ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Եվրոպան ռուսական դիզվառելիքի եւ այլ նավթամթերքների նկատմամբ արգելք է սահմանել` համաձայնեցված 100 դոլար գնի սահմանաչափով: Ավելի վաղ ռուսական նավթի մեկ բարելի դիմաց սահմանվել էր 60 դոլար սահմանաչափ, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերին: Արգելքը նախատեսում է 55-օրյա արտոնյալ ժամկետ լցանավերի վրա արդեն բեռնված դիզելային վառելիքի համար։
Եվրամիությունը և ԱՄՆ-ն կոշտ նախազգուշացումներով արձագանքել են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությանը՝ Վրաստանին կոչ անելով աջակցել ՌԴ դեմ ավիացիոն պատժամիջոցներին:
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողության սկզբում իր հետ զրույցում խոստացել է չվերացնել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն։
Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, թե Մերձավոր Արեւելքում շահերի փոխզիջման վերաբերյալ համաձայնության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հնդկական նավթավերամշակման գործարանները ռուսական նավթի համար սկսել են վճարել էմիրաթական դիրհամով: Հնդկաստանը չի միանում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն բանկերն ու ֆինանսական հաստատությունները զգուշություն են ցուցաբերում դոլարային անկանխիկ վճարումների ժամանակ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է Բուլղարիա, Խորվաթիա եւ դեպի ծով ելք չունեցող մի քանի այլ երկրներ ռուսական նավթամթերքների մատակարարումների հետ կապված գործողությունները՝ համապատասխան գործարքները դուրս բերելով ռուսական ընկերությունների դեմ ավելի վաղ հայտարարված սահմանափակող միջոցառումների գործողության շրջանակից:
ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել այնպիսի ապրանքների արտահանումը ՌԴ, որոնք օգնում են Մոսկվային շարունակել հակամարտությունը Ուկրաինայում։
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում կատարել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և միջազգային կայունության ապահովման նպատակով աջակցել պայմանագրի շրջանակում Ռուսաստանի տարածքում ստուգումներին:
Անհավանական է, բայց փաստ. մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի տարեդարձի տոնակատարության արարողությանը:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կարծում է, որ արեւմտյան երկրների առաջնորդները պետք է դադարեցնեն երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նման շփումն օգնում է Ռուսաստանի ղեկավարին հասնել իր նպատակներին, աշխարհին եւ Ռուսաստանի ժողովրդին ցույց տալ իր պահանջված լինելը:
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին՝ որքան հնարավոր է շուտ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը եւ արգելել Եվրամիության շուկայում դեռեւս մնացած ընկերությունների, այդ թվում՝ «Լուկօյլ»-ի եւ «Ռոսատոմ»-ի աշխատանքը, ինչպես նաեւ հրաժարվել նավթի, գազի, ուրանի ներմուծումից։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Արեւմուտքը ցանկանում է Մոլդովան հաջորդ Ուկրաինայի վերածել, իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է ռուս զինվորականների՝ Հարավային Օսիայից եւ Աբխազիայից հեռանալու հարցը ներառել Ուկրաինայի հետ ենթադրվող խաղաղության համաձայնագրում։
ՆԱՏՕ-ն բարձրացնում է խաղադրույքները Ուկրաինայում հակամարտության ընթացքում՝ երազելով Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին, սակայն դաշինքի հույսերը չեն իրականանա, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԱՄՆ-ն չեզոք երկրներին պատժամիջոցներով է սպառնում Ռուսաստանի հետ համագործակցության համար:
Ռուսաստանում փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքների համար գնային շեմ սահմանած ոչ բարեկամական երկրներին նավթի մատակարարումների արգելքը։
Թուրքիա
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր հարձակումների մեծ ռիսկի մասին, հատկապես դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ոչ մուսուլմանական պաշտամունքի վայրերի նկատմամբ: Մի քանի պետություններ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։ Էրդողանը սպառնացել է միջոցներ ձեռնարկել տվյալ երկրների նկատմամբ, իսկ հյուպատոսությունների աշխատանքը դադարեցրած պետությունների դեսպանները Թուրքիայի ԱԳՆ են կանչվել։
Ամերիկացի մի խումբ սենատորներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել հետաձգել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը՝ մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը Թուրքիայի կողմից վավերացնելը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել իր պաշտպանական արդյունաբերությունը, կարտադրի եւ՛ տանկեր, եւ՛ ինքնաթիռներ։ Այժմ արդեն երկրի բանակում օգտագործվող սպառազինության մեծ մասը տեղական արտադրության է։
Թուրքիան մտադիր է համագործակցել Արգենտինայի հետ անօդաչուների արտադրության հարցով:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ փետրվարին եռակողմ բանակցությունների շրջանակում կկայանա Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը կասկած է հայտնել ՄԱԿ-ի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունը ՄԱԿ-ի հասցեին. «Աշխարհն ավելին է, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները։
