Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ԳՆԱՀԱՏԵԼ



ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ԳՆԱՀԱՏԵԼՀունվարի 27-ին   ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության  թանգարանի Հերոսների սրահում բաց դաս էր՝  Երեւանի Ծովակալ Իսակովի անվան N 132 հիմնական  դպրոցի  աշակերտները ներկայացնում էին  Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ,  գիտնական, գրող, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովի  կյանքն ու գործունեությունը։

«Խաղաղության առաջին տարվա ձմեռն էր. հաշմանդամի սայլակին հայտնված Իսակովը կենտրոնացած աշխատում էր, ի մի բերում անցած պատերազմի փորձը: Մտորումներից նրան կտրեց հեռախոսի անսպասելի զանգը, որը գիշերվա լռության մեջ է՛լ ավելի զիլ հնչեց: Իսակովին Ստալինն էր կանչում: Երկրի զինված ուժերի զարգացման մասին ընդհանուր քննարկումից հետո հարցը հասավ ռազմածովային խնդիրներին: Գլխավոր քարտուղարի հարցն անսպասելի էր.

-Ընկե՛ր Իսակով, ի՞նչ կասեք, եթե Ձեզ նորից նշանակենք գլխավոր ծովային շտաբի պետ:

-Ընկե՛ր Ստալին,- պատասխանեց Իսակովը,- ոտքիցս զրկվել եմ, դժվարանում եմ նավեր բարձրանալ:

Ստալինը խոժոռվեց.

-Ավելի լավ է այդ պաշտոնին մեկ ոտքով, բայց գլխով մարդ ունենալ, քան երկու ոտքով ու անգլուխ: Մենք Ձեզ վստահում ենք»:

ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ԳՆԱՀԱՏԵԼ…«Նավատորմի ծովակալ Իսակովը հոկտեմբերի սկզբին կնոջ հետ եկավ Երևան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան: Ծովակալը եղավ Մատենադարանում, որտեղ ծանոթացավ Ավետիք Իսահակյանի ու Մարտիրոս Սարյանի հետ: Այցելեց Էջմիածին` հանդիպելու Գևորգ Զ կաթողիկոսին: Առաջինը Իսակովը խոսեց.

-Որպես հայ ազգի անառակ որդի` չէի կարող չգալ Էջմիածնի Մայր տաճար: Շնորհակալ եմ Ձեզ և բոլոր նրանց, ում շնորհիվ իրականացավ այս հանդիպումը:

-Սիրելի՛ ծովակալ, հաշվի առնելով, որ ինձ հյուր եք եկել, ինձ թույլ կտամ խոսելու մեր երկուսին հարազատ հայերենով և կխնդրեմ, որ անհրաժեշտության դեպքում թարգմանեն: Առաջին հերթին, ուզում եմ նշել, որ Դուք հայ ազգի ոչ թե անառակ, այլ իսկական որդին եք,- պատասխանեց կաթողիկոսը…»:

Աշակերտները  մանրամասն ներկայացնում էին ականավոր հայորդու անցած ճանապարհը, ու   ներկայացվող ամեն դրվագ է՛լ ավելի էր ամբողջացնում ծովակալի  հերոսական ու մարդկային առաքինի կերպարը։

ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ԳՆԱՀԱՏԵԼ-Մեր կրթօջախը «Մայր Հայաստան»  թանգարանից հրավեր ստացավ  այցելության,  մենք էլ նախաձեռնեցինք այս փոքրիկ  միջոցառումը,-  ասում է պատմության ուսուցչուհի Վեներա Մկրտչյանը,- վստահ եմ՝ համագործակցությունը շարունակական կլինի:

-Թանգարանն  ունի  խորհրդային նավատորմի լեգենդար  ծովակալին  նվիրված անկյուն,  եւ  քանի որ ցուցադրությունը վերջերս  համալրվել էր նոր ցուցանմուշներով (Դմիտրի Խմելյովն իր մասնակի  հավաքածուից ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»  ռազմական պատմության թանգարանին  է փոխանցել հայազգի զորահրամանատարի  որոշ  անձնական  իրեր), որոշեցինք Ծովակալ Իսակովի անվան հիմնական  դպրոցի աշակերտներին հյուրընկալել  մեր հարկի տակ,- նշում է  գիտաշխատող Նարինե Խաչատրյանը։

Թանգարանի այցելուների հոսքը  բավականին մեծ է, եւ նրանց մեջ զգալի թիվ են կազմում  դպրոցականները, ուսանողները,  կուրսանտներն ու զինվորները:

-Նմանօրինակ  այցերը  օգնում են ճանաչել, գնահատել անցյալը, ձեւավորել ազգային արժեհամակարգ:  Թանգարանը կապ է ստեղծում անցյալի եւ ներկայի միջեւ, սերունդներին ներկայացվում է հայրենիքի  համար մարտնչած  նվիրյալներին։ Հիշել, հիշատակել, գնահատել մեր նախնիների սխրանքները, նրանց նվիրումը՝ թանգարանի ամենագլխավոր առաքելություններից մեկն է,- շեշտում է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի պետ, պահեստազորի փոխգնդապետ Վալեր Հակոբյանը,- անցյալը գնահատելով է ապագան կառուցվում։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1469) 01.02.2023 - 07.02.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/02/2023