Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ



ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾՑՈՐ

Բնության եզակի անկյուն է Ցորը՝ հարուստ անտառներով, սառնորակ աղբյուրներով։ Բնության իսկական պարգև։

Դառն ճակատագիր է բաժին հասել Ցոր գյուղին։ 1991 թ. Հադրութի շրջանի հարավային գյուղերից մի քանիսի հետ հայաթափվում է նաև Ցորը։ Սակայն նույն թվականի նոյեմբերի 15-ին գյուղն ազատագրվում է, և դեկտեմբերին բնակիչները վերադառնում են։ 1992 թ. մայիսի 28-ին ադրբեջանական զորքերը զրահատեխնիկայով ու մեծաքանակ հետևակով կրկին բռնազավթում են գյուղը, սպանում 18 խաղաղ բնակչի, հրդեհում ու ավերում տներն ու շինությունները, նաև մոտակա անտառները։ 1993 թ. օգոստոսի 15-ին Արցախի ՊԲ ստորաբաժանումները վերստին ազատագրում են Ցորը, և 1994 թ. գյուղի ժողովուրդը կրկին վերադառնում է։ Գալիս է, որ ծաղկեցնի ավերված ու թալանված գյուղը, որ նորից մտնի եկեղեցի ու մոմ վառի ավերված գավիթում, որ հայի շինարար ոգին նորից թևածի գյուղում։

Ցավոք, 2020 թ. 44-օրյա պատերազմում Ցորը կրկին հայտնվեց ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ (1895 թ. տպագրված գիրքն այսօր էլ աղբյուրագիտական անգնահատելի նշանակություն ունի), ի թիվս Արցախի մյուս գյուղերի, նշանավոր տեղեկություններ է հայտնում նաև Ցոր գյուղի մասին։ «Հիմնուած է մի խոր ձորում, որ գտնուում է Վէլիջանի բերդի հարաւային ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ և խիստ նուազ արդիւնաբեր, զի աւազուտ և խեժուտ է հողն, բայց պատուական է խաղողն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90-95 տ.»։

Ցոր գյուղը հիշատակվում է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 7822 ձեռագրում։ Հեղինակը՝ Գտիչ վանքի վանահայր Տեր Առաքել վարդապետը, իր «Արցախի պատմութիւն» աշխատության մեջ յուրօրինակ բացատրություն է տալիս Ցոր տեղանվանը։ Նա ասում է, որ տեղացիները բազմիցս տեղից տեղ են ցրվել, և այդ է պատճառը, որ տեղանունն ստացել է Ցրվան անվանումը, որը բերանից բերան աղավաղվելով՝ դարձել է Ցոր։

Ավանդության համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը հիմնել է Ամարասում, իսկ երկրորդը՝ Ցորում։

Ցոր գյուղը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով։ Ի թիվս խաչքար-հուշակոթողների, ջրաղացների, կամուրջների, տապանաքարերի ու դամբարանների, առավել նշանավոր են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Լուսավորիչ եկեղեցիները, Ցորաբերդ ամրոցը։

 

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Ցոր գյուղից 2-2,5 կմ հարավ-արևմուտք, բլրի վրա, Ցորաբերդի ստորոտում կանգուն է Սուրբ Լուսավորիչ եկեղեցին, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է Անապատ անունով։ Ուղղանկյուն հատակագծով փոքրիկ եկեղեցի է՝ կառուցված մոխրագույն անմշակ ու անտաշ գետաքարից։ Ծածկը եղել է գլանաձև թաղի տեսքով։ Միակ մուտքը բացվում է հարավից, երեք փոքր լուսամուտները՝ արևելքից, արևմուտքից ու հարավից։ Միայն մուտքն է կառուցված սրբատաշ խոշոր քարերով, եզրերն ու առաջեկ կամարը շարված են իրար հաջորդող սև ու դեղնավուն քարերով։ Եկեղեցու շուրջը բազմաթիվ տապանաքարեր են՝ բարձրաքանդակ սրբապատկերներով։ Տապանաքարերից շատերն ունեն XVI-XVII դդ. հայերեն արձանագրություններ։ Սուրբ Լուսավորիչ եկեղեցուց հյուսիս-արևելք կա մի  ստորգետնյա քարակերտ դամբարան՝ 4 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ։ Դամբարանի ներսում կա շիրմաքար առանց որևէ արձանագրության։ Ինչպես հայտնում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը. «Գերեզմանը մեծ ուխտատեղի է»։ Ուստի, ենթադրվում է, որ այնտեղ հանգչում է մի որևէ նշանավոր ազգային գործիչ կամ բարձրաշխարհիկ հոգևորական։

