Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



 

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԶորակոչ է…

Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային զինկոմիսարիատի բակը վաղ առավոտից մարդաշատ է՝ բանակ են ճանապարհում Հայրենիքի ապագա պաշտպաններին։

Փոքրիկ Մարիամն ամուր-ամուր գրկել է զինվոր եղբորը՝ Հայկին, խոստանում է շատ նամակներ գրել նրան։ Հայկի մայրն էլ հուզմունք, հպարտություն խառնած՝ արդեն կարոտած հայացքով է նայում որդուն:

-Իհարկե, կա ներքին անհանգստություն, տագնապ, բայց գլուխներս բարձր ու հպարտությամբ ենք մեր որդիներին ճանապարհում բանակ: Մեր տան, օջախի սյուները հիմա Հայրենիքի սյուներն են, նրա ամուր հենարանը:

Քիչ անց ավտոբուսները շարժվում են դեպի կենտրոնական հավաքակայան։ Տաք, ջերմ, օրհնանքների խոսքեր են լսվում չորս կողմից:

♦♦♦

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԿենտրոնական հավաքակայանում ամեն ինչ ըստ կարգի, հստակ ընթանում է՝ դիմավորող-ընդունող կետում մուտքագրում են զորակոչիկի տվյալները, եւս մեկ անգամ բուժզննում, ապա տղաները ներկայանում են մանդատային հանձնաժողովին: Այստեղ էլ տարբեր հարցերի միջոցով ստուգվում են յուրաքանչյուրի գիտելիքները, ունակությունները, համապատասխան տարբերանշաններով դասակարգում ըստ զինվորական մասնագիտության, որից հետո էլ պետք է մասնակցեն վիճակահանության:

Մինչ վիճակահանության մեկնարկը ԶՈՒ ԲՀԱ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սպանդար Մուրադյանը զորակոչիկներին մանրամասն ներկայացնում է ՀՀ Կառավարության որոշմամբ վերջերս ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առանձնահատկությունները, կիրառման կարգը։ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։ Ըստ նախատեսվող կարգի՝ ժամկետային պարտադիր զինծառայողը հինգ տարի պայմանագրային զինվորական ծառայության, իր զեկուցագրի համաձայն, կարող է նշանակվել ինչպես իր բնակավայրին մոտ զորամասում, այնպես էլ իր ցանկությամբ նշանակվել այլ զորամասում կամ շարունակել ծառայությունը տվյալ (նախորոշված) զորամասում։ Ժամկետային պարտադիր զինծառայողին հաշվարկվելու եւ վճարվելու է զբաղեցրած հաստիքին համապատասխան բավարարում, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայության հինգ տարի ժամկետը լրանալիս, ՀՀ Կառավարության որոշմամբ, տրամադրվելու է նաեւ հինգ միլիոն դրամ պարգեւավճար։ Ծրագրի շահառուն օգտվելու է պայմանագրային զինվորական ծառայողին հասանելիք բոլոր սոցիալական երաշխիքներից ՝ ամենամյա արձակուրդ՝ 30 օր ժամկետով, օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն՝ մեկ դրույքաչափ, ընտանիքի անդամների անվճար բժշկական օգնություն, արձակուրդի վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսի փոխհատուցում, բնակվարձի փոխհատուցում եւ այլն:

-Ծրագիրը դեռ նոր է, նորակոչիկներից շատերն առայժմ լիարժեք պատկերացում չունեն, հնարավորինս մատչելի բացատրում ենք, ներկայացնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելությունները՝ կայուն աշխատանք, բարձր աշխատավարձ, ծառայությունից հետո հինգ միլիոն դրամ պարգեւավճար, որ կարող են տնօրինել սեփական հայեցողությամբ,- նշում է փոխգնդապետ Մուրադյանը:

Փոխգնդապետը պատասխանում է զորակոչիկներին հետաքրքրող հարցերին: Տարաբնույթ հարցեր են հնչում: Տղաներից շատերին գրավել է բնակավայրին մոտ ծառայելու հեռանկարը, բուհերում սովորողներն էլ ցանկանում են տեղեկանալ՝ արդյոք ծրագրի շրջանակներում կարող են ուսումն ու ծառայությունը համատեղել:

