Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ



ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻմ սիրելի՛, իմ քա՛ջ զինվորներ, բանակի զորությունը սոսկ սահմանների պաշտպանության երաշխիք չէ, որովհետև բանակը մարդկային բարձր նկարագրի՝ քաջության, ազնվության, արժանապատվության, հայրենասիրության դարբնոց է ու պիտի փոխի հասարակության բարոյական նկարագիրը՝ շարունակաբար «արտահանելով» իր բարոյախոսությունն ու գաղափարները՝ հանձինս այն զինվորների, որոնք թրծվելով բանակի քուրայում, վերադառնում են հանրություն, դառնալով բանակի գաղափարախոսության կրողն ու տարածողը։ Բանակը պիտի արիացնի ամբողջ ժողովրդին: Եթե յուրաքանչյուր զինվոր բանակից տուն վերադառնա ավելի հայրենասեր, ազգասեր, առաքինի ու գաղափարապես հասուն, մենք կարող ենք հավատալ, որ մեր առաջընթացն ապահովված է, անընդհատ ու կայուն։

«Հայրենասիրության զգացումն աճում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության աճի հետ և թուլանում՝ բարքերի ապականության և նյութապաշտության հետ։ Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում են դրա պակասից»։ Սրանք Նժդեհի մտքերն են: Մտքի ուժը, ոգու ուժը և զենքի ուժը ուղղակիորեն շաղկապված են իրար։ Մենք պիտի ավելի ամուր ձուլվենք մեր արժեքներին՝ Ազգ, Հայրենիք, Հավատք… Ու կհաղթահարենք ամեն փորձություն: Ինչպես յուրաքանչյուր զգացմունք, այնպես էլ հայրենասիրությունը պետք է սնես, այլապես կնվազի ու կմարի։ Ես հիշում եմ, թե մեր ժողովուրդը ինչ խանդավառությամբ, երջանկության արցունքներով դիմավորեց Ազգային բանակի առաջին շքերթը։ Այս հոգեբանական վերելքն է մեզ այսօր պետք:

Անբացատրելի, անիմանալի է կապը մարդու և հայրենի հողի միջև։ Հայրենիքը ամեն ինչից ու ամենքից թանկ է: Իսկ մեզ Հայրենիք նվիրողը առաջին հերթին զինվորն է: Ուրեմն՝ շնորհավոր Նոր տարիդ, իմ թանկ, իմ պաշտելի զինվոր: Սուրբ Ծննդյան լույսը թող միշտ վառվի քո ճանապարհին, Տիրոջ աջը վրադ լինի: Ու հաղթանակը լինի քո մշտական ուղեկիցը:

 

ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

կոմպոզիտոր, երգահան

***

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՀիմա ավելի հաճախ եմ մտածում սահմանին կանգնած զինվորի մասին: Նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞վ ավելի օգտակար կլինեի Հայաստանին՝ վրձնո՞վ, թե՞ զենքով…

Բոլոր խոսակցությունները դառնում են անհեթեթ ու անկարեւոր, եթե սահմանը պաշտպանված չէ, եթե հողդ կամ անկախությունդ կորցնելու վտանգ կա: Ես հույս ունեմ՝ մենք այնքան կզարգացնենք մեր երկիրը, որ մոտ ապագայում 18 տարեկան տղաների փոխարեն սահմանի բոլոր հատվածներում կկանգնեն արհեստավարժ զինվորականները: Ես ակնածանքով խոնարհվում եմ մեր զինվոր տղաների առաջ: Վստահ եմ, որ նրանք սահմանից իջնելու են ավելի ուժեղ ու նպատակասլաց եւ շատ ավելի խորն են գիտակցելու ամուր հայրենիք ունենալու կարեւորությունը: Յուրաքանչյուր երկրի դերակատարումը աշխարհում պայմանավորված է իր մրցունակությամբ: Մենք պիտի հասկանանք, որ մեր հեռավոր նախնիների փառքը՝ ռազմական, մշակութային, չի կարող մշտական այցեքարտ դառնալ մեզ համար աշխարհի հետ շփվելիս, մենք պիտի հետ չմնանք նաեւ ժամանակի ռիթմից: Երկրներ կան, որոնք ոչ վաղ անցյալում բարձրացան բառացիորեն անապատի վրա, այսօր և՛ պաշտպանված են, և՛ բարձր մշակույթ ունեն: Ես այնքան էլ չեմ սիրում տաղանդավոր բառը, բայց մենք իրոք տաղանդավոր ազգ ենք եւ գոյապահպանության ուրիշ միջոց չունենք, բացի տաղանդից: Մեր երազանքները հակառակ համեմատական են մեր հնարավորություններին: 90-ականների Հայաստանում ցրտի ու խավարի մեջ ապրող մարդիկ մի կտոր հացի մասին չէին երազում, նրանց երազանքները անհավանական համարձակ էին առանց որեւէ երաշխիքի, առանց սահմանի… Երբ մարդիկ հասնում են ինչ-որ կայուն ու բարեկեցիկ հանգրվանի, շատ առարկայական երազանքներ են ունենում. նրանք գիտեն՝ մինչեւ ուր կարող է ձգվել իրենց թռիչքը: Ես ուզում եմ, որ Հայաստանում մարդիկ կառուցեն իրենց կյանքը, և նրանց երազանքները առաստաղ ունենան: Խաղաղ, անկորուստ, բարեկեցիկ ու իրատեսական երազանքներով լի տարի եմ մաղթում բոլորիս:

 

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑՅԱՆ

նկարիչ

Խորագիր՝ #01 (1466) 11.01.2023 - 17.01.2023, Բանակ և հասարակություն


12/01/2023