ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՔ
Ապրելու եւ ցանկացած դժվարություն հաղթահարելու անկասելի վճռականություն, անմնացորդ նվիրվածություն Հայրենիքին եւ նորանոր հաղթանակներ կերտելու վստահություն. այսպիսին են պատերազմով անցած, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած, բայց երբեք ոգու ուժը չկորցրած այս տղաները: Նրանցից յուրաքանչյուրն այսօր ապրում է յուրահատուկ ու լիարյուն կյանքով՝ իր առջեւ մեծ խնդիրներ դնելով եւ քայլ առ քայլ դրանց հասնելով: Իսկ լավագույն օրինակը, կարելի է ասել՝ նրանց հրամանատարը, պատերազմի մասնակից, փորձառու զինվորական, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն է, որն անում է հնարավորն ու անհնարինը՝ նրանց օժանդակելու, սեփական օրինակով վարակելու համար:
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, որ գործում է Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ, 2021 թ. հիմնեց «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը»: Այդտեղ բուժվող տղաներից շատերն այսօր հենց վերականգնողական բուժում ստանալուն զուգահեռ էլ որոշում են, թե որ մարզաձեւով են ուզում զբաղվել: Նրանք այսօր ոչ միայն սպորտով են զբաղվում՝ ամրացնելով ֆիզիկական առողջությունը, այլեւ լուրջ հաղթանակներ են գրանցում հայաստանյան եւ միջազգային մրցումներում՝ ապացուցելով աշխարհին. Հայոց ոգին անկոտրում է, Հայկի որդիները՝ անպարտելի:
Օրերս կայացավ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին ներգրավված էին նաեւ զինհաշմանդամ տղաները: Պայքարն, ինչպես միշտ, անզիջում էր: Կարճատեւ դադարներին հաջողվեց զրուցել տղաների հետ, ավելին իմանալ նրանց անցած մարտական ուղու եւ սպորտային ու առօրեական հաջողությունների մասին:
Հայկ Ստեփանյանը պահեստազորի փոխգնդապետ է: 1999 թ. մինչեւ 2015 թ. ՀՀ զինված ուժերում է ծառայել, հետախույզ է եղել: Այնուհետեւ զորացրվել ու մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Երբ 2020 թ. սկսվեց 44-օրյա պատերազմը, հաշված ժամերի ընթացքում որոշում կայացրեց ու երեք ընկերների հետ վերադարձավ Հայաստան, իսկ սեպտեմբերի 28-ին արդեն Արցախում էր:
-Հայրենիքս է սա, ուրիշը չունեմ: Ինչպե՞ս չգայի,- ասում է փորձառու զինվորականը:- Հին ընկերներով 17 հոգանոց ջոկատ ստեղծեցինք: Սկզբում Մարտակերտում էինք կռվում, այնուհետեւ՝ մեկնեցինք Մատաղիս: Մատաղիսի ջրամբար թշնամու դիվերսիոն խմբեր էին ներթափանցել: Դրանք ցրելու գործողության հրաման ստացանք: Կարեւոր հանգուցային կետ էր. միայն այդ հատվածով ադրբեջանցիները կարող էին տեխնիկա տեղափոխել Մարտակերտ: Ստացվեց. մեր խնդիրը լիարժեք կատարել էինք, բայց չհասցրինք դուրս գալ տեղանքից եւ ռմբակոծության տակ հայտնվեցինք: Վիրավորվել եմ այդ օրը՝ հոկտեմբերի 24-ին. մեր տղաների մի մասին միայն հաջողվեց դուրս գալ, մյուսները զոհվեցին… Մարտադաշտից ինձ դուրս բերեցին անգիտակից վիճակում եւ Մարտակերտի հոսպիտալ տեղափոխեցին: Երբ գիտակցությունս վերադարձավ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում էի:
…Անչափ շնորհակալ եմ իմ վիրահատությունն իրականացրած «Էրեբունու» հիվանդանոցի միկրովիրաբույժ Նորիկ Չռիկյանին, որը իմ կյանքը բառացիորեն փրկեց:
Հայաստանի ու Եվրոպայի հաշմանդամային սպորտի մրցումների մրցանակակիր եմ: Անցյալ տարի Եվրոպայի հաշմանդամային բազկամարտի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրի: Սովորական մարդն ինչի՞ է ընդունակ, հաստատ դրանից է՛լ ավելին ենք անում տղաներով: Բացի 100 մ վազքից, ամեն ինչ անում ենք,- կատակում է Հայկը:- Անչափ շնորհակալ եմ Ստեփանյան Սարգսին եւ բոլոր մասնագետներին, որ մեզ օգնում են. սպորտային մարզիչներին՝ Գեւորգին, Վարդանին, Ալիկին եւ մյուս բոլորին: Նրանք անում են ամեն ինչ, որ դու քեզ լիարժեք մարդ զգաս: Դե, իսկ Սարգիս Ստեփանյանը ոչ միայն մեր, այլեւ մեր ամբողջ ազգի համար է օրինակելի: Ես չգիտեմ, որեւէ այլ ազգ ունի՞ նման հզոր անձնավորություն: Մեր կարեւոր ցանկությունն այն է, որ մեր ազգը կրկին իր մեջքն ուղղի: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ մարդը այսօր կարող է ամեն ինչ: Մենք ուզում ենք, որ մեր զինվորները, որ հենց այս պահին խրամատում են, տեսնեն, որ մենք կանք, որ մենք, ավելի քան երբեւէ, ամուր ենք ու ուժեղ: Այցելում ենք նրանց: Եղել է՝ գիշերել ենք դիրքերում:
Կարապետյան Կամոն էլ այսօր ամուր կանգնած է իր երկաթյա ոտքերին: Ստեփանակերտցի է Կամոն: Նա զինվորական չի եղել, քսան տարի շարունակ գյուղատնտեսությամբ է զբաղվել, իսկ երբ պայթել է պատերազմը, կամավոր մեկնել է ճակատ՝ իր հողն ու ջուրը, իր ընտանիքին պաշտպանելու: Երկու որդի ունի, մի դուստր, որը ծնվել է հայրիկի վիրավորվելուց հինգ օր անց: Վիրավորվել է Վարանդայի հատվածում՝ անօդաչուի հարվածից:
-Մեծ որդիս այս պահին ծառայում է, կրտսերս ուսանող է, շուտով՝ ձմեռային զորակոչին, նա էլ է ծառայության անցնելու: «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում» չեք լսի՝ «չեմ կարող», «չեմ ուզում» բառերը: Շատ արագ հրաժարվեցի սայլակից: Ես դեռ վերականգնողական բուժում եմ անցնում: Հիմա հենակներն էլ չենք սիրում. ավելի լավ է, երբ օգնող, վստահելի ձեռք կա. բռնում ու քայլում ես: Սկզբում մեզ համար ամեն ինչը խնդիր էր. աստիճան բարձրանալ, իջնել, խանութ գնալ, գալ եւ այլն: Հիմա կամաց-կամաց հաղթահարում ենք բոլոր խնդիրները:
-Ի՞նչն է Ձեզ այսօր ուժ տալիս, որ ոտքի կանգնեք, դժվարությունների առջեւ չընկրկեք:
-Հրա՜շքս,- գորովանքով իր դստրիկի մասին է խոսում Կամոն:- Իհարկե, մեր մեջ եւ՛ ոգու ուժ կա, եւ՛ կամք, բայց այսօր, անկեղծ ասած, անձամբ ինձ ամենամեծ ուժ տվողն ու ոգեւորողը հենց աղջիկս է: Նա ինձ է նայում, ես՝ իրեն: Աղջկաս խոսք եմ տվել, որ իր ձեռքից բռնած, քայլելով տանելու եմ մանկապարտեզ: Պիտի լիարժեք քայլեմ ու ամուր բռնեմ նրա ձեռքը:
Սասուն Դանիելյանը պայմանագրային զինծառայող է եղել: Ծնունդով Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղից է: Նա շատ բան չի պատմում իր զինվորական կյանքից, բայց տղաները կողքից հուշում են, որ չնայած համեստ, քչախոս տեսակին, Սասունը շատ լավ մարտիկ է եղել…
-Տասը տարի ծառայել եմ առաջնագծում: Հոկտեմբերի 20-ին լրացել է տասը տարին, իսկ հոկտեմբերի 28-ին վիրավորվել եմ «Եղնիկների» մոտակայքում: Դիրքում կանգնած էի դիրքապահ տղաներից մեկի հետ, երբ 120 մմ-անոց ականը պայթեց հենց մեր կողքին: Ընկերս տեղում զոհվեց, ես վիրավորվեցի…,- Սասունի երկու ոտքերն են անդամահատված՝ ծնկներից վար:- Համացանցի միջոցով միշտ հետեւում էի «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի» աշխատանքներին, տեսնում, թե ինչ արդյունքների են հասնում ու որոշեցի ինքս էլ գալ: Ինձ շատ բան տվեց կենտրոնը: Շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին. բոլորը իրենց կարեւոր ներդրումը ունեն իմ առողջացման գործում: Ավելի մեծ արդյունք, քան ձեռնափայտերս մի կողմ նետելը, չէի էլ պատկերացնի:
Սասունի ընտանիքը այս պահին Արցախում է, ու չնայած հարցիս՝ «Ինչպե՞ս ես», պատասխանում է առույգ՝ «Շատ լավ եմ»-ով, բայց աչքերում խորը թախիծ ու կարոտ կա. «Շրջափակման մեջ է ընտանիքս, ճանապարհը փակ է…»,- ասում է արցախցուն բնորոշ թեթեւ հնչերանգով, իսկ ձայնի մեջ վստահություն կա. այդ դժվարությունն էլ շուտով կհաղթահարեն:
Շահեն Բաբայանը Արցախի հարավային զորամասերից մեկում էր ծառայում, վարորդի պարտականություններն էր կատարում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Սեպտեմբերի 27-ի լուսաբացն ու դրան հաջորդած մարտական գործողությունները նա երբեք չի մոռանա: Իր բաժին պատերազմի 28 օրերին նա դարձավ մարտական ընկերների հերոսական բազմաթիվ դրվագների ականատեսը եւ ինքն էլ հետ չմնալով նրանցից, հաճախ անտեսելով վտանգը՝ շտապեց օգնության՝ զենք ու զինամթերք հասցնելով առաջնագծում մարտնչող զինակիցներին:
-Այդ օրը մեր զորքը քիչ հետ էր մնացել,- վերհիշում է երիտասարդը,- պետք է նրանց մեքենայով բերեի: Արդեն ճանապարհին էինք, շրջադարձ էի անելու, երբ ճիշտ մեքենայիս դիմաց արկը պայթեց…
Ամեն օր կյանքը վտանգող Շահենի եւ զինակիցների նկատմամբ ճակատագիրն այդ օրը բարեհաճ էր եղել: 28 օր շարունակ մարտական ակտիվ գործողությունների շրջանում երիտասարդի բախտը միշտ իր հետ է եղել: Թերեւս բախտը կրկին հետն էր, երբ հոկտեմբերի վերջին, հերթական առաջադրանքը կատարելիս, անօդաչուի հրթիռը պայթեց անմիջապես նրա կողքին, եւ նա հրաշքով ողջ մնաց…
…Հետագա ամիսներն ամենից ծանրն էին եղել երկու ոտքը կորցրած Շահենի համար: Սակայն, երբ նրան այցելության եկավ հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանը, նրա կյանքը հիմնովին փոխվեց: Շահենը խնդրել էր, որ այնպիսի պրոթեզներ տան իրեն, որոնք սովորական ոտքի նման լինեն:
-Սարգիսն ինձ մի բան ասաց, որ կհիշեմ ամբողջ կյանքում. «Դու չես գնացել, հարբած վիճակում վթարի ենթարկվել, որ հիմա ամաչես: Դու հպա՛րտ պիտի քայլես, քանի որ Հայրենիքդ պաշտպանելիս ես վիրավորվել»:
Այդ հանդիպումից հետո ընդամենը մեկ ամիս է սայլակին մնացել Շահենը, կանգնել է ոտքի ու մինչեւ օրս մարզվում է: Մեկ տարի անց արդեն Եվրոպայի առաջնությունում նա հաղթող ճանաչվեց՝ բազկամարտի մրցումներում զբաղեցնելով 1-ին տեղը: Ամիսներ առաջ էլ մասնակցել է հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով երրորդ պատվավոր տեղը: Մրցումներից վերադառնալով՝ որոշել է. կրկին լծվելու է մարզումներին եւ աշխարհի հաջորդ առաջնությանը առաջին հորիզոնականն է զբաղեցնելու։
Մեր հանդիպան օրը՝ Հայաստանի բաց առաջնությանը, նա կրկին հաղթանակ գրանցեց՝ այս անգամ ուժային եռամարտի «սեղմում հենարանից» վարժությունից:
-Առաջին անգամ էի մասնակցում ուժային եռամարտի մրցումներին եւ 1-ին տեղը զբաղեցրի: Գոհ եմ, իհարկե. բառերով չեմ կարող նկարագրել ուրախությունս: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է:
Սարգիս Հարությունյանը ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից է, Ակնաբերդ գյուղից: Ժամկետային էր, սերժանտ, դիրքի ավագ: Տարի ու կես էր ծառայել, երբ սկսվեց պատերազմը: Սարգսի ընտանիքում երեք զինվորական կա: Հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, ավագ եղբայրը՝ Ապրիլյան մարտական գործողությունների: Հորեղբայրը զոհվել է Ազատամարտի ժամանակ:
-Ես անհամբեր էի, շատ էի ուզում գնալ ծառայության: Օգոստոս ամսին է ծնունդս: 2018 թ. հուլիս ամսին դիմում գրեցի, որ ինձ շուտ տանեն ծառայության, եւս 6 ամիս չսպասեմ: Բայց պատասխանել էին. «Սպասի՛ր, քո ժամանակին կգնաս»:
…Մարտակերտի զորամասում էի ծառայում: Մի քանի օր է, ինչ իջել էինք դիրքերից, վաշտի հերթապահ էի: Գիտեինք, որ մի բան նախատեսվում է, «համար 1» էին տվել, բայց մտածում էինք՝ հերթական սադրանքն է… Երբ սկսեցին զորամասին խփել, ես արդեն տղաներին արթնացրել էի, հագնված էին: Սկսեցին անմիջապես զենքերը ստանալ: Որոշ ժամանակ անց արդեն առաջնագծում՝ դիրքերում էինք: Հոկտեմբերի 23-ին մեր ստորաբաժանումը տեղափոխեցին Մարտունու շրջան. սկզբում Գիշի, այնուհետեւ՝ Ճարտար: Մի քանի օր թեժ մարտերի մեջ էինք. զոհեր, վիրավորներ… Հոկտեմբերի 28-ի առավոտյան էլ արկի հարվածից ես վիրավորվեցի: Այդ օրը արկը հենց ինձ վրա ընկավ, մեր մյուս տղաներից ոչ մեկը չի վնասվել: Իմ ողջ մնալը, իրոք, ոչ թե բախտ եմ համարում, այլ հարյուրապատիկ բախտ: Մեր վիրավոր տղաներից շատերը չէին հասնում հիվանդանոց. մեր բոլոր վիրավորներով շտապօգնության մեքենաները ճանապարհին խփվում էին… Ինձ մի կերպ հրետակոծության տակ իջեցրել են սարից, շտապօգնության մեքենայով փորձել են տեղափոխել հիվանդանոց, բայց ճանապարհին մեքենան շուռ է եկել: Մեքենային, որ սպասում էինք, որ օգնության հասներ, փչացել էր. տեղ չհասավ: Վերջապես մոբի մեքենայով ինձ տեղափոխեցին Մարտունու հոսպիտալ:
Երկու ոտքերը ծնկից վերեւ կորցրած Սարգիսն ասում է.
