ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԹՈՌԸ, ԴԻՐՔԱՊԱՀԻ ՈՐԴԻՆ
Տավուշի մարզի Կոթի սահմանամերձ գյուղում Էրիկ Ջանվելյանի պապական տնից այսօր երեկոյան երաժշտության ձայնը կտարածվի գյուղով մեկ: Էրիկի բանակի քեֆն է:
-Եթե զինծառայությունը կամավոր լիներ, բանակ կգնայի՞ր,- հարցնում եմ Էրիկին, հետո ավելացնում,- բայց անկեղծ պատասխանիր:
-Շա՞տ անկեղծ,- հարցիս հարցով է պատասխանում տղան ու նայում հանելուկային ժպիտով: Ես լարվում եմ: Դիրքապահի տղա է: Նրա հայրը՝ Ալիկ Ջանվելյանը, տարիներ առաջ մահացավ դիրքում՝ Հայրենիքը պաշտպանելիս, երբ Էրիկն ընդամենը 8 տարեկան էր: Հինգ մանկահասակ երեխաները զրկվեցին հորից: Սա ինձ Էրիկի համագյուղացիներն են պատմել: Ու ես վստահ էի, որ դիրքապահի տղան պիտի դրական պատասխան տա հարցիս:
-Սիրած աղջիկ ունեմ: Որ իմ կամքով լիներ, գոնե մեկ տարով կհետաձգեի ծառայությունս:
-Մեկ տարո՞վ,- ես հանգիստ շունչ եմ քաշում,- երևի սիրած աղջիկդ է այդպես ուզում:
Էրիկը բացասաբար շարժում է գլուխը:
-Ընդհակառակը: Նա չծառայելը մեծ անպատվություն է համարում տղամարդու համար: Երբեք չի խոսում կարոտի ու այլ դժվարութունների մասին:
-Լավ աղջիկ է,- ասում եմ: Էրիկը ժպտում է գոհունակ: Հետո ասում է,- սահմանամերձ գյուղերում ծառայությունը սրբազան գործ է: Չեմ հավատում՝ մեր գյուղում գտնեք թեկուզ մեկին, որը կասի՝ ծառայելու կարիք չկա: Սահման պահելը մեզ համար ծնողին ու երեխային պահելու պես սովորական է: Մենք կրակոցների տակ ենք մեծացել: Մենք մանկության տարիներին փամփուշտներով ենք խաղացել, որ գտնում էինք տնամերձ այգիներում: Ծնված օրից իմացել ենք, որ հիմա ուրիշն է մեզ պաշտպանում սահմանին, երբ մեծանանք, մենք ենք նրանց փոխարինելու:
Էրիկի մորական պապը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հորեղբայրը նույնպես երկար տարիներ դիրքապահ է եղել: Համագյուղացիների հետ զրուցելիս իմացա նաև, որ Ջանվելյանները ծագումով արցախցի են, Արցախից Կոթի են տեղափոխվել 19-րդ դարի կեսերին:
-Երբևէ դիրքում եղե՞լ ես, շփվե՞լ ես հորդ զինվորական ընկերների հետ,- չգիտես ինչու՝ այս հարցն է անցնում մտքովս:
Էրիկը ժպտում է, կկոցած աչքերով ինչ-որ բան է փորձում հիշել:
-Երբեք չեմ մոռանա այն զգացողությունները ու տպավորությունները, երբ առաջին անգամ դիրք բարձրացա հորս հետ: 7 տարեկան էի: Գիտեի՝ քայլ առ քայլ մոտենում ենք թշնամուն, որն անընդհատ կրակում է մեր գյուղի վրա, ու որի կրակոցից մարդիկ են զոհվել: Վախենում էի, բայց աշխատում էի ցույց չտալ: Դիրքապահներից շատերին ճանաչում էի. հորս հետ եկել էին մեր տուն, բայց դիրքում նրանք մի տեսակ ավելի բարձրահասակ ու խոշոր էին թվում: …Հետո նրանք թողեցին, որ ձեռք տամ զենքին, ավելի ճիշտ, ձեռքերիս մեջ առնեմ ավտոմատը: Դա անբացատրելի զգացողություն էր: Հայրս ասաց, որ այս ավտոմատը մեկի ձեռքում մահ է սփռում, մյուսի ձեռքում պաշտպանում է կյանքը: Այս խոսքերը չեմ մոռանա:
Երբ փոքր էի, սիրում էի զինվորական համազգեստ կրել: Իմ մտապատկերում ես քաջ տղա էի, որը սահմանին պատշպանում է իր գյուղը ու թույլ չի տալիս, որ ադրբեջանցիները անցնեն սահմանը, վնասեն ծերերին ու փոքրերին: Բայց երբեք մտքովս չի անցել հատել սահմանը, մտնել ուրիշի հողը, հարձակվել ադրբեջանցիների վրա, վնաս տալ նրանց իրենց հողում: Որովհետև մեզ այդպես են դաստիարակել: Ասել են՝ կյանքի գնով պաշտպանիր քոնը, բայց չեն ասել՝ խլիր ուրիշինը: Մեզ խաղաղասիրություն ու գթասրտություն են սովորեցրել անգամ պատերազմի ժամանակ: Զեմֆիրա տատիս բոլոր քարոզները ազնվության, ուրիշի ցավով ապրելու, ուրիշին օգնելու ու բարության մասին էին: Նա իր կարդացած գրքերը փոխանցում էր ինձ, իսկ գրքերից երբեք չարություն ու բռնություն չես սովորի:
Ես ուզում եմ փոխել զրույցի թեման՝ երեկոյան սպասող քեֆ-ուրախությանը վայել:
– Ընկերներով կուրախանաք երեկոյան:
– Շատ ընկերներ չունեմ: Բայց իմ երեք ընկերները շատ թանկ են ինձ համար: Երեկոյան զինվորական համազգեստով եմ լինելու: Ես շատ եմ սիրում զինվորական գործը, զինվորական համազգեստը: Երբ փոքր էի, հորս համազգեստն էի հագնում: Այսօր, իմ բանակի քեֆին, հորեղբորս համազգեստն եմ հագնելու: Ուզում էի զինվորական բժիշկ դառնալ: Հետո որոշեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել, բայց ոչ մի կերպ չկարողացա համոզել մորս: Ես ընտանիքի ավագն եմ, երկու եղբայր մի քույր ունեմ ինձնից փոքր, նրանց խնամել է պետք: Պետք է օգնել, որ նրանք իրականացնեն իրենց երազանքները: Ու ես զիջեցի:
-Ի՞նչ սպասելիք ունես ապագայից, ո՞նց ես կառուցելու կյանքդ:
-Ուզում եմ լավ կրթություն ստանալ, լավ մասնագետ դառնալ, աշխատել: Բայց այս ամենից առաջ յուրաքանչյուր հայ տղամարդ մի կարևոր պարտք ունի՝ խաղաղություն ու անվտանգություն բերել իր երկրին:
-Անփորձանք ծառայես ու բարով վերադառնաս բանակից,- ասում եմ Էրիկ Ջանվելյանին՝ Արցախյան առաջին պատերազմի մարտիկ Գուրգեն Պապիկյանի թոռանը, դիրքապահ Ալիկ Ջանվելյանի որդուն, որը մի քանի օր հետո կզինվորագրվի Հայրենիքին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում