ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ
Ու հիմա ոտք դնելով բանաստեղծի ծննդավայր՝ միտքս անկանգ վազում է նրա հետքերով։ Ուզում ես շատ բան իմանալ նրա մասին… ուզում ես տեղյակ լինել ամեն մի մանրուքի։ Երևի դա է կոչվում կարոտ՝ կարոտ մերձավորի, հարազատի հանդեպ, ում երբևէ չես տեսել, սակայն միշտ թվացել է՝ կողքիդ է։
Այդպիսի զգացողություն ունեցա նաև, երբ այցելեցի Լոր գյուղ։ Հասկացա, որ Սյունյաց աշխարհում իմ այցելությունը Լոր՝ Համո Սահյանի ծննդավայր, եղել է ուխտագնացություն։ Լծենը ուխտագնացության շարունակությունն է։
Որոտանից մի ճանապարհ բարձրանում է Լոր, մի քիչ անցնելուց հետո նույն ճանապարհը թեքվում է ու բարձրանում դեպի Լծեն։ Լծենի ու Լորի բաժանարար սարը անտառոտ է՝ կաղնու ու տխիլի, սոսիի ու բոխու ծառերով։
Լորում եղանք մեծ բանաստեղծի տանը, որտեղ բնակվում էր հորեղբոր որդին։ Նա ցույց տվեց թոնրատունը, որի երեք պատերն էին կանգուն, ու վերհիշեց. «Մի անգամ բանաստեղծին հարցրի. Ամի՛, դու որտե՞ղ ես ծնվել ¥մեծերին մենք ամի ենք ասում¤, նա ձեռքս բռնեց, բերեց կանգնեցրեց այ էստեղ ու ասաց. «Ա՜յ, էս թոնրա շուրթին եմ ծնվել»։
Հետո շրջեցինք Համո Սահյանի հայրական այգում։ Այգին ոտքերը համարյա կախել էր Լորագետի ջրերի մեջ։ Այգու եզրերին դեռ կային Խաչի պապի տնկած «Նաիրյան դալար բարդիներից»։ Ցույց տվեց տանձենու կտրված բունը. «Այս տանձենին շատ էր սիրում բանաստեղծը, գյուղ գալուց նստում էր տանձենու տակ, շոշափում-գուրգուրում էր բունը ու նայում Լորագետին, Գյազբելին, Իշխանասարին, Աղոթարանին»։
Լորագետի մյուս ափին, կանաչապատ սարի կողին, հսկա մի քար կար, որին գյուղացիները «Համոյի քար» էին ասում։ «Գառները տանում էր արածեցնելու, բարձրանում էր սարը, նստում էր քարի հովին ու տարվում ընթերցանությամբ։ Հետո, երբ գտնում էին կորած գառներին, արդեն գիտեին, որ Համոն կա՛մ քուն է մտել, կա՛մ դեռ գիրքը չի ավարտել։ Ամեն դեպքում, «Համոյի քարի» մոտ կլիներ…
Տարիներ անց Լծեն են այցելում Սերո Խանզադյանն ու Համո Սահյանը։ Նրանց Անապատ մատուռ է ուղեկցում Հրանտ հայրիկը։
-Մատուռը կառուցվել է 1347 թվականին։ Պատերից մեկը հենված է դարավոր մի եղևնու բնին։ Բանաստեղծն ու արձակագիրը փորձում էին գուշակել եղևնու տարիքը։ Երկար-երկար նստեցին Անապատ մատուռում։ Նստել էին, ու լռությունը ավելի խոսուն էր՝ ասես խոսքուզրույց էր սկսվել մեծանուն արվեստագետների և հնագույն վարպետի ու մատուռում ճգնած պատմիչների հետ… Ինչ իմանար մեծ բանաստեղծը, որ իր մայրամուտի օրերին, երբ ծանր հիվանդ էր, կարդալու է երիտասարդ մի բանաստեղծի տողերը և ասելու.
