Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՀԵՐՈՍԻ



ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՀԵՐՈՍԻՀունվարի 19-ին, մեր մարտական ընկերոջ՝ Մանվել Խաչատրյանի (մականունը Ճուտ) ծննդյան օրը, այցելեցինք «Եռաբլուր»։ Հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք նրա և բոլոր Անմահ հերոսների հոգիների համար։ Արցախյան բոլոր պատերազմներով անցած Մանվելը կդառնար 48 տարեկան, իր աջակցությունը կբերեր հայոց բանակին, մեր երկրին, սակայն անցած տարվա սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս մարտիրոսվեց։ Թշնամու ԱԹՍ-ի հարվածից նահատակվեցին նաև «Վարդանանք»-ի 7 մարտիկներ՝ նրանց թվում՝ հրամանատարը, եղան ծանր վիրավորներ։ Այժմ «Եռաբլուրում» են հանգչում նաև Մանվելի ջոկատի 5 մարտիկները։ Մանվելը ծնվել է Երևանում 1975 թվականին, Միքայել Խաչատրյանի և Ռուզաննա Սողոմոնյանի ընտանիքում, ավագ զավակն էր, ունի երկու քույր՝ Գայանեն ու Նարգիզը։ 1989 թ. ավարտել է Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգի ութամյակը։ 14 տարեկան հասակում արդեն Արցախի ազատագրման համար կազմակերպվող ջոկատների կազմում էր։ Բազում մարտական գործողությունների մասնակցեց հերոսը, տուն եկավ։ 1996-ի հոկտեմբերից ծառայության է անցել N զորամասի հետախուզական վաշտում։ 1999 թ. դեկտեմբերի 11-ին ամուսնացել է Զարուհի Հարությունյանի հետ։ Ունեն երկու երեխա՝ Ռուզաննան և Միքայելը։ Մանվելն իր ամբողջ կյանքի ընթացքում մնաց հայրենիքի զինվոր, նաև ղեկավարելով հասարակական կազմակերպություններ։ 2005-2012 թթ. ղեկավարել է «ՀԱԲ» ՀԿ Էրեբունու տարածքային բաժանմունքը՝ համատեղությամբ գլխավորել նույն ՀԿ-ի ռազմահայրենասիրական բաժինը՝ բազում միջոցառումներ կազմակերպելով հատկապես դպրոցականների համար։ 2012-ին հիմնադրել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկներ-միավորում» հասարակական կազմակերպությունը։ Որոշ ժամանակ ընտանիքով բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն 2016 թ. ապրիլի առաջին օրերին արդեն հայրենիքում էր, առաջնագծում՝ Թալիշում։ Տուն եկավ՝ հայոց հազարավոր քաջերի հետ պաշտպանած Արցախ աշխարհի սահմանները։ 44-օրյա պատերազմի առաջին օրից դարձյալ մարտադաշտում էր։ Մասնակցել է շատ մարտերի, ջոկատով ընկել շրջափակման մեջ, փորձառության ու հերոսության շնորհիվ դուրս եկել։ Փորձառու ազատամարտիկը հասկանում էր՝ պատերազմը շարունակվելու է, ու իր ջոկատը մշտապես մարտունակ էր պահում։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազում պարգևների, նաև՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

…Լուռ ու անխոս կանգնած ենք Մանվելի շիրմի մոտ, որը զարդարված է ծաղիկներով, ծննդյան տորթով, 48 թիվ-խորհրդանիշով։ Կինը՝ Զարուհին, կտրում է տորթը, որի վրա գրված է հայ զինվորի եռախոսքը՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ…»։ Ծանր է հոր կորուստը դստեր՝ Ռուզաննայի համար: Խոսելով հոր մասին՝ ասում է. «Մարդ, ով իր կյանքի 33 տարիները նվիրեց Արցախի և Հայաստանի պաշտպանությանը… Ապրեց արժանապատիվ և իր կյանքը նվիրեց Հայրենիքին։ Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես չեմ պատկերացրել հորս առանց Հայրենիք, իսկ Հայրենիքը՝ առանց հորս… Բայց, դե, հասկացիր, մեզ դու երկրային էիր պետք, որովհետև երկնայիններին գրկել չի լինում…»։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Ճակատագրեր


27/01/2023