ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՀՈԳՈՒՄ ՍՐԲԱԶՆԱՑԱԾ
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում է ուսանում Վաչագան Խաչատրյանը, ակադեմիական երգեցողության բաժնում։ 44 -օրյա պատերազմի թոհուբոհով է անցել, խոստովանում է՝ օր չկա, որ չմտաբերի, չհիշի պատերազմը։ Մեջը կուտակված հույզերը, ապրումները շուտով կդառնան երգ, որ կնվիրի հայրենիքը զենքով ու կյանքով պահած քաջերին։
Երգ-երաժշտության հանդեպ անհուն սերը Վաչագանը ժառանգել է արվեստագետ ծնողներից։
Արվեստով ապրող երիտասարդը բանակ գնալիս մի պահ իսկ չերկմտեց` առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն է, մնացյալ ամեն ինչ իրագործվում, խարսխվում է ամուր ու կայուն հողի վրա։
Ծառայում էր սահմանում՝ որպես նռնականետորդի օգնական, զորամասային բոլոր միջոցառումներին էլ նրա անզուգական երգն ու նվագն էր հնչում:
***
Սեպտեմբերի 27-ի լուսաբացը պատերազմի բոթով բացվեց: Դիրքերում էր:
-Մեր հատվածում խաղաղ էր, սակայն անպատմելի էին մեր զգացողությունները, երբ լսում էինք՝ ինչ է կատարվում Արցախում, ուզում էինք րոպե առաջ կանգնել կռվող տղերքի կողքին:
Զորամասում ասացին, որ կամավորներ են պետք, օգնական ուժեր՝ միանալու առաջնագծում մարտնչողներին։ Վաչագանը առաջիններից էր.
-Հոգու պարտք էր, հայրենիքի հանդեպ պարտքի ու պատասխանատվության զգացում կամ գուցե տղայական արկածախնդրություն, չգիտեմ էլ ոնց անվանեմ, բայց ես չէի կարող չգնալ: Տարիներ առաջ, երբ հայրս էլ ժամկետային ծառայող էր, մարտական գործողությունների էր մասնակցել: Երեւի հայի ամեն սերունդ իր բաժին պատերազմն ունի, հիմա իմ հերթն էր….
Զանգեցի հորս, նա այդ ժամանակ Ռուսաստանում էր, հայտնեցի մտադրությունս: Որքան էլ դժվար ու ծանր էր նրա համար, բայց հպարտության հնչերանգ կար խոսքում՝ գնա՛, որդի՛ս…
***
Գումարտակից 14 կամավորներ «Ուրալով» հասան Իշխանաձոր, մոտակա բլրի վրա միանգամից դիրքավորվեցին, սկսեցին հապճեպ խրամաբջիջներ փորել: Դեռ չէին էլ հասցրել գործը ավարտին հասցնել, երբ գյուղի ծայրին հակառակորդի շարասյունը երեւաց, անզեն աչքով նկատելի էր ամեն շարժը։
-Մի 300 հոգի կլինեին, բարձրախոսով ադրբեջաներեն էին խոսում։ Ձայները գնալով առավել պարզորոշ էին լսվում: Ընդամենը մի 40-50 մետր էին հեռու, ու սկսեցինք դիմահար կրակել:
Կրակի հեղեղ էր թափվում, կողքիս վիրավորվեց ընկերս՝ Վարդան Թենեքեջյանը: Անընդհատ խոսում էի նրա հետ, որ շոկի մեջ չընկնի, ինչ հարց միտքս գալիս էր այդ պահին, տալիս էի՝ ինչքա՞ն է մնացել ծառայության ավարտին, ապագայի ի՞նչ պլաններ ունի…Մահը քթի տակ՝ ապագայից էինք խոսում… Վարդանը մի ձեռքով էլ շարունակում էր կրակել, համոզում էի, որ վիրավորներին տեղափոխող մեքենայով գնա, համառում էր…
***
-Կրակը չէր դադարում, մեկ էլ՝ այդ կրակատարափի տակ երգի ձայն եմ լսում, առաջին պահին նույնիսկ չհավատացի, կարծեցի՝ լսողական պատրանք է… Լարեցի լսողությունս, իրոք, ինչ-որ մեկը խրոխտ երգում էր, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուրադյանն էր: Երգում էր մեզ գոտեպնդելու, քաջալերելու համար: «Կամավորի երգն» էր:
Բոլորը մեկեն ինքնաբուխ սկսեցին ձայնակցել, ու երգն այնքան հուժկու, այնքան բարձր ու ազդեցիկ էր հնչում, որ խլացնում էր անգամ հրետանու ձայնը…
Ով կամավոր է գրվում, այն օրից հերոս է նա,
Իր ազգի ազնիվ կռվում ամենամեծ հույսն է նա,
Սիրահոժար, մահն աչքերին է գնում,
Առյուծի պես է կռվում:
Չի երազում ո՛չ անուն, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ,
Հայրենիքն է իր հոգում սրբազնացած….
Կռիվներ է մղում նա բոցերում անշեջ,
Սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ….
-Երգը ժպիտ բերեց դեմքներիս, վստահություն: Աջից Տիգրան Ոսկանյանն էր երգում, ձախից՝ Արման Ազատյանը, կրակում էինք ու երգում ոգեղենացած, երգում էինք ու կրակում…
Սակայն ուժերն անհավասար էին։ Հակառակորդը գործի էր դրել իր ողջ զինանոցը՝ հրետանի, զրահատեխնիկա, անօդաչուներ…
-Թշնամին շրջափակել էր բոլոր ճանապարհները, մի փոքր կածան էր մնացել, զինամթերքն էլ արդեն սպառվում էր,- վերհիշում է Վաչագանը,- նահանջելու հրաման ստացանք: Մեր գումարտակի հրամանատարը գլխից վիրավոր էր, արյունը հոսում էր դեմքին:
-Ով կա ողջ մնացած,- գոռում էր հրամանատարը,- նահանջում ենք…
Հինգ հոգի էինք ողջ մնացել, ու իրար օգնելով՝ նահանջում էինք: Գնդակները սուրում էին մեր ուղղությամբ, իսկ թշնամին արդեն այնտեղից էր կրակում, որտեղ բառացիորեն րոպեներ առաջ մենք էինք….
Տղերքից մեկը՝ Վիգենը, քիչ հեռվում կանգնած «Ուրալ» նշմարեց ու վազեց այդ ուղղությամբ: Զուր էի փորձում բղավելով նրան հետ կանգնեցնել, հրամանատարն զգուշացրել էր, որ մեքենայի բանալին մնացել էր վիրավոր սպաներից մեկի մոտ, որին տեղափոխել էր շտապ օգնության մեքենան: Բայց Վիգենը, կարելի է ասել՝ հրաշքով մեքենան գործի գցեց, ու քիչ անց «Ուրալը» խելահեղ արագությամբ սուրում էր դեպի փրկություն…
Հոկտեմբերի 22-ն էր՝ երկրորդ ծննդյանս օրը: Պարանոցիս դաջել եմ ինձ համար խորհրդանշական դարձած այդ թիվը, տակն էլ անգլերեն «հաջողակ» բառն է դաջված: Դաջել եմ, որ միշտ հիշեմ, թեեւ այդ ամենը հավերժ դաջված է մտքումս ու սրտումս…
Պատերազմ անցած զինվորը խոստովանում է՝ հիմա ավելի շատ է սիրում հայրենիքը:
-Ճակատագրի կամոք, Աստծո բարեհաճությամբ ողջ մնացի, ապրում եմ ու ամեն ինչ պետք է անեմ, որ պիտանի լինեմ իմ երկրին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում