ՄԵԾՆ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ
Ժողովրդական դերասան ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ հունվարի 23-ին կդառնար 100 տարեկան:
– Արեւմուտքի բարձրաճաշակ եւ քմահաճ հանդիսատեսը Ձեզ անվանել է խոսող Չապլին, ծիծաղի արքա, իսկ ո՞վ եք Դուք իրական կյանքում:
– Կյանքում աշխարհի ամենատխուր մարդն եմ: Ես ոչ մի կապ չունեմ այն կերպարների հետ, որոնք կերտում եմ բեմում՝ եռանդուն, կենսախինդ, ծիծաղաշարժ: Ես դրանց հակապատկերն եմ: Վարագույրն իջնում է, ես դուրս եմ գալիս կերպարից, դառնում մռայլ, մտածող:
– Դուք չե՞ք կարողանում սովորել Ձեր կերպարներից: Ասում են` կյանքը նույնպես բեմ է, ուր խաղում են բոլորը:
– Թերեւս` ոչ բոլորը: Իմ կերպարները ավելի շատ խանգարում են ինձ կյանքում, քան օգնում: Բեմից դուրս ես կորցնում եմ խաղալու ունակությունս: Երբ Ամերիկայում պետք է վիրահատեին սիրտս, ինձ խորհուրդ տվեցին ձեւացնել՝ իբր սրտի նոպա է սկսվել, որպեսզի հիվանդանոց հասնեմ շտապ օգնության մեքենայով ու վիրահատվեմ անվճար: Ես գերադասեցի զրկվել 30 հազար դոլարից եւ վիրահատվեցի վճարովի հիվանդանոցում: Որովհետև այդ պահին նոպա չկար, ու ես չկարողացա բեմադրել այն: Ի դեպ, ես չեմ սիրում խաղալ բառը: Ես ապրում եմ իմ դերերը, հուզվում եմ, ուրախանում, վշտանում:
– Ասում են` Դուք շատ եք սիրում Չապլինին:
– Ես ծնվել եմ Ախալցխայում, կախեթցի հայերի ընտանիքում, որը ոչ մի առնչություն չուներ արվեստի հետ, եւ իմ հակումը դեպի թատրոնը բնատուր էր, դերասանական ունակություններս` նույնպես: Ես Չապլինին պաշտում էի մանկուց, Չապլինն իմ կուռքն էր: Նույնիսկ բեղեր էի պահում նրա նման:
– Առաջին անգամ ե՞րբ ծնվեց դերասան դառնալու միտքը:
– Ուրիշ միտք չի եղել: Երբ ասում եմ մանկություն, հիշում եմ այն ներկայացումները, որոնք խաղացել եմ ընկերներիս հետ դպրոցական տարիներին: Այն ժամանակ իմ պայուսակի մեջ դասագրքերի փոխարեն թատրոնի մասին գրքեր էին: Մեր թատերական խումբն անվանել էինք «Արվեստի պատանի մշակներ»: Բորիսենկո անունով մի դերասան ինձ ներգրավել էր նաեւ զինվորական գնդի թատերական խմբի ներկայացումներում: Ես սիրում էի խաղալ զինվորականների հետ, նրանք բոլորովին էլ խիստ չէին, ինչպես թվում էր արտաքուստ: Կարելի է ասել, ես մեծացել եմ զինվորականների շրջապատում:
– Իսկ պատահե՞լ է, որ զինվորականի դեր խաղաք:
– Արդեն պրոֆեսիոնալ բեմում հուսարի դեր եմ խաղացել: Դա մի գունեղ կերպար էր հայտնի վոդեւիլից:
– Ո՞րն է եղել Ձեր ամենահաջողված կերպարը:
– Ես բարեբախտություն եմ ունեցել պրոֆեսիոնալ թատրոնում աշխատելու առաջին օրվանից խաղալ միայն գլխավոր դերեր: Իսկ թե որքանով էին դրանք հաջողված, ես չէ, որ պիտի գնահատեմ:
– Համազգային սիրո ու հռչակի հասած դերասանի համար հե՞շտ է աշխատել ռեժիսորների հետ:
– Ես պրոբլեմներ չեմ ստեղծում ռեժիսորների համար, ընդհակառակը, օգնում եմ նրանց: Կյանքում էլ ես հավակնոտ չեմ:
– Դերասանները սիրում են կրկնել, թե թատրոնը տոն է իրենց համար: Նրանք վայելում են բեմը: Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը:
– Տո՞ն… Ես չեմ հասկանում այն դերասաններին, որոնք հաճույք են ստանում բեմի վրա լինելուց: Դա տանջանք է, դժվարին քննություն, որին նախորդում են տառապալի ապրումներ: Ես բեմը լքում եմ հոգնած ու ուժասպառ:
– Իսկ հանդիսատեսի ծափե՞րը…
– Թերեւս միակ բարեբախտությունը: Քեզ վարձատրված ես զգում, գոհանում ես, որ իզուր չէր ողջ տքնանքդ: Բեմում դերասանը հաճույք է պատճառում հանդիսատեսին սեփական տանջանքի գնով: Այնուամենայնիվ, այդպես է իմ պարագայում:
– Ձեր խառնվածքում կա՞ մի գիծ, որը խանգարում է կյանքում:
– Անհամեստ չթվա` համեստությունս: Բայց իմ առաքինություններից հենց այդ գիծն է, որ բարձր եմ գնահատում:
– Իսկ կա՞ մի բան, որով, չնայած Ձեր համեստությանը, այնուամենայնիվ, պարծենում եք:
– «Ա՜խ, ներվեր, ներվեր»-ում կա մի տեսարան: Ես աստիճանաբար «քնում եմ», դահլիճը աստիճանաբար սսկվում է: Գալիս է մի պահ, երբ քար լռություն է 1500 հոգանոց սրահում, լսվում է անգամ ճանճի տզզոցը: Հանդիսատեսը վախենում է «արթնացնել» ինձ: Ես մտքիս մեջ պարծենում եմ այդ դրվագով: Այսօր ցանկացա անկեղծանալ ձեզ հետ ու ինձ թույլ տվեցի արտահայտվել բարձրաձայն:
– Պարոն Խաչվանքյան, նույնիսկ ամենատխուր մարդիկ երջանկության պահեր են ունենում:
– Սիրտս վիրահատել են երկու անգամ: Երբ մտովի հրաժեշտ ես տալիս կյանքին, բայց վիրահատությունից հետո բացում ես աչքերդ ու տեսնում Աստծո լույսը, իսկապես, երջանիկ ես զգում քեզ: Ես չունեմ չիրականացած երազանքներ: Թերեւս, մեկի փոխարեն կուզենայի շատ զավակներ ունենալ: Նաեւ մի թոռնիկ ունեմ, որին պաշտում եմ:
– Ինչո՞վ եք զբաղվում թատրոնից զատ, ի՞նչ նախասիրություն ունեք:
– Դաշնամուր եմ նվագում, ես ոչ մի նոտա չգիտեմ, նվագում եմ լսողությամբ: Երբ երիտասարդ էի, տարված էի ջազով: Տարօրինակ է, բայց ծերության հետ կորցրի հետաքրքրությունս ջազի հանդեպ: Ես շատ եմ շրջագայել, տեսել եմ բազմաթիվ երկրներ: Ինձ խորթ են արեւմուտքի բարքերը: Մենք կարիք չունենք կուրորեն ընդօրինակելու Եվրոպայի կենսակերպը, մեր ազգային ավանդույթները շատ ավելի կենսունակ են ու բարոյական: Մենք պետք է փրկենք մեր մշակույթը օտար ազդեցություններից:
– Այսօր շատ են խոսում, որ մեր ժողովուրդը կորցրել է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ, դարձել է նյութապաշտ: Ավելի քան կես դար Դուք բեմում եք, փոխվե՞լ է հայ հանդիսատեսը՝ ձեր կարծիքով:
– Հանդիսատեսը միշտ էլ նույնն է: Չկա վատ հանդիսատես, կա վատ դերասան: Եթե ժողովուրդը չի ձգտում դեպի թատրոն, մեղավորը դերասանն է: Լավ ներկայացման ժամանակ դահլիճը երբեք դատարկ չի մնա: Մեր կառավարությունը այսուհետեւ ֆինանսավորելու է միայն Ազգային օպերան եւ Մայր թատրոնը: Կարծում եմ` միանգամայն ճիշտ որոշում է. հնարավորություն է տրվում ազատ մրցակցության, ստեղծվում է խթան, որպեսզի թատերական կոլեկտիվները մտահոգվեն իրենց ներկայացումների որակով:
– Պարոն Խաչվանքյան, Դուք ռուսական կրթություն ունեք: Կարծում եմ` բազմաթիվ հրավերներ եք ունեցել աշխատելու Ռուսաստանում կամ արտերկրում, ավելի մեծ լսարանի համար, սակայն Ձեր ամբողջ կյանքը նվիրել եք հայ բեմին:
– Իմ մեջ, մանավանդ Վրաստանում ապրած տարիներին, շատ ուժեղ էր հայրենիքի զգացողությունը: Այո՛, առիթներ եղել են գնալու, սակայն միշտ ինչ-որ բան հետ է պահել ինձ:
– Այդ ինչ-որ բանը, հարկավ, հայրենասիրությունն է:
– Ես ճոռոմ խոսքեր չեմ սիրում, բայց երևի հայրենասիրությունն է:
– Այսօր այնքան շատ են խոսում հայրենասիրության մասին, որ բառը կորցրել է իր գույները: Դուք ո՞ւմ եք համարում հայրենասեր:
– Հայրենասերը նա է, ով ճանաչում, գնահատում ու պահպանում է իր ազգային արժեքները եւ անում է հնարավորը, որ հայրենիքը դառնա ավելի ամուր, բարեկեցիկ ու արդար: Ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր թաքցնում են իրենց զավակներին կամ ուղարկում արտերկիր, որպեսզի ազատեն նրանց զինվոր դառնալու պարտքից ու պատվից: Ես չեմ կարող հասկանալ այն պաշտոնյաներին, ովքեր չարաշահելով իրենց դիրքը` տաքուկ տեղեր են խցկում իրենց զավակներին, հետո խիղճը հանգիստ ճառում են պետության անունից ու հայրենասիրությունից: Նախկինում ծնողները մտածում էին, որ իրենց զավակները կգնան բանակ, կդաստիարակվեն, մարդ կդառնան՝ ավելի պինդ, խելահաս ու հասկացող: Այսօր, ցավոք, մեր նորակազմ բանակը դեռեւս չունի այդ բարոյական ուժն ու հեղինակությունը: Սակայն ինչպիսի պրոբլեմներ էլ լինեն բանակում, ես դատապարտում եմ դասալքությունը: Դավաճանությունը մարդկային արատներից վատթարագույնն է, հայրենիքի դավաճանությունը` առավել եւս:
– Պարոն Խաչվանքյան, ինչպես ժողովրդին, այնպես էլ զինվորներին այսօր շատ է հարկավոր ծիծաղ, բարձր տրամադրություն: Հուսով եմ, որ մենք կրկին հնարավորություն կունենանք տեսնելու Ձեզ բեմում, հիանալու Ձեր անզուգական դերակատարումներով:
– Հայրենական պատերազմի տարիներին թատերական խմբերը ներկայացումներ էին կազմակերպում հենց ճակատում` գնդակների տարափի տակ, բարձրացնում էին զինվորների տրամադրությունը, հավատ էին ներշնչում հաղթանակի հանդեպ: Այսօր, փառք Աստծո, պատերազմ չկա, սակայն չպետք է կտրվի մշակութային կոլեկտիվների ու բանակի կապը: Ես ցանկանում եմ իմ հանդիսատեսի շարքերում տեսնել նաեւ զինվորների: Նրանք անպայման բարձր տրամադրությամբ կհեռանան թատրոնից: Իհարկե, արվեստագետը չի կարող հայրենասիրության քարոզ կարդալ կամ անձնվեր ծառայելու հրաման տալ զինվորներին, սակայն նրա կերտած կերպարները կանեն ավելին, քան ցանկացած քարոզ ու հրաման, կդառնան օրինակ, կազդեն երիտասարդների մտածելակերպի, աշխարհընկալման վրա, կստիպեն վերանայել շեղված չափանիշները: Արվեստը ազնվացնում է մարդուն, մաքրում հոգին չարությունից, ցածր հակումներից, դարձնում զգայուն, կարեկից: Բանակը, լինելով ուժային կառույց, իր ներսում ձեւավորված կոշտ փոխհարաբերությունները պիտի մեղմի գթասրտությամբ, բարությամբ, հոգատարությամբ:
Ուզում եմ օգտվել առիթից ու բարեմաղթանքներս հղել հայոց բանակի զինվորներին ու սպայակազմին: Ցանկանում եմ, որ նրանք լինեն առողջ, զգոն ու կարգապահ: Պատվով կատարեն իրենց բացառիկ կարեւոր գործը: Եվ թող այցելեն կոմեդիայի թատրոն:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Հոգևոր-մշակութային