 

ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾՑորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Եկեղեցու մասին հակիրճ նկարագրություն տալիս է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը. «…Եկեղեցին Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն և գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած, երկարութիւն 22 մ, լայնութիւն 12 մ 35 սանթ., դռան ճակատակալ քարի վերայ արտաքուստ «Յիշատակ է Ն. թվ.», քահանայ մի…» (1895)։

Եկեղեցին եռանավ բազիլիկ է, չորս մույթերով, կիսաշրջան ավագ խորանով և կից ավանդատներով։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարով, ունի փոքր պատուհաններ։ Հիմք ընդունելով եկեղեցու հորինվածքային, ճարտարապետական լուծումները՝ այն թվագրվում է 18-19-րդ դարերով։ Եկեղեցու միակ զարդարանքը բեմատակի հարուստ քանդակազարդ գոտին է, որտեղ վերից վար կարդացվում է Գիրիքոր անունը։

 

ՑՈՐԱԲԵՐԴ

Ցոր գյուղի թիկունքին, բարձր ժայռոտ լեռան գագաթին է գտնվում Ցորաբերդ ամրոցը, որը հիշատակվում է նաև այլ անունով՝ Վելիջան իշխանի բերդ, սակայն պատմական տեղեկություններն այս անվան մասին խիստ սահմանափակ են։ Գեղատեսիլ լեռն իր բնական անառիկ դիրքով համապատասխանում էր ժամանակի ռազմական պահանջներին։ Բերդն ունեցել է երկու դարպաս։ Անմշակ քարերով ու կրաշաղախով շարված պարիսպների հաստությունը մոտ 2 մ է։ Բերդի տարածքի պեղումներից հայտնաբերվել են կավե խողովակներ, կարասներ, բրոնզե նետասլաքներ ու դաշույններ։ Ցորաբերդի հիմնական շինություններից մնացել են պարիսպների ավերակները և ջրավազանների հողածածկ փոսերը։ Այն Դիզակ գավառի հնագույն ամրոցներից է։ Ցորաբերդ ամրոցն իր բարձր դիրքի շնորհիվ իշխում էր շրջակա ամբողջ տարածքին՝ բարձր ժայռոտ գագաթներին, ձորերին ու կիրճերին։ Խոշոր կիսամշակ հորիզոնական շարվածքը ենթադրում է, որ բերդը կառուցվել է մ. թ. 1-ին դարում։ Վաղ միջնադարյան աղբյուրներում Ցորաբերդը հիշատակվում է նաև որպես բերդաքաղաք։ Մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը բերդից պահպանվել էին առանձին շինությունների ավերակները։ Պատերազմից հետո որևէ տեղեկություն կամ տեսանյութ Ցոր գյուղի ու նրա նշանավոր հուշարձանների մասին չկա։

Չնայած միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, պատշաճ չի դատապարտել Ադրբեջանի իրականացրած ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար, այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում են դրանց պահպանության խիստ անհրաժեշտությունը։ Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում, և այն պետք է պահպանվի, հանրահռչակվի և փոխանցվի սերունդներին։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Հոգևոր-մշակութային


20/01/2023