-Ես հիմա շնորհակալ եմ իմ Աստծուն՝ ինձ փոխարինող է ուղարկել։
Դրանք արդեն կայացած բանաստեղծ Աղվան Մինասյանի տողերն էին…
…Երբ Աղվանս 5-րդ դասարանում էր, գառներն առաջն արած հաճախ էր լինում Անապատ մատուռում և ժամերով հմայվում մեր հին վարպետների մտքի թռիչքներով։ Մի անգամ էլ մեր համագյուղացի Արարատը մատուռի մոտով անցնելիս տեսնում է, որ Աղվանը թիկն տված մատուռի քարերին՝ գրում է, հարցնում է.
-Էդ ի՞նչ ես անում, Աղվա՛ն ջան։
-Բանաստեղծություն եմ գրում, Արարատ ամի,- ու չսպասելով հաջորդ հարցին, ասում,- իմ տարիքում Թումանյանը շատ-շատ գործեր է գրել։ Դեռ առաջին դասարանում գրել է.
Հոգուս հատոր, սրտիս կտոր
Դասիս համար դու մի հոգար
Թե կան դասեր, կա նաև սեր…
…Լծենի կենտրոնում փոքրիկ հրապարակն է իր հուշարձան աղբյուրով։ Կողքին գյուղապետարանի շենքն է։ Այդ շենքում է եղել գրադարանը, որտեղ աշխատել է Ամալյա մայրիկը։ Գյուղապետարանի շենքի կողքին Սուրբ Ստեփանոս եկեղեցին է, ափսոս, որ փակ է։ Ասես լսում եմ պատանի Աղվանի խոսքերը. «Եկեղեցին պիտի բաց լինի, վերանորոգման ժամանակ պատերին գլխիվայր, թեք դրված քարերը պետք է ուղղել»։ Ասում էր այնպես, ինչպես Սիմոն ծերունին կասեր։ Բայց Աղվանս դեռ պատանի էր։
1926 թվականին Լծենում եղել է Ակսել Բակունցը, ինչպես Զանգեզուրում են ասում՝ Ալեքսանդր վարժապետը, որը եղել է տարածքի գյուղատնտեսը։ Մեծանուն գրողը գիշերել է Լծենում։ Գյուղն այն ժամանակ ունեցել է 60 ընտանիք, իսկ 1959 թ. մարդահամարին գյուղում եղել է 92 ծուխ, 500-ից ավելի բնակիչ։ Գյուղի ութամյա դպրոցում սովորել է 160 աշակերտ։ Այժմ գյուղն ունի 39 ընտանիք, իսկ ութամյա դպրոցում մնացել են 7-8 աշակերտ։ Աղբյուրի մոտ հանդիպեցինք դպրոցի 7 աշակերտներից 3-ին՝ Գայանեին, Միքայելին և Սաթենիկին։ Գայանեն սովորում է 8-րդ դասարանում, Միքայելը՝ 3-րդ, իսկ Սաթենիկը՝ 2-րդ դասարանում։
-Ճանաչո՞ւմ եք բանաստեղծ Աղվան Մինասյանին,- հարցնում եմ երեխաներին։
-Մեր բանաստեղծն է, մեր գյուղում է ծնվել։ Թաղված է գյուղի գերեզմանոցում,- ասում է Գայանեն։
Գյուղապետարանի շենքի մոտ հանդիպում ենք գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Հայրապետյանին, լծենցիներ Ալեքսանդր Մանուկյանին ու Սուրեն Խաչատրյանին։ Ալեքսանդրը 4 երեխաների հայր է։ Երեխաների կնքահայրը Աշոտ Մինասյանն է՝ Աշոտ Երկաթը։ Զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ։ Մի կերպ հասցնում է հոգալ տան հոգսերը։ «Գյուղը մարում է, դպրոցը լռում է»,- ասում է նա։
Լծենում չնայած քիչ են զինակոչային տարիքի տղաները, սակայն նրանց ճանապարհում և ընդունում են քեֆ-ուրախությամբ։ Հիմա լծենցիները սպասում են իրենց երեք զինվորների՝ Սերոբի, Սարգիսի ու Հրայրի վերադարձին։
Ալեքսանդրը միանում է մեզ։ Բարձրանում ենք տոհմի նահապետի՝ Գրիգորի տունը։ Նա է եղել Հայրապետյան-Մինասյան տոհմի նահապետը. գյուղը հիմնող այն 5 գերդաստաններից մեկը, որից ճյուղավորվել են գյուղի տները։ Քայլում եմ սրբացած ոտնահետքերով՝ Համո Սահյան, Սերո Խանզադյան, Կարեն Բախշիյան, Աղվան Մինասյան։ Հսկա ծառերը, ընկուզենիները իրենց շվաքի տակ են առել տները։ Տներից շատերի դարպասներին փականներ են, փոքրիկ կողպեքներ, թվում է՝ ձեռք տաս, լեզվակները պիտի բացեն ու շնչահատ պատմեն այդ օջախներում հնչած հարսանիքների ու կնունքների, տխրությունների, ծննդյան ճիչերի մասին։ Թող առայժմ լռեն։ Պատմությունը երբեմն լռում է, և այդ լռությունը հետո ավելի խոսուն է դառնում։ Հավատացած եմ՝ մի օր բացվելու են այդ դռները, բացվելու են, որ ընդունեն իրենց Բանաստեղծին, իրենց Զորականին ու Զինվորին… Ու հիմա քայլում ենք նրանց ոտնահետքերով։ Մի տեղ հսկա ընկուզենու արմատները այնքան են իջել երկրի ընդերքը, որ մի պահ շնչահեղձ են եղել ու դուրս եկել փռվել հողի վրայով։ «Աղվանիս համար երբեմն գրասեղան են ծառայել,- ասում է Հրանտ հայրիկը,- առյուծի սիրտ ուներ, թշնամուց, թուրքից վախ չուներ։ Մանուկ հասակում մե՛կ այս ծառի կատարին էր, մե՛կ այն, հասնում էր թռչունների բներին՝ հիանում նրանց ձվերի պուտերով, թե ձագերը դուրս եկած էին լինում՝ փաղաքշում ու գուրգուրում էր նրանց աղվամազերով պատած մարմինները։ Հետո իջնում էր ու լրջացած, ծառերին հենված՝ տողեր էր գրում, բանաստեղծություններ էր շաղ տալիս իր սիրած գյուղի կտուրներին, ծառերին։ Այդքան երիտասարդ ու այդքան հասուն։ Ու այդքան կյանք տեսած ու դարն ապրած ընկուզենու արմատները դառնում էին գրասեղան,- հիշում է Հրանտ հայրիկը։ -Մե՛կ Անապատ մատուռում էր, մե՛կ Տաթևի վանքում, մե՛կ Որոտնավանքում էր, մե՛կ Որոտնաբերդում… Փնտրում էր…
Գնում ենք Արմաղանի աղբյուր, որն արդեն Արմաղան-Աղվան հուշաղբյուրն է:
-Գյուղում հիմնավորվելուց հետո մեր հողակտորը գտնվում է այս տարածքում,- ձեռքով դեպի աղբյուրի վերին կիսաթեք հողերը ցույց տալով՝ ասում է Հրանտ հայրիկը,- մեր տատերից մեկի անունը Արմաղան է եղել, ասում են՝ շատ գեղեցիկ, սիրունատես, երկարամազ մի հայուհի է եղել։ Երիտասարդ հարսը այս աղբյուրից ջուր է կրել հողակտորում աշխատող մեր ցեղի տղամարդկանց համար։ Եղել է ամաչկոտ, համեստ, մեր մեծերին հարգող։ Եվ մեր ցեղի տղամարդիկ աղբյուրը կոչել են իրենց հարսի անունով՝ Արմաղանի աղբյուր։
…Անցնում են տարիներ։ 5 տարեկան փոքրիկ մի մանուկ աղբյուրի մոտ ինքնամոռաց խաղում է։ Աղբյուրի ակից դուրս եկած բարակ ջրի առջևը կտրում ու փոքրիկ լճակներ են գոյանում։ Հանդ գնացող գյուղացիները զարմանք-ժպիտով անցնում են փոքրիկի կողքով։ Նրանցից մեկը հարցնում է.
-Աղվան, էդ ի՞նչ ես անում։
Առանց աշխատանքից կտրվելու, առանց գլուխը բարձրացնելու, փոքրիկը պատասխանում է.
-Արմաղաններ եմ պատրաստում, լճակներ…
Ու հիմա խաչաձև հուշաղբյուրի մի թևին գրված է Արմաղան, մյուս թևին՝ Աղվան։
-Շատ էր սիրում այս աղբյուրը, չնայած այդքան երիտասարդ, միշտ դուրս էր գալիս գյուղից, շրջում բնության գրկում։ Գյուղ իջնելիս անցնում էր Արմաղանի աղբյուրի մոտով.
-Ձեռքի ափերով խմում էր ջուրը. օխա՜յ, էս ինչ համով ջուր է, աշխարհի ոչ մի տեղ այսպիսի ջուր չկա,- աշխարհ չտեսած՝ այդպես էր ասում որդիս, ասում էր ծերունու նման,- վերհիշում է Հրանտ հայրիկը։
Արմաղանի աղբյուր, Արմաղանի ջուր… Մտքումս մեր էպոսն է՝ Ծովինարը, Խանդութ Խաթունը, Արմաղանը։ Մեր էպոսի նախահայրերը՝ Սանասարն ու Բաղդասարը, մեկ լիքը ու մեկ կիսատ ափից ջրի ծնունդները…
…Հայրապետյան-Մինասյան գերդաստանի տղամարդիկ վար են անում, ցորեն են ցանում, հնձում, կալսում և մի գեղեցիկ հարսնուկ՝ երկար վարսերով, բարալիկ մարմնով, կուժը ուսին՝ սառը ջուր է հասցնում նրանց…
Ամուսինը գաղտնի հիացմունքով նայում է նրան։ Տարեցները օրհնանքի խոսքեր են ասում, և կուժը նորից դատարկվում է։
-Ջուրը վերջացավ, կուժը դատարկ է, Արմաղան, ջո՛ւր բեր, զորանաս, էդ ինչ զորացնող ջուր է,- և Արմաղանը նորից ժպիտը դեմքին իջնում է աղբյուր։ Աղբյուրի ակունքին լճացած ջրում արևի ճաճանչների հետ թրթռում է դեմքը։ Օրհնանքի խոսքերը պահ է տալիս աղբյուրի ակունքին։ Եվ սիրով, թրթիռով ջուրը նորից լցվում է կուժը…
…Էլի անցնում են տարիներ, և այս տոհմի հարսներից մեկը՝ Ամալյա անունով. ծարավը հագեցնում է Արմաղանի աղբյուրի ջրով… Ասել է թե՝ Կաթնաղբյուրի, Լուսաղբյուրի ջրերով… Ծնվում է Աշոտը, հետո Աղվանը, Նինելը, Անուշը,
-Աղվան, էդ ի՞նչ ես պատրաստում…
-Արմաղաններ, լճեր, աղբյուրներ…
Եվ հայոց էպոսի նախահայրերի խորհրդով Աղվան Մինասյանի ձայնը ամեն Աստծո առավոտ լցվում է աշխարհի վրա…
-Բարի լույս ասա,
Որ բարի ժպտա լույսը աշխարհին,
Որ բացվի բարով,
Որ լինի բարի…
Բարի լույս, մարդի՛կ,
Ձեզ բարի տեսա,
Ու բարի մնաք…
Շարունակելի
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Հոգևոր-մշակութային