Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր  զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:

Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին  վեց ամիսը լրանալուց հետո  կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։

Ծառայության  ժամկետը հինգ  տարի է, այդ ընթացքում  ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի  համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի,  իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար: Եթե պայմանագիր  կնքած ժամկետայինը  ծրագրով նախատեսված ծառայությունից հրաժարվում է, ապա պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվում զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում, և վերջինս ուղարկվում է շարունակելու պարտադիր զինվորական ծառայությունը։

 

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները և եթե տեղյակ են, ապա ինչ տեսակետ,  կարծիք, նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԿարծում եմ՝ յուրաքանչյուր որոշում, քայլ, որ միտված է մեր պետականության  առավել ամրապնդմանն ու զինված ուժերի հզորացմանը, շատ դրական և ողջունելի է:

Զինված ուժերի զինվորը և սպան պետք է սոցիալապես հնարավորինս ապահովված լինեն, որպեսզի ծառայության ընթացքում իրենց միտքը և ուժը  կենտրոնացած, սեւեռված   լինի  ծառայության լիարժեք կատարմանը:

Ստեղծելով բարենպաստ, գրավիչ պայմաններ, կունենանք զինծառայողների մեծ հոսք ու, բնականաբար, ընտրության լայն հնարավորություն նաեւ առավել որակյալ կադրերով  բանակը համալրելու։ Հզոր հայրենիք ունենալու միակ ուղին ու հրամայականը արհեստավարժ բանակի ստեղծումն է, ինչին էլ միտված է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

 

ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ

նկարիչ

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաստ է, որ այժմ, երբ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կրել 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, երկրի անվտանգային համակարգի վերակազմակերպման հիմնական պատասխանատուն ոչ թե այն դաշինքներն են, որոնց անդամակցում է Հայաստանը, այլ հենց մեր պետությունը, առաջին հերթին՝ նրա զինված ուժերը, որոնք երկրի պաշտպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար միանշանակ ուժեղացման կարիք ունեն: Նախ՝ պետք է համալրել բանակն անհրաժեշտ քանակի զինծառայողներով, որոնք կկարողանան դիմակայել արտաքին մարտահրավերներին, բարձրացնել զինվորների պատրաստվածության աստիճանը՝ հրաժարվելով փափկակենցաղությանը բնորոշ հանրային պահանջների կատարումից: Դրա համար անհրաժեշտ է, որ զինվորները ոչ թե պարզապես մի կերպ անցկացնեն ծառայության որոշակի ժամանակաշրջանը, այլ շահագրգռված լինեն՝ համապատասխանելու պահանջվող չափորոշիչներին:

ՀՀ բանակում ներդրվող «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ է և միանշանակ նպատակ ունի բարձրացնելու զինվորական ծառայության նշանակությունն ու գրավչությունը, նախադրյալներ է ստեղծում դրա համար: 18-ամյա զինծառայողը «ժամանակ սպանելու» փոխարեն 6 ամիս ծառայելու դեպքում կարող է որոշում կայացնել՝ 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող և օգտվել սահմանված բոլոր արտոնություններից: Խոսելով ծրագրի սոցիալական կողմի մասին՝ պետք է շեշտել, որ այն նախատեսում է առանց հարկերի շուրջ 316 հազար դրամ աշխատավարձ, իսկ մարտական հերթապահության դեպքում՝ մինչև 380 հազար դրամ: Հնգամյա ժամկետի ավարտից հետո զինծառայողին կտրվի 5 մլն դրամ պատվովճար:

Տեսակետը, որ պայմանագրային զինծառայությունն այն հիմքն է, որի վրա կարելի է արհեստավարժ բանակ կառուցել, միանգամայն ճիշտ է, սակայն դա իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե բանակն ընկալվի ոչ միայն սոսկ աշխատատեղ: Այդ իսկ պատճառով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում պետք է ընդգրկել ոչ թե բոլոր ցանկացողներին՝ դրա իրականացման իմիտացիա ստեղծելու համար, այլ նրանց, ովքեր պատրաստ են ծանր աշխատանք կատարել ուժեղ զինվոր դառնալու համար:

Ծրագիրն արդյունավետ կգործի միայն որակի ապահովման դեպքում, ընդ որում, նրա ազդեցությունը կմեծանա ժամանակին զուգընթաց, աստիճանաբար:

Պետք է ոգևորել ինքնուրույն որոշումների կայացման ունակությունը: Պայմանագրային զինծառայողը պետք է դառնա այն անհատը, որը, պայմանավորված ստեղծված իրավիճակով, կարողանա ստանձնել հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը:

Միևնույն ժամանակ, տարբեր ուղղություններում կադրային խնդիրները լուծելու համար հարկ է ծրագրի շրջանակներում այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք պայմանագրային զինծառայողին հնարավորություն կտան շարունակելու ծառայությունը նաև հնգամյա ժամկետից հետո: Խոսքը վերաբերում է ոչ միայն աշխատավարձին, այլև հանրության մեջ նրա տեղին ու դերին:

Միաժամանակ, հարկ է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսել այնպիսի ռազմական կրթություն, որը որակյալ սերժանտական կազմի ստեղծման հիմք կդառնա: Հետագա պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն անհնար է պատկերացնել առանց ուժեղ կադրերի առկայության, իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կարող է լուծել նաև այդ խնդիրը:

Ես կարծում եմ, որ ծրագիրը միանշանակ դրական է, բայց առայժմ լիարժեք չէ: Այն հետագա մշակման և զարգացման կարիք ունի՝ ներառելով այն բոլոր աշխատանքները, որոնք պահանջվում են պրոֆեսիոնալ զինվորական անձնակազմի ձևավորման համար:

 

ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

խմբագիր

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին  տեղեկացել եմ համացանցից: Այս բարեփոխումը  նպատակ ունի  զինծառայությունն առավել  գրավիչ դարձնել: Իմ կարծիքով՝ շատ լավ ծրագիր է, որով կայուն աշխատանքի խնդիր կլուծվի:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հրաշալի հնարավորություն է ընձեռում նաեւ այն երիտասարդներին, ովքեր նպատակադրված են ծառայությունից հետո շարունակելու կրթությունը: Ծրագրի ավարտին  ստանալիք հինգ միլիոնը կարող են ուսման վարձ  վճարել, կրթվել, զարգանալ և զարգացնել մեր երկրի որևէ ոլորտ՝ արվեստից մինչև գիտություն:

 

ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ռեժիսոր, սցենարիստ

 

Պատրաստեց՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #01 (1466) 11.01.2023 - 17.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


12/01/2023