Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Արեւմուտքը  Ռուսաստանի դեմ ոչ թե հիբրիդային, այլ գրեթե իրական պատերազմ է մղում, որին նրանք վաղուց էին պատրաստվում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, սակայն որքան երկար է Արեւմուտքը ձգձգում դրանք, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. «Չարժե մեծ կարեւորություն տալ ՆԱՏՕ-ի կողմից Կիեւին ծանր սպառազինությունների մատակարարմանը, դրանք սկզբունքորեն ոչինչ չեն փոխի, այլ միայն խնդիրներ կավելացնեն Ուկրաինայի համար»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն բազմաբեւեռ աշխարհի հզոր, ինքնուրույն  բեւեռ դառնալու հնարավորություններ ունի անկախ պետությունների համար։ Նա շեշտել է, որ միության առաջնահերթություններից մեկը պետք է դառնա տեխնոլոգիական ներուժի զարգացումը:

Ռուս-հնդկական Indo-Russian Rifles Private Limited ձեռնարկությունն սկսել է AK-203 ինքնաձիգներ արտադրել Հնդկաստանի զինված ուժերի համար:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հույս է հայտնել՝ հարգանքի արժանի համարելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի դիրքորոշումը: Վրաստանի կառավարող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դրական է արձագանքել այդ նորությանը եւ նշել, որ Թբիլիսին կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը, քանի որ դա կթեթեւացնի  իրենց քաղաքացիների վիճակը։ Միեւնույն ժամանակ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը՝  կոչ անելով կառավարությանը խստացնել երկրում ռուսաստանցիների գտնվելու պայմանները:

Եվրամիությունն ի վիճակի է ռուսական գազի ծավալները փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը անցյալ տարվա ութ ամսում կրճատել է Եվրամիություն գազի մատակարարումների 80%-ը։ Տարածաշրջանի երկրները, նրա խոսքով, կարողացել են փոխարինել ռուսական երկնագույն վառելիքի ծավալները՝ առանց հոսանքազրկման դիմելու։

Մոսկվայում շենքերի տանիքներին տեղադրվել են զենիթահրթիռային համալիրներ, ենթադրաբար ուկրաինական անօդաչուների հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։

Ռուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, համարժեք որոշում է կայացրել նաեւ Էստոնիան:

2022 թ. Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 2,4 միլիարդ դոլարը, ինչը 52 %-ով ավելի է, քան 2021 թ.։

 

Իրան

Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձեւի, որով կոչ է արվում ԻՀՊԿ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ ահաբեկչական գործունեության, ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների եւ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունը համարել է «կրակոց սեփական ոտքին»:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնի գնահատմամբ, Եվրամիությունը չի կարող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում. դրա համար անհրաժեշտ է ԵՄ երկրներից առնվազն մեկի դատարանի վճիռը, որ նրանք ահաբեկիչներ են եւ ահաբեկչություն են կատարել ԵՄ երկրներից մեկում:

Իրանի խորհրդարանը հնարավոր է ուղղումներ մտցնի գործող օրենսդրության մեջ՝ Եվրամիության երկրների բանակները ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելուն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայումս բանակցությունների սեղանին չէ։ Նրա գնահատմամբ, իրանցիները ամիսներ առաջ մերժեցին համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը, ինչին հավանության էին տվել ներգրավված բոլոր կողմերը՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը:

Բլինքենը նաեւ խոստովանել է՝ ԱՄՆ-ի համար սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը, ինչի հետեւանքը Իրանի զգալի առաջընթացն է իր միջուկային ծրագրի իրականացման գործում:

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։

Իրանը չի ճանաչում Ղրիմի, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների միացումը Ռուսաստանին, թեեւ Թեհրանն ու Մոսկվան հիանալի հարաբերություններ ունեն, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանը եւ Պակիստանը ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություն են անցկացրել:

 

Թուրքիա

Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը հայտնել է, որ Ստամբուլում փետրվարին տեղի է ունենալու ռուս-ուկրաինական հակամարտության հարցով գագաթնաժողով:

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ. մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արեւմտյան ԶԼՄ-ները գալիք ընտրություններն անվանում են Էրդողանի համար ամենամեծ փորձությունը վերջին 20 տարում։ Վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը փետրվարին կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը՝ ընտրություններում Էրդողանի 20-ամյա իշխանությունը վիճարկելու նպատակով:

Էրդողանը հայտարարել է, թե Շվեդիան չպետք է աջակցություն սպասի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը հաստատելու հարցում՝ Ստոկհոլմում հակաիսլամական ակտիվիստների եւ քրդամետ խմբերի բողոքի ցույցերից հետո, երբ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել են Ղուրանը:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել դաշինքից հեռացնել Թուրքիային եւ աջակցել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններին։ Նա  Անկարային մեղադրել է իրեն դաշնակցի պես չպահելու մեջ։

Քուվեյթը թուրքական արտադրության Bayraktar TB2 մարտական անօդաչուների գնման համաձայնագիր է ստորագրել՝ 370 միլիոն դոլար արժողությամբ։ Քուվեյթը գործարքի շրջանակում կստանա 18 միավոր Bayraktar TB2 անօդաչու եւ համապատասխան զինամթերք։

Թուրքիան ստանձնում Է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ծովային բաղադրիչի հրամանատարությունը, որն ամեն տարի փոխվում է դաշինքի անդամ մի քանի երկրների միջեւ։ 2022 թվականի սկզբից այդ գործառույթը կատարել է Մեծ Բրիտանիան, 2024 թվականի փետրվարին հրամանատարությունը կանցնի Իտալիային։ ՆԱՏՕ-ի ծովային ուժերի կառավարման համար կօգտագործվի Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարական TURMARFOR կենտրոնը, որը բացվել է 2020 թվականին եւ հնարավորություն ունի համակարգելու տարբեր երկրների ծովային ուժերը:

 

Ադրբեջան

Եվրոպացի պատգամավոր Մարինա Կալջուրանդը դիմել է ադրբեջանցի պաշտոնյաներին. «Դուք ավելի ցածր չէիք կարող ընկնել…»

Եվրախորհրդարանն Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին բանաձեւ է ընդունել, որում ընդգծվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Կոչ է արվում միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն իրականացնել Լաչինի միջանցքում՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

Բաքվում տեղի են ունեցել ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցություններ՝ ցամաքային եւ ծովային սահմանների անվտանգության հարցերով։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Տարածաշրջան


27/01/2023