս. Հովհաննիսյանը հայտարարեց, որ զորամասում տագնապ է հայտարարվելու։ Նա ստորաբաժանումների հրամանատարներին, սպաներին, ենթասպաներին եւ զինվորներին խստագույնս պատվիրեց լինել ուշադիր եւ պահպանել անվտանգության կանոնները, հատկապես ռազմական տեխնիկայի գործարկման եւ տեղաշարժերի ընթացքում հաշվի առնել ձմեռային սեզոնի առանձնահատկությունները։

ՏԱԳՆԱՊ

Երբ տողանն ավարտվեց, եւ դիվիզիոնները գնացին զորանոցներ, գնդապետ Ս. Հովհաննիսյանը մտավ շտաբի հերթապահ մաս եւ տվեց «տագնապ» ազդանշանը։ Այդ ժամանակ էլ զորամաս այցելեցին հրթիռահրետանային զորքերի եւ հրետանու վարչության պետ գնդապետ Ալբերտ Մարդոյանը, մարտավարաշարային պարապմունքի ընթացքին հետեւող մասնագետ սպաներ, իսկ քիչ անց՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Տագնապ» ազդանշանից հետո սպաները, զենք ստանալով, շտապեցին զորանոցներ եւ համապատասխան տեղամասեր։ Քիչ անց սկսեցին զորանոցներից դուրս գալ մարտկոցների անձնակազմերը եւ կանոնավոր շարքերով շարժվել դեպի մեքենայական հավաքակայան։ Մի քանի րոպեում զորանոցների եւ հավաքակայանի միջեւ ընկած տարածությունը լցվեց ստորաբաժանումներով։
Սկսված քամու պատճառով օդի ջերմաստիճանը շարունակում էր ընկնել, եւ մտահոգություն կար, որ տեխնիկայի գործարկման ընթացքում բարդություններ կառաջանան։ Բարեբախտաբար կանխատեսումները չարդարացան, ինչը վկայում է, որ զորամասը լավ է նախապատրաստվել ձմռանը, եւ շուտով հավաքակայանից դուրս եկավ առաջին մեքենան։ Հասնելով բաց երկնքի տակ ուսումնական կետում գտնվող Դ-20 հրանոթներին՝ բեռնատարը հենց առաջին հետընթաց շարժով կանգնեց ճիշտ տեղում, եւ զինվորներն սկսեցին հրանոթը կցորդել մեքենային։ Վարորդի վարպետությունն ակնհայտ էր։
-Ո՞վ ես, զինվո՛ր,- ձայնեցի նրան։
-Ավագ վարորդ շարքային Դիմկով Արմեն։
-Ապրե՛ս, Արմեն, իսկույն երեւում է, որ փորձառու վարորդ ես,- գովեցի զինվորին։
Իսկ այդ ընթացքում հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Բաբկեն Եկմալյանը, հաշվարկի համարներ, շարքայիններ Ծատուր Բալաբեկյանը, Լիտվինով Մովսիսյանը եւ Նարեկ Ասատրյանը, հրանոթն ամրացնելով, մեքենա նստեցին եւ շարժվեցին առաջ։ Նույն գործողություններն էին կատարում նաեւ մարտկոցի մյուս հաշվարկները։
***
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հետեւելով գործընթացին, միաժամանակ տարբեր տեղամասերում ծանոթանում էր զինվորական ունեցվածքի, ծառայության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, փաստաթղթերին, լրացվող մատյաններին։
***
Տաղավարներից մեկում հերթական մեքենան գործարկելուց հետո զրուցեցինք զինվորներին ցուցումներ տվող սպայի հետ։
-Վերանորոգման վաշտի հրամանատար մայոր Վարդան Աթոյան,- ներկայանում է սպան եւ շարունակում,- ասեմ, որ ամեն ինչ կարգին է, ցուրտը մարտկոցների եւ յուղի վրա էական ազդեցություն չի ունեցել։ Ընդհանուր առմամբ վիճակը լավ է։
***
Դիվիզիոնի հրամանատար մայոր Ս. Մեսրոպյանն անձամբ էր ղեկավարում տեխնիկայի գործարկման, տաքացման եւ տեղաշարժի ընթացքը։ Շարքայիններ Արսեն Խաչիյանը, Հարություն Կոստանդյանը կայանի պետ ավագ լեյտենանտ Հ. Կիրակոսյանի ղեկավարությամբ, առաջինն էին դուրս եկել տաղավարից եւ սպասում էին, որ շարասյունն ամբողջությամբ ձեւավորվի, որպեսզի շարժվեն առաջ։

ՆՍՏԵՑՄԱՆ ՇՐՋԱՆ

Ինչպես ուսումնական, այնպես էլ մարտական տագնապի ժամանակ յուրաքանչյուր զինծառայող գիտի, թե ինքը երբ եւ որ ժամին որտեղ է լինելու, ինչ է անելու։ Նստեցման շրջանում ինչպես տեխնիկական միջոցների հրամանատարներն ու անձնակազմերը, այնպես էլ այլ ստորաբաժանումներ սպասում էին նոր հրամանների։
-Ես կրտսեր սերժանտ Գարիկ Ասոյանն եմ, ինձ հետ են շարքայիններ Բագրատ Բրոյանը, Արմեն Խարազյանը եւ Տիգրան Պետրոսյանը։ Մենք փոխգնդապետ Ա. Բուդաղովի հրամանատարությամբ գործող դիվիզիոնից ենք, սպասում ենք հետագա ցուցումների,- պարզաբանեց զինվորը։
Քիչ հեռվում նույն դիվիզիոնի ղեկավարման դասակի զինծառայողներն էին՝ ավագ լեյտենանտ Մ. Աբրահամյանը, շարքայիններ Արծրուն Ավետիսյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Ռուսլան Սարգսյանը։
Քիչ անց տարբեր դիվիզիոնների շարասյուները շարժվեցին առաջ։ Կենտրոնացման շրջանում դիրքավորվելու հրաման էր ստացվել։

ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ

Ընդարձակ դաշտում յուրաքանչյուր դիվիզիոն իր կենտրոնացման շրջանն ունի, եւ նստեցման շրջանից դիվիզիոնների շարասյուները շարժվում են տարբեր ուղղություններով։ Պատահական ընտրված ուղղությամբ առաջանալով՝ հայտնվում ենք Դ-20-ի հրետանավորների մոտ։ Դիվիզիոնի հրամանատար մայոր Ա. Մելիքբեկյանը գոհ է մինչ այս պահը անձնակազմի ցույց տված արդյունքից։ Զրուցում ենք հաշվարկներից մեկի զինվորների հետ։ Հաշվարկի հրամանատարը կրտսեր սերժանտ Հայկ Համբարձումյանն է։ Նա սկզբում զորակոչվել է ուսումնական զորամաս, հետո տեղափոխվել այստեղ։ Ծառայության ընթացքում մասնակցել է ճամբարային հավաքների, կրակել է հաշվարկային եւ ուսումնական արկերով։
Նշանառուն՝ շարքային Արմեն Կոստանյանը, նորակոչիկ է։ Ծնունդով Սեւանից է, սովորում է համալսարանում, դիվիզիոնի համարներն են շարքայիններ Հայկ Ասլանյանը եւ վարորդ Արմեն Խաչատրյանը։ Հայկն ասաց, որ ուսանող է, սովորում է հայկական պետական ճարտարագիտական համալսարանում։
Մայոր Ա. Մելիքբեկյանի հետ զրույցից պարզվեց, որ այժմ դիվիզիոնի լավագույն զինվոր է համարվում հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Բաբկեն Եկմալյանը։ Նրա հաշվարկն ամառային-աշնանային ուսումնական փուլի ընթացքում կազմակերպված ճամբարային հավաքի եւ մարտավարական զորավարժության ընթացքում բարձր արդյունք է ցույց տվել։
-Հաշվարկը նաեւ կարգապահությամբ է առանձնանում, ցանկացած հրաման եւ առաջադրանք կատարում է արագ եւ որակով։ Տղաները զինվորական գործին վերաբերվում են սրտացավորեն, շատ լավ զինվորներ են, եւ համոզված եմ, որ դրանում մեծ է կրտսեր սերժանտ Եկմալյանի վաստակը,- ասաց դիվիզիոնի հրամանատարը։
Քիչ անց մեզ մոտեցավ նաեւ հենց ինքը՝ Բաբկեն Եկմալյանը։
-Ծնվել եմ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, հետո ընտանիքով տեղափոխվել ենք մայրաքաղաք։ 2007թ. ավարտել եմ N195 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Մեկ տարի առաջ զորակոչվել եմ բանակ՝ հրետանային ուսումնական զորամաս, որտեղից էլ տեղափոխվել եմ այստեղ։ Հրետանին շատ կարեւոր զինատեսակ է, եւ ինձ համար հաճելի է գիտակցել, որ իմ հաշվարկներով կարողանում եմ օգտակար լինել մարտկոցին, դիվիզիոնին։ -Պարզվեց նաեւ, որ կրտսեր սերժանտը նշանավոր երգահան Մակար Եկմալյանի եղբոր թոռն է։ -Ցավոք, այժմ մեր տոհմում ոչ մեկը երաժշտությամբ չի զբաղվում, ես էլ առանձնապես մի ձայն չունեմ, բայց, չեմ թաքցնում, հաճելի է, որ մարդիկ, ազգանունս իմանալով, անմիջապես հարցնում են, թե ինչ կապ ունեմ Մակար Եկմալյանի հետ։