-Փառք Աստծո, կրկնակի ամպուտացիայի կարիք չեղավ: Ստեփանյան Սարգիսն ինքը ինձ գտավ: Ես միշտ հետեւում էի նրանց համացանցով, տեսնում էի, ինչպես են այցելում վիրավոր զինվորներին, ու մի օր էլ անսպասելի մեր տուն եկավ: Զրուցեցինք, պատմեց իր պատմությունը, ու ես մտածեցի՝ «Ե՛ս էլ պիտի քայլեմ»: Սկզբում է դժվար, երբ նոր սկսում ես քայլելու փորձեր անել: Նախ՝ հենակներով, կապված, մեկի ձեռքը բռնած, հիմա արդեն ինքնուրույն քայլում եմ: Վերականգնողական բուժում, այնուհետեւ՝ սպորտային մարզումներ: Անկեղծ ասած՝ սկզբում չեմ էլ մտածել սպորտով զբաղվելու մասին:
-Իսկ ինչպե՞ս եղավ:
-Այդ ամենում Սարգիս Ստեփանյանն է «մեղավոր»,- ժպտում է երիտասարդը:- Եվրոպայի մրցումներում չեմպիոն դարձա: Վերջում թուրք մարզիկի հետ մրցեցի ու հաղթեցի: Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ դա հնարավոր է: Հայտնի թուրք մարզիկ Ֆերհաթ Չիքմազն էր: Տարիքով, 25 տարվա փորձառու մարզիկ, նախկինում Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, ինձնից շատ ավելի աթլետիկ կազմվածքով: Իսկ ես այն ժամանակ դեռ ութ ամիս է, որ պարապում էի: Դա ինձ համար աներեւակայելի նվաճում էր: Վերադարձանք, կրկին սկսեցինք պարապել արդեն աշխարհի մրցումներին մասնակցելու համար եւ մեկնեցինք Անթալիա: Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրի: 54 երկրների մարզիկներից մրցել եմ ղազախ, ուկրաինացի, ղըրղըզ, հնդիկ, գերմանացի մարզիկների հետ: Բայց իմ մրցակից մարզիկ թուրքը չկար, մինչդեռ ես ուզում էի նրան նորից հանդիպել:
Հայաստանի այսօրվա բաց առաջնությունից հետո կպատրաստվենք մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Դե, հաջորդ նպատակս, իհարկե, աշխարհի առաջնությունում առաջին տեղը զբաղեցնելն է:
Ումրոյան Տարոնը ծառայության էր անցել 2019 թ. ամռանը:
-Երբ պատերազմը սկսվեց, տարի ու երկու ամսվա ծառայող էի: Սեպտեմբերի 25-ին մեզ տագնապով բարձրացրին դիրքեր, ասացին, որ պատերազմ է սպասվում:
Կրտսեր սերժանտ Տարոն Ումրոյանը հակատանկային մարտկոցի հետախույզ-հեռաչափորդ էր: Դիրքերից մարտ են վարել, հետո ստիպված են եղել հոկտեմբերի 2-ին նահանջել: Դեպքը եղել է նահանջի ճանապարհին:
-Կա՛մ ինքնաթիռը հարվածեց, կա՛մ անօդաչու սարքը. կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ երկուսն էլ աշխատում էին միաժամանակ: Շատ արյուն էի կորցրել. գիտակցությունս տեղն էր, բայց հիշում եմ՝ հենց փորձում էի պառկած տեղից վեր կենալ, գիտակցությունս կորցնում էի: Մեր մարտկոցի հրամանատարը՝ Գաբրիելյան Արսենը, որն ինքն էլ դեռ սեպտեմբերի 27-ից կրծքավանդակի եւ ծնկի հատվածներում բեկորային վնասվածք էր ստացել, շտապեց ինձ օգնելու: Արցախցի է Արսենը, փորձառու զինվորական, Ապրիլյան մարտերի մասնակից: Նրա հետ նաեւ դասակի հրամանատար Բալասանյան Էդգարն եկավ օգնելու: Երկուսով փորձում էին գրկած ինձ տանել, բայց դժվար էր այդպես: Արսենը ասաց. «Ավելի հեշտ կլինի, եթե բարձրացնեմ քեզ, ուսիս դրած տանեմ»: Ասացի. «Չէ՛, մի՛ արա: Ուշագնաց եմ լինում բարձր դիրքում»: «Ավելի լավ, բան չես զգա, քեզ էդպես կտանեմ»: «Դե, լավ, դու գիտես»,- ասացի: Հենց ինձ բարձրացրեց ուսին, ուշաթափվեցի: Արթնացա դեմքիս տեղացող ապտակներից. Արսենն էր. «Զարթնի՛ր, բալա՛ս, զարթնի՛ր, բալա՛ս»:
Մինչեւ ծառայությունը մարզիկ է եղել Տարոնը, ձյուդոյով է զբաղվել: «Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստանալուց հետո շատ էր ուզում մարզվել:
-Ձյուդոյով էլ չէի կարող զբաղվել, բայց շատ էի ուզում մարզվել: Իմացա «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի» մասին: Հիմա ինչ մրցումներ ունենում ենք՝ թե՛ բազկամարտից, թե՛ եռամարտից, բոլորին մասնակցում եմ: 2021 թ. Սեւանում կայացած մրցումներում հրաձգությունից 1-ին տեղն եմ զբաղեցրել:
Մինչեւ պատերազմը մարզիչ-մանկավարժ է եղել Տարոնը: Սովորել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, այս տարի ավարտել է մագիստրատուրան: Երեք ամիս է, ինչ աշխատում է որպես ցանցային ծրագրավորող:
Ղազարյան Վահեն էլ կռվել է Վարանդայի տարածքում:
-Սեպտեմբերի 27-ին արկի պայթյունից արթնացա, տեսա դիմացի բլուրից բարձրացող ծուխը:
…Երբ վտանգ կա, խնդիր կա հաղթահարելու, անգամ այն մարդիկ, ովքեր առօրյայում իրար հետ չեն շփվում, համախմբվում են, բոլորը մի նպատակի համար պայքարելով՝ այնպիսի խնդիրներ են լուծում, որ խաղաղ պայմաններում անհնար կլիներ: Մենք մինչեւ վերջ այնքան համախմբված էինք, որ կես խոսքից իրար հասկանում էինք:
…Հոկտեմբերի 8-ն էր: Հերթական անգամ թաքստոցից դուրս էի եկել խնդիր կատարելու, երբ հրանոթի արկով հարվածեցին մեզ: Չորս հոգով էինք այդտեղ, չորսս էլ վիրավորվեցինք: Փառք Աստծո, բոլորս էլ հիմա արդեն լավ ենք: …Վիրավորումս ինձ սովորեցրեց, որ մարդը կյանքում ամեն ինչին կարող է հարմարվել: Չէի կարող երբեւէ պատկերացնել, թե ինչպես կարող ես կյանքդ շարունակել պրոթեզով: Բայց շատ արագ հասկացա, որ եթե ցանկություն ունես ապրելու ու լիաժեք ապրելու, կարող ես: Հիմա մարզվում եմ, որոշակի հաջողություններ ունեմ: Սպորտով դեռեւս միայն ցանկություն ունեմ լրջորեն զբաղվելու, իսկ աշխատում եմ ՏՏ ոլորտում: Բայց ֆիզիկական ակտիվությունը շատ կարեւոր է, այնպես որ՝ սպորտը նույնպես երկրորդական դերում չէ:
-Մեր զինվորներին ի՞նչ կուզես փոխանցել, մաղթել Նոր տարվան ընդառաջ:
-Լա՛վ սովորեք ձեր զինվորական մասնագիտությունը: Ուշադիր եղեք ձեր ֆիզիկական եւ մտավոր առողջության նկատմամբ: Ձեր կողքինին, ձեր ընկերներին վերաբերվեք որպես հարազատի, քանի որ բոլորդ նույն նպատակով, նույն բանի համար եք այդտեղ:
Գուրգեն Անտոնյանը մասնակցել է «Եղնիկների» պաշտպանական մարտերին: Հրետանային մարտկոցի նշանառուն է եղել: Այդ օրերին նրանց մարտկոցը լավագույններից մեկն է եղել: Վիրավորվել է հոկտեմբերի 13-ին ականանետի հարվածից, մարտական առաջադրանք կատարելիս: Այդ օրը վիրավորվել են երեք մարտական ընկերներով, բայց ամենալուրջ վնասվածքը Գուրգենն է ստացել:
-Սարգսի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում իմ մեջ վստահություն առաջացավ, որ ես պատրաստ եմ ու կարող եմ ամեն ինչ:
Անցյալ տարի Գուրգենը Հայաստանի չեմպիոն է դարձել բազկամարտում, իսկ Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ պատվավոր տեղը: Հայաստանի բաց առաջնության «Սեղմում հենարանից» մրցմանն էլ 1-ին տեղը զբաղեցրեց:
-Մեր ծառայող տղաներին նախատոնական այս օրերին ուզում եմ շնորհավորել, ցանկանալ խաղաղ երկինք: Պի՛նդ եղեք, ամուր եղեք, տղե՛րք ջան, ամեն ինչ էլ լավ է լինելու, վստա՛հ եղեք:
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, պատերազմի վետերան, ՀՀ եւ ԼՂՀ «Արիության» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը, որ ընդգրկված է նաեւ Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների «Դյուցազնագրքում», կոչումով զինվորական է, մեծ հայրենասեր ու իր ամբողջ հարուստ կենսագրությամբ իսկական հայկազուն ռազմիկ ու մարտիկ: Նրա նվիրումը զինհաշմանդամ տղաներին կրկին ոտքի կանգնեցնելու եւ լիարժեք կյանքի վերադարձնելու գործում անսահման է:
-Մեր «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայում» եւ դրան կից՝ «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում» ջերմ ընտանեկան մթնոլորտ է տիրում: Այստեղ կա մեծ նվիրում, եղբայրական սեր, ընկերություն. մենք մի ուրիշ հզոր կապով ենք կապված միմյանց,- ասում է Սարգիսը: -Հաշմանդամային սպորտով զբաղվելը ապրելակերպ է, առավոտից երեկո պլանավորված կյանք: Մեր տղաների մի մասին այցելել եմ, երբ դեռ պրոթեզներ չունեին, տանն էին: Իմ օրինակով եմ ցույց տվել ու վստահեցրել. «Լավ՛ է լինելու, որովհետեւ դու ուզում ես, որ լավ լինի»: Մարդկանց աչքերի մեջ նայելով՝ տեսնում ես, որ նա ուզում է ոտքի ելնել, որ լավատեսությամբ է լցված:
Հաշմանդամություն ունեցող մարզիկները ապրում են սպորտով, բավականություն են ստանում այդ կյանքից, մրցաշարերում հաղթող են ճանաչվում: Հաղթանակի բերկրանքը, զգացողությունը նրանց կյանքը լիարժեք է դարձնում: Այնքան մարդիկ կան, որ, ասենք, դժբախտ պատահարից են հաշմանդամություն ձեռք բերել: Այս առումով մեր զինհաշմանդամ տղաները արդեն իսկ հաղթանակած են: Նրանք հաղթել են մարտի դաշտում, ամեն օր հաղթահարում են իրենց առօրյա դժվարությունները, նաեւ հաղթում են սպորտում: Իսկ դա կյանքի ամենամեծ իմաստավորումն է նրանց համար: Մեր աշխատանքների հիմքում «Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն» է, որը բոլոր ծախսերը հոգացել է, եւ մենք այսօր ունենք լավ վերականգնողական կենտրոն, ուր տղաները եկել են սայլակների վրա, բայց բոլորը ոտքի են կանգնել: Ասեմ, որ այս նոր սերնդի պրոթեզների գումարը հենց այդ հիմնադրամն է հատկացրել:
-Ինչի՞ մասին եք ավելի հաճախ զրուցում տղաների հետ:
-Մեր զրույցների ամենակարեւոր թեման, իհարկե, մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներն են: Մենք մեր բոլոր քայլերով պետք է կարողանանք օգտակար լինել Հայրենիքին: Այժմ մենք մեր պահվածքով, մեր ապրելակերպով, մեր տեսակով ենք օրինակ ծառայում մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանց մեջ սերը, հարգանքն ու հոգատարությունը մեր Հայրենիքի հանդեպ է՛լ ավելի ամրացնենք:
Տարվա մեջ մենք մի քանի տեղային մրցույթներ ենք անցկացնում. ուսումնամարզական հավաքներ, Հայաստանի առաջնություններ եւ այլն: Փառք Աստծո, այս տարի մենք Ռումինիայում անցկացված Եվրոպայի բազկամարտի առաջնությունում եւ Անթալիայում անցկացված աշխարհի առաջնությունում շատ լավ արդյունքներ արձանագրեցինք եւ 15-ից ավելի ոսկե մեդալ բերեցինք, թիվը կորցնում եմ արդեն, էլ չեմ խոսում արծաթե ու բրոնզե մեդալների մասին: Եվ այս ամենը մեր ամենօրյա աշխատանքների, ջանքերի շնորհիվ է: Ամենակարեւորը՝ հենց այսօրվա մրցումների օրինակը բերեմ. ընդհանուր 48 մարզիկ մասնակցեցին, որոնցից 27-ը զինհաշմանդամներ են, տարբեր պատերազմների վետերաններ: Սա ինձ համար շատ կարեւոր փաստ է: Մեր զինվորականները հաշմանդամություն են ձեռք բերել գիտակցաբար, իրենց Հայրենիքը պաշտպանելիս: Եվ հիմա նրանք զբաղվում են արհեստավարժ սպորտով, որպեսզի խաղաղ պայմաններում շարունակեն իրենց մարտը՝ միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելով մեր երկիրը եւ աշխարհին ցույց տալով հայի ամուր տեսակը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
եւ տղաների անձնական արխիվներից
Խորագիր՝ #01 (1466) 11.01.2023 - 17.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում