Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՂԱՎԱՂԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ՓԱՍՏԵՐՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԵՆ



ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՂԱՎԱՂԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ՓԱՍՏԵՐՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԵՆԶրույց ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի հետ:

 

-Պատերազմից հետո հարևան երկրից ամենաբարձր մակարդակով հաճախակի ենք լսում հայտարարություններ և ուղերձներ աշխարհին և իրենց ներքին լսարանին, որ Հայաստանի տարածքը եղել է «պատմական Ադրբեջան»: Չեն խորշում Հայաստանի տարբեր հայկական բնակավայրերի ավելացնել «ադրբեջանական» բառը:  Ակնհայտ է, որ ի լուր աշխարհի փորձ են անում իրենց՝ այստեղ  բնիկ լինելու գաղափարը հնչեցնել և տարածել՝ այս կերպ հող նախապատրաստելով հետագա «արդար» զավթիչ գործողությունների համար: Ի՞նչ պատասխանել այս անսքող քարոզչական կեղծիքին:

-Աշխարհն այսօր քարոզչության դաշտում է գտնվում, և կարծես թե ամեն մի հանրություն 21-րդ դարում որոշել է արևի տակ իր տեղը կա՛մ ամրապնդել, կա՛մ էլ նոր տարածքներ «հայրենիք դարձնել»: Դրանցից ոմանք, եթե իրենց պետության պատմությանը օբյեկտիվ նայեն, կհասկանան, որ իրենց պետականությունը մոտավորապես Երևանի պետական համալսարանի տարիքին է: Բարբաջում են իրենց 3000-ամյա պատմության մասին՝ չանդրադառնալով այն փաստին, թե ինչպես են խաշնարած ցեղերով այս տարածքներում թափառել, ինչ-ինչ բնակավայրեր են հիմնել մի ժամանակամիջոցում, երբ հայկական քաղաքակրթությունն արդեն հասցրել էր իր հինգերորդ-վեցերորդ պետականությունն ունենալ և աշխարհին տվել էր բազմաթիվ կարևոր, հանգուցային չափանմուշներ, որոնք մինչ օրս օրինակ են մարդկության համար: Առնվազն ծիծաղելի է. այդ քարոզչամեքենան իրականում ոչ մի քննություն չի բռնում, դրա համար հիմքերն իսպառ բացակայում են:  Օրինակ՝ կարելի է լուրջ դեմքով հայտարարել, որ Ադրբեջանը հնագույն քաղաքակրթության օրրան է, որտեղ հիմք դրեցին իրենց «էթնոսի» ձևավորմանը: Շատ գեղեցիկ հեքիաթ է, չէ՞: Բայց սա շատ հեռու չէ նրանից, ինչ այժմ դեմքի լուրջ արտահայտությամբ անում է Ադրբեջանի նախագահը: Այո՛, պարզ է. այսօր նրանք կարծես թե «հաղթողի» դերում են և այդ «քարոզչությունը»՝ որպես գործիք, օգտագործում են՝ ամրապնդելու իրենց որդեգրած այդ կեղծ գաղափարաբանությունը: Եթե աշխարհի որևէ համալսարանում կամ գիտական կենտրոնում նման բան հայտարարվի, կարող է՝ էթիկայի կանոններից ելնելով, այդ պահին չծիծաղեն, բայց, անկասկած, կմտածեն՝ այս մարդն առնվազն մտավոր խնդիրներ ունի: Այն ամբողջ պատմությունն ու մշակույթը, որ կա Հայկական լեռնաշխարհում և փաստագրված է, իր մեծ գերակշռումով պատկանում է հենց բնիկ հանդիսացող հայ ժողովրդին: Չեմ ասում, թե այս տարածքներում երբևէ այլ ժողովուրդներ չեն ապրել: Անշուշտ, ապրել են ու հիմա էլ են ապրում՝ հույներ, ռուսներ, ասորիներ, եզդիներ և այլն, բայց դա չի նշանակում, որ սա նրանց պատմական հայրենիքն է: Իհարկե, Հայաստանը շատերի համար կարող է հարազատ, հոգևոր հայրենիք դառնալ: Եթե այդ տեսանկյունից նայենք, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր տարածաշրջանում, ամբողջությամբ վերցրած, պետականության առումով հարյուր տարվա պատմություն ունի: Բա որտե՞ղ էին նրանք, երբ կային Վանի, Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունները: Ինչո՞ւ իրենց հետքն անգամ չկա այդ ժամանակների հայերի և այլ ազգերի հիշատակումներում: Այս կոպիտ ու անտաշ քարոզչությանը քաղաքագիտական տեսանկյունից այսօր արժանի պատասխան տրվում է, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեր բնագավառին, մենք կարող ենք բառացիորեն հատիկ առ հատիկ փաստերով ցույց տալ, որ Հայկական լեռնաշխարհը, այդ թվում՝ քաղաք Երևանը, հայկական տարրի, բնակչության համար բնական ու հարազատ միջավայր է եղել վաղնջական ժամանակներից: Մարդիկ, որ այստեղ բնակվել են դեռևս վերին պալեոլիթի ժամանակներից և պետականություն են հիմնել, հայերիս նախահայրերն են: Բազում հուշարձաններ, որ հիմա էլ կան հենց միայն Երևան քաղաքի տարածքում, ցույց են տալիս, որ այստեղ բնակչության հիմնական, գերակշիռ մասը, այս երկրի, այս հող ու ջրի տերը հայերն են: Եվ այդ հեքիաթները, թե՝ Երևանը, կամ, ինչպես իրենք են ասում՝ Էրիվանը, ադրբեջանական քաղաք է, չեն կարող դիմանալ որևէ գիտական վեճի: Նույն հաջողությամբ մենք կարող էինք ասել, որ, ասենք՝ Լոս Անջելեսը Հայաստանի մի մասն է, քանի որ այնտեղ այժմ մեկ միլիոն հայ է ապրում, կամ Մոսկվան Հայաստան է, քանի որ այնտեղ  միլիոնից շատ ավելի հայ կա: Լավ է, որ ապրում են, թող էլի ապրեն, բայց դա մեր նախահայրենիքը չէ, քանի որ մեր ժողովուրդը, մեր ազգը այդ տարածքներում չի ձևավորվել: Երբ այդ ինքնակոչները բարբաջում են, թե՝ Երևանը մահմեդական աշխարհի բնօրրանն է, որ իբր այստեղ մահմեդական ժամանակաշրջանի հուշարձաններ կան, որոնց թվում նշում են պարսկական Կապույտ մզկիթը, որ մենք՝ որպես իրանական մշակութային կոթող, գոհար, փայփայում, պահպանում ենք, ոչինչ չի նշանակում: Նույն կարգի հայտարարություններով կարող են իրենց սեփականությունը համարել որևէ տարածաշրջան, որում ինչ-որ մահմեդական շինություն իրենց դուր է եկել և դա համարել իրենց «պատմական հայրենիքը»: Համացանցում մի զավեշտալի տեսանյութ կա, թե ինչպես են քարտեզի վրա փորձում հին Ադրբեջանը գտնել, և դա նրանց չի հաջողվում, քանի որ իրենց «պատմությունն» սկսվում է Անդրկովկասի բոլշևիկացման շրջանից:

