ՍՊՈՐՏՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զորամասում սպորտմասսայական միջոցառումները նախատեսված են օրվա կարգացուցակով և իրականացվում են հանգստյան և տոն օրերին 3 ժամ, իսկ մնացած օրերին (