ԲԱՑԱԶԱՏՈՒՄ

Տագնապի ազդարարումից հետո փոխգնդապետ Ա. Ստեփանյանի ղեկավարությամբ զորամասում սկսվեցին անձնակազմի ընդունման կետի բացազատման աշխատանքները, որից հետո փոխգնդապետը զորամասի հրամանատարին զեկուցեց ընդունման կետի պատրաստ լինելու մասին։ Միաժամանակ նշված տեղում բացազատվեց հրամանատարական կետը, որտեղից բոլոր դիվիզիոնների հետ հաստատվեց գծային կապ։
***
Մայոր Թ. Թամրազյանը դիվիզիոնի հրամանատար է։ Դիվիզիոնի եւ երիտասարդ սպայի անունը միշտ նշվում է լավագույնների շարքում։ Հետեւելով ուսումնական կետում ծավալվող իրադարձություններին՝ տեսանք, թե ինչպես դիվիզիոնը կազմակերպված հասավ կենտրոնացման շրջան եւ դիրքավորվեց։ Երբ մոտեցանք «գրադի» տղաներին, հաճելիորեն զարմացանք, տեսնելով, որ հրամանատարական նոր մեքենան վարորդ-էլեկտրամեխանիկ շարքային Արարատ Անդրեասյանի ջանքերով ապահովվել է էլեկտրական հոսանքով, եւ հետախույզ-հեռաչափողներ, շարքայիններ Կարեն Ջանյանը եւ Հրաչյա Գրիգորյանը համակարգչային տեխնիկայով առաջադրանքներ են կատարում։
-Մեր գիտաշխատողների ստեղծածն է, ընտիր բան է,- ասաց մայոր Թամրազյանը։
Առիթ ունեցանք զրուցելու նաեւ կրտսեր սերժանտ Հովհաննես Թորոսյանի, նշանառու շարքային Գեղամ Գրիգորյանի, վարորդ շարքային Արմեն Առուստամյանի հետ, իսկ հաշվարկի համար շարքային Վարդան Ամիրյանը, որն ընդգրկված էր բեռնավորման խմբում, գտնվում էր խմբին հատկացված վայրում։
Զինվորների տրամադրությունը բարձր էր, քանի որ դժվարությունների չէին հանդիպել եւ այժմ էլ պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման։ Մարտկոցի լավագույն սերժանտ Հովհաննես Թորոսյանն ասաց, որ իրենց շատ լավ են դրսեւորել նաեւ նորակոչիկները։
-Մարտավարաշարային պարապմունքների հենց առաջին օրը երիտասարդ զինվորները անմիջապես հասկացան, թե ինչն ինչպես պետք է անեն լավ արդյունքի հասնելու համար, եւ մինչ այժմ բոլոր խնդիրները հաջողությամբ հաղթահարում են։
-Սովորում եմ Ռոմանոս Մելիքյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, վոկալիստ եմ,- ասաց կրտսեր սերժանտը։ -Ծառայության ընթացքում երգելու առիթներ շատ են լինում, առջեւում ազգային բանակի ստեղծման տասնիններորդ տարեդարձն է՝ եւս մեկ լավ առիթ։
***
Ներկա գտնվեցինք նաեւ մյուս դիվիզիոնների կենտրոնացման շրջաններում։ Պետք է նշել, որ թեեւ առատ ձյունը քիչ դժվարություններ չէր ստեղծել, բայցեւայնպես տեղաշարժի ընթացքում անհաղթահարելի խոչընդոտներ չեղան։ Իրենց բավական լավ էին դրսեւորել նաեւ առաջին անգամ նման միջոցառման մասնակցած երիտասարդ վարորդները։

«ՀԱՎԱՔ»

«Տագնապից» հետո զորամասի հրամանատար գնդապետ Ս. Հովհաննիսյանը տվեց «Հավաք» ազդանշանը եւ զորամասի վարչակազմին, ծառայությունների եւ ստորաբաժանումների հրամանատարներին հրավիրեց խորհրդակցության՝ վերլուծելու մարտավարաշարային պարապմունքների արդյունքները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Ազգային բանակ


21/01/2011