-Ինչպե՞ս են կոչվել ներկայիս ադրբեջանցիները մինչև այդ շրջանը: Նրանք, ովքեր որոշակի ժամանակահատվածում ապրել են Հայաստանի տարածքում:

-Երբ մենք էինք ուսանող և սովորում էինք ԽՍՀՄ պատմություն, անգամ դպրոցում, բոլոր աղբյուրներում Լենինը՝ բոլշևիզմի «հայրը», նրանց անվանում էր կովկասի թաթարներ: Այդ ժամանակ նրանք որպես ազգ, էթնոս ձևավորված չէին, էլ չեմ խոսում միջավայրի տարածքային լոկալիզացիայի մասին: Ադրբեջան տերմինը՝ որպես ազերիների երկիր, շրջանառության մեջ մտավ, երբ անդրկովկասյան պետությունները ձևավորվեցին: Տեսակետներից մեկն էլ այն է, որ Էնվեր փաշայի եղբայրներից մեկը՝ Նուրի փաշան է հռչակել Ադրբեջանը որպես երկիր, ու այդ ժամանակից այս անվանումը մտել է շրջանառության մեջ:

Ոչ ոք չի հերքում, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ ապրել են, ոչ ոք չի բացառում, որ 100-ամյա Ադրբեջան երկրի տարածքում հայեր ու այլ ազգերի ներկայացուցիչներ են ապրել, բայց դա ի՞նչ կապ ունի ազգի  ծագումնաբանության կամ ժառանգորդության հետ: Աշխարհը հո նոր չի՞ ստեղծվել, որ կարողանաս մոլորեցնել ու համոզել, թե, ասենք, հայերը եկվորներ են, կամ ադրբեջանցիները բնիկ են Հայաստանի տարածքում: Ո՞ր քիչ թե շատ համաշխարհային պատմությանը ծանոթ գիտնականը չգիտի, որ Վանը կամ մյուս հայկական տարածքները ձևավորվել են դեռ թուրքական պետության ձևավորումից շա՜տ ավելի առաջ, որ թուրքերի՝ տարածաշրջան գալով՝ Կոստանդնուպոլիսը դարձավ Ստամբուլ և այլն: Պանթուրքիզմն ու պանիսլամիզմը, հատկապես իր թուրքիզմի տարբերակով, ուզում են այս նույն տեխնոլոգիաներով ստեղծել իրենց Մեծ Թուրանի, Օսմանյան կայսրության մոդելը, որը նրանց չի՛ հաջողվելու: Եթե աշխարհն այսօր այդ աստիճան անճար ու տգետ է, որ կարող է դա թույլ տալ, ողբամ մարդկային քաղաքակրթությանն ու հասարակությանը:

-Նրանք ապավինում են, թերևս, աշխարհով մեկ ահագնացող անգրագիտությանը, անտեղյակությանն ու անտարբերությանը:

-Անգրագիտության այս մեծ ծավալը բերում է նրան, որ  մեծ գումարներով բանակներ են ստեղծվում, թղթի վրա առաջ են գալիս իսլամիստական պետություններ, որոնք սկսում են այստեղ-այնտեղ «բիզնես պլաններ» իրականացնել՝ ոչնչացնելով համաշխարհային նշանակության արժեքներ, ինչպես, օրինակ, Պալմիրա քաղաքի հետ եղավ, իսլամական դարձավ Այա Սոֆիայի տաճարը: Ադրբեջանցիներն էլ այս հողմապտույտում փորձում են իրենց պատառները պոկել: Այս ճանապարհով նրանք ոչնչի չեն հասնելու, քանի որ տգիտությունը քաղաքակիրթ 21-րդ դարում չի կարող երկար գերիշխել: Վստահ եմ, որ աշխարհում կան առողջ ուժեր, առողջ քաղաքացիական հասարակություններ, երկրներ, որոնք լուրջ չեն ընդունում նման երևույթները: Կարծում եմ՝ ժամանակն այդ ամենը իր տեղը կդնի: Պատմության մեջ կա ցիկլիկ տեսություն, որի համաձայն՝ պատմության ընթացքը պարուրաձև է և պարբերաբար կրկնվելու միտում ունի: Թող գոնե խելացի գտնվեն, չաղավաղեն, չվերացնեն հայկական հուշարձանները, քանի որ այդ բոլորն արդեն վաղուց փաստագրված են և ունեն իրենց պատմական անձնագրերը, որ իրենց ապահով տեղն ունեն աշխարհի տարբեր ծանրակշիռ պահոցներում: Գոնե այնպես վարվեն, ինչպես Թուրքիան է անում՝ զբոսաշրջության վայրեր է դարձնում հայկական, հունական, հին հռոմեական հուշակոթողները և դրանից մեծ շահույթներ կորզում:

Մենք, իհարկե, հասկանում ենք, թե այդ քարոզչությունը, այդ փութաջան աշխատանքները ինչի համար են արվում: Բայց դրա դիմացը մենք պետք է առնենք: Իռլանդացին երբեք չի գա, չի ասի՝ ինչո՞ւ ես ավերում Արցախի հինավուրց վանքերը, ինչո՞ւ ես խեղաթյուրում պատմությունը:

Բարբարոսաբար վերացրին Ջուղայում գտնվող խաչքարերը, հիմա էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խաչը հանեցին, տեղը մզկիթի գմբեթ են դնում: Ավերում են տեղի հայկական եկեղեցիները:

-Բայց նման լուռ համաձայնությունը չէ՞ որ նոր հանցանքներ է ծնում:

-Այժմ փողով շատ բան է հնարավոր գնել աշխարհում: Մեր լռությունն էլ սովորաբար նպաստում է դրան: Սա ճիշտ պահվածք չէ: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք իսկապես կարելի է լուծել: Ոչ ոք, կրկնում եմ, չի բացառում 100 տարեկան Ադրբեջանի գոյությունը, բայց ոչ ոք իրավունք չունի այդ 100 տարեկան պետականությունից հին ինչ-որ պետություն հորինել: Մենք խոսում ենք բացառապես փաստերով. հայկական հետքը՝ սկզբից մինչև օրս փաստագրումներով, պեղումներով, նորանոր ուսումնասիրություններով,  համապատասխան հուշարձաններով:

Անկախ այս պահին մեր դիրքերից, մեծ խաղացողների հետ մեր հարաբերություններից, հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ եղել է, գոյություն է պահպանել իր բնիկ հողերում և էլի լինելո՛ւ է: Մենք ինչպես ունեցել ենք մեր դիրքն ու կշիռը հազարամյակներ շարունակ, այնպես էլ ունենք այժմ՝ քաղաքակիրթ 21-րդ դարում. մնում է՝ տեր կանգնենք դրան:

Իսկ թե ինչպես է հայի ժառանգությունը մեր բնօրրան Հայաստանում դիտարկվել բազում հազարամյակներ շարունակ՝ կանդրադառնանք հոդվածաշարով, որ կներկայացնենք «Պատմական Երևանը» խորագրի ներքո:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


02/02/2023