ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ
…Ինեսա Պողոսյանին շատերն են տեսել տարբեր զորամասերում ՝ զինվորական միջոցառումների, հերոսների մասին գրքերի շնորհանդեսների, ինչպես նաև ռազմահայրենասիրական միջոցառումների ժամանակ, ռադիոյով լսել նրա ասմունքը: Գեղեցկուհի գանգրահեր այս փոքրիկն ընդամենը վեց տարեկան է և իր երգով ու ասմունքով արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը: Ինեսային մարդիկ համացանցում առաջին անգամ տեսան, երբ նա երեք տարեկան էլ դեռ չկար ու ասմունքում էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նա շուտով հրավիրվեց և «Ռադիո ջան» հաղորդման եթերում մեկ ժամից ավելի ասմունքեց մեր մեծերի բանաստեղծությունները, որոնք անտարբեր չթողեցին ծրագրի ունկնդիրներին:
Հետո՝ շաբաթներ անց, պայթեց չարաբաստիկ պատերազմը, որին մեր հազարավոր հերոսների շարքում թշնամու դեմ մարտնչում էր նաև Ինեսայի հորեղբայրը՝ հրետանավոր Կոլյա Նիկողոսյանը:
-Ես հասկանում էի, որ մեր զինվորներին սպասում են իրենց մամաները, քույրերն ու եղբայրները: Ես արտասանեցի «Իմ զինվոր եղբայր» փոքրիկ ոտանավորը ու նվիրեցի իմ Կոլյա հորեղբորը և մեր բոլոր զինվորներին,- ասում է Ինեսան:
Ինեսայենց տան անկյունում Ազգային հերոսների ու նրա հորեղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Կոլյա Պարույրի Նիկողոսյանի լուսանկարներն են: Եվ Ինեսան մեծանում է մեր հերոսների անունները մեկ առ մեկ լսելով, նրանց մասին պատմությունները սովորելով: Նա դեռ դպրոց չէր գնում, երբ սովորեց բանաստեղծուհի Սաթի Գևորգյանի՝ մեր բոլոր անմահ քաջերին նվիրված «Թե այցելեք «Եռաբլուր» բանաստեղծությունը:
Թե այցելեք «Եռաբլուր»,
Խոսեք այնտեղ կամաց ու լուռ,
Որ չզարթնեն մեր Քաջերը,
Չխաթարվեն երազները…
-Այս բանաստեղծությունն արդեն շատերին է քաջ հայտնի: Ինեսայի ասմունքը համացանցում լայն տարածում գտավ, հասավ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչի վկայությունը բազմաթիվ մեկնաբանություններն են, զանգերն են, Ինեսային տեսնելու ցանկությունը: Երբեք չէի սպասի նման արձագանքների,- ասում է Ինեսայի մայրը՝ Լուսինե Հովհաննիսյանը:
-Ես այս բանաստեղծությունը արտասանում եմ մեր բոլոր հերոսների համար: Նրանք իմ սրտում են, ես բոլորի մեջ իմ Կոլյա հորեղբորն եմ տեսնում,- ասում է փոքրիկը:- Հենց մոտենում եմ ցայտաղբյուրներին, մեր հերոսների համար նայում եմ երկնքին, հետո եմ ջուր խմում… Ես միշտ պիտի մեր հերոսների մամաների կողքին լինեմ, իրենց համար արտասանեմ, երգեմ, ու բոլորը մեր հերոսների մասին պիտի իմանան:
Ինեսան նաև երգում է: Նրա ընտրած երգերը հայրենասիրական են՝ նվիրված հերոսներին:
Չորս տարեկանում նա Խաչիկ Արենցու «13 արծիվներ» երգով մասնակցել է «ԼԻ Սթար» վոկալ ստուդիայի կազմակերպած մրցույթին և հաղթել է, ինչի առթիվ ստուդիան իր մասնակցությամբ նկարահանել է տեսահոլովակ: Հաջորդը Ազգային հերոսին՝ լեգենդար Ավոյին նվիրված երգի տեսահոլովակի նկարահանումն էր, իսկ երրորդ տեսահոլովակում հանդես է եկել հայրիկներին նվիրված երգով:
-Ես երեք տարեկան էի, երբ յութուբով մայրիկիս օգնությամբ լսեցի Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Ասմունքում էր Խորեն Աբրահամյանը: Չգիտեմ՝ ինչ զգացի, ուզում էի ես էլ իր նման արտասանել… Հետո սովորեցի, արտասանեցի, մայրիկս նկարահանեց ու տեղադրեց յութուբում: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր գնահատեցին իմ ասմունքը,- ասում է Ինեսան:
Փոքրիկ Ինեսայի համար բազմաթիվ մրցանակների շարքում կարևոր տեղ ունի «Հզոր մայրեր» միության կողմից ստացած պատվոգիրն ու մեդալը, որը նրան շնորհել է միության նախագահ Գայանե Բաբայանը՝ անմահ հերոս Գոռ Բաբայանի մայրը:
Վերջերս էլ դարձյալ արժանացավ պատվոգրի, որը փոքրիկին շնորհեց «Գայանե» ռազմահայրենասիրական միության նախագահ Գայանե Փահլևանյանը…
Ինեսան այս տարի ոտք դրեց առաջին դասարան: Ինչպես պատմում է փոքրիկը, իր ուսուցչուհին՝ դասվար Անժելա Գրիգորյանն իրենց սովորեցնում է սիրել Հայրենիքը ու պահպանել մեր մշակույթը: Նրանք դեռ Հայոց այբուբենի տառերն են սովորում, բայց Ինեսան գիտի, որ իր ուսուցչուհու շնորհիվ ինքը շատ բան է իմանալու մեր երկրի պատմության մասին: Եվ հիմա նա իր դպրոցական դասագրքերի կողքին մեզ է ներկայացնում Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսների՝ Զորիկ Շահրամանյանի, Յուրի Սարգսյանի, Տիգրան Զաքարյանի մասին պատմող գրքերը, որոնք նվեր է ստացել հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ: Փոքրիկն այս գրքերը համարում է իր ստացած ամենաթանկ նվերները:
-Ես այս գրքերը կարդալու եմ, հենց սովորենք Հայոց այբուբենի բոլոր տառերը: Շարունակելու եմ մասնակցել հերոսներին նվիրված միջոցառումներին, իմ ասմունքն ու երգը միշտ նվիրելու եմ Հայաստանին, Արցախին ու բոլոր զինվորներին: Ուզում եմ խաղաղություն լինի, ու մեր բոլոր զինվորները տուն գան,- ասում է վեցամյա Ինեսան:
Թող այս հրաշք փոքրիկի խոսքն ուժ ստանա և խաղաղություն բերի Հայոց աշխարհին… Այս սերունդն է, որ ապրեցնելու է մեր հերոսներին: Եվ հերոսներն էլ սերունդներ են դաստիարակելու…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #01 (1466) 11.01.2023 - 17.01.2023, Բանակ և հասարակություն