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը եւ Ջուանշեր Բուրչուլաձեն «Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակում եռակողմ հանդիպում են ունեցել Կարս քաղաքում։
Թուրքիան եւ Ադրբեջանը 2023 թվականին 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկրի որոշ դաշնակիցների մեղադրել է Թուրքիայում վիճակն ապակայունացնելու փորձի եւ Ստամբուլի Իսթիքլալ փողոցում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ: Սոյլուի խոսքը մեջբերել է Yeni Safak թերթը՝ նշելով, որ նա նկատի ուներ ԱՄՆ-ին։
Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան կառավարելու և նույն քաղաքականությունը իր երկրում առաջ տանելու փորձերի մեջ: «Հեռացրե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից»,- ասել է նա։
ԱՄՆ-ն Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստան քիմիկատների եւ միկրոչիպերի արտահանման պատճառով:
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը եւ Կիպրոսի թուրքերի հավասար միջազգային կարգավիճակը։ 1974 թվականին Թուրքիան ներխուժել է Կիպրոսի տարածք եւ գրավել տարածքի գրեթե 40%-ը։ Առայժմ միայն Թուրքիան է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսը»։
Թուրքիայի ոստիկանությունը 15 մարդու է ձերբակալել` Շվեդիայի եւ Նիդերլանդների հյուպատոսությունների վրա հարձակումներ ծրագրելու կասկածանքով: Շվեդիան եւ Նիդերլանդները Թուրքիայում սկիզբ առած զայրույթի կիզակետում են այն բանից հետո, երբ հակամուսուլմանական ակտիվիստը Ստոկհոլմում այրել է Ղուրանը։
Իրան
ԵՄ դիվանագետության ղեկավար Ժոզեպ Բորելը հրաժարվում է դադարեցնել իրանական միջուկային գործարքը փրկելու փորձերը նույնիսկ Իրանում բողոքի ցույցերը ճնշելու եւ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի Դաշնությանը ենթադրյալ օգնելու ֆոնին: Նա կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու այլ ճանապարհ չկա։
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իսլամական հեղափոխության օրվա կապակցությամբ համաձայնել է ներում շնորհել կամ մեղմել իրանցի բազմաթիվ դատապարտյալների պատիժը, այդ թվում՝ Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններից հետո բանտարկվածների:
Իրանում սկսվել են նավթային կոքսի խոշոր գործարանի շինարարական աշխատանքները: 2,2 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը կօգնի կրճատել ներմուծումն ու կստեղծի մոտ 8 հազար նոր աշխատատեղ:
Վենեսուելան մտադիր է զարգացնել Իրանի հետ համագործակցությունն էներգետիկայի եւ նավթարդյունաբերության ոլորտում: 2022 թվականին Վենեսուելայի նախագահի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրներն ստորագրել են 20-ամյա գործընկերության համաձայնագիր, որը ներառում է համագործակցություն գիտության, տեխնոլոգիայի, գյուղատնտեսության, նավթի եւ գազի, նավթաքիմիայի, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Իրանի մասին ոչ կառուցողական արտահայտությունների համար։ Մակրոնն ասել է, որ Իրանի միջուկային գործունեությունն «անխուսափելիորեն հետևանքներ կունենա»։
Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի զեկույցի հիման վրա համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում ուրանի հարստացման կապակցությամբ: Իսկ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, թե ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը սխալ եզրակացություն է արել և գիտակցել է իր սխալը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն ի վերջո օգնում են այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինային:
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Թեհրանի հետագա վարքագծից, ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Նրա խոսքով՝ իրանցիներն սկսել են մարտական անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին եւ հատել են սահմանագիծը։
Իրանում էլ ուսումնասիրում են Սպահանում ռազմական օբյեկտին ԱԹՍ-ների հարվածին Կիեւի հնարավոր մասնակցության աստիճանը համարժեք պատասխանելու համար:
Իրանում խոշոր կիբեռհարձակման պատճառով մի քանի րոպեով ինտերնետի անջատում է տեղի ունեցել:
Ֆրանսիայի հատուկ ջոկատայինները բռնագրավել են Իրանից Եմեն տեղափոխվող զենքի խմբաքանակ:
«Ադրբեջանի ՆԳՆ-ն ճզմել է Իրանի որջը». ադրբեջանական ԶԼՄ-ներն այս վերնագրով են անդրադարձել Ադրբեջանում ենթադրյալ իրանցի լրտեսների բացահայտման և կալանավորման լուրին:
Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի ռազմական օբյեկտի դեմ ԱԹՍ-ներով գրոհին:
Ադրբեջան
Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականից և այդ մատակարարումների հաշվին ապահովել գազի իր կարիքների մինչեւ 40%-ը:
Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ Ադրբեջանից Կենտրոնական Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու նախագծի իրականացման համար։ Նախատեսվում է Սեւ ծովի հատակով անցկացնել աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1195 կիլոմետր երկարությամբ: Եվրահանձնաժողովը նախագծի համար հատկացրել է 2,3 միլիարդ եվրո:
Էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը Ադրբեջանի իշխանություններին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ, աջակցել Հարավային գազային միջանցքի նախագծին` եվրոպացի գործընկերների էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար:
Հարավային գազային միջանցքի շուրջ Բաքվում բանակցություններ է վարում նաև Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Տարածաշրջան