-Վստահ եմ, որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը օրըստօրե կաճի: Անցնելով ծառայության եւ զգալով ակնհայտ առավելությունները՝ ժամկետային զինվորներից շատերը կնախընտրեն ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով,- ընդգծում է փոխգնդապետ Մուրադյանը:- Ուշագրավ է, որ երբ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ներկայացվել է զորամասերում, նոր ներդրված ծրագրով ծառայելու ցանկություն են հայտնել անգամ տարի, տարիուկես ծառայած ժամկետայինները։

♦♦♦

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՎիճակահանության սենյակում զորակոչիկները ապակե թմբուկների միջից հանում են ապագա ծառայավայրի համարը:

Հետաքրքրվում եմ՝ ով որտեղ է ծառայելու, եւ արդյոք ծառայավայրը սրտներով է:

-Էական չէ՝ որտեղ ենք ծառայելու, կարեւորը՝ մեր Հայրենիքն ենք պաշտպանելու, մեր ծնողներին, մեր սրբությունները,- պատասխանում են տղաներն ու լրացնում,- շատերիս մանկությունն անցել է կրակի տարափի տակ, էնպես որ, մեծ հաշվով, զինվոր ենք ծնված օրվանից….

Երիտասարդներից շատերի ավագ եղբայրները, հայրերը, ընկերները պատերազմների թոհուբոհով են անցել:

-Եղբայրս՝ Դավիթը, 44-օրյա պատերազմի մասնակից է, Մատաղիսում է կռվել, ոտքից վիրավորվել,- ասում է կապանցի Արտյոմ Մելիքսեթյանը:

Արճիսցի Արեն Անդրեասյանն ու Սեւակ Ներսիսյանը համադասարանցիներ են: 2022 թ. սեպտեմբերյան  ագրեսիայի ժամանակ  զոհվել է նրանց ընկերը՝ Տիգրանը:

-Տիգրանը շատ էր ուզում պարանոցին ինքնաձիգի դաջվածք անել, չհասցրեց,- պատմում է Արենը,- ես իմ պարանոցին դաջեցի նրա երազանքը… Հայրենիքը պահում են կյանքով ու զենքով…

Ոսկեվանցի Ստեփան Ղազինյանն ու Միհրան Սարգսյանն էլ լրացնում են՝ մեր պատմության որ էջն էլ թերթեք՝ անընդհատ կռիվ է, պատերազմ…

-Իմ հայրը ե՛ւ ապրիլյան մարտական գործողությունների, ե՛ւ 44-օրյա պատերազմի մասնակից է,- զրույցին միանում է սյունեցի Դավիթ Առուստամյանը,- եղբայրս էլ այս պահին ծառայում է բանակում, մեկ ամսից կզորացրվի:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Հիմա մեր հերթն է Հայրենիքի զինվորը լինելու,- իրար լրացնելով ասում են այրումցի Վարդանը, Սերգեյը, Էդմոնը, Սերյոժան: Բանակ ենք գնում մեր երկիրը, մեր հողնուջուրը ամուր ու անառիկ պահելու վճռականությամբ,- վստահեցնում են տղաները:

Կիրանցի Գարուշ Ղազարյանն էլ Ռուսաստանից է վերադարձել.

-Յոթ տարեկան էի, երբ մեր ընտանիքը Ռուսաստան տեղափոխվեց, հիմա եկել եմ Հայրենիքիս պարտքը տամ: Ռուսաստանում էլ եմ ծառայել. եթե մի երկիր քեզ, քո ընտանիքին օթեւան է տվել, հնարավորություններ տվել կայանալու, իմ հասկացողությամբ՝ պարտք ես նաեւ այդ երկրի հանդեպ: Հիմա էլ ծննդավայր-հայրենիքիս եմ ծառայելու ու եկել եմ ոչ թե պարտադրանքով, այլ նաեւ սրտի թելադրանքով…

Տարբեր մարզերից են տղերքը, տարբեր գյուղերից ու քաղաքներից, տարբեր կրթության, տարբեր խառնվածքով ու մտածելակերպով, բայց ընդհանուր է նպատակն ու առաքելությունը. գնում են բանակ՝ գրելու հայրենյաց պաշտպանի սեփական կենսագրությունը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1467) 18.01.2023 - 24.01.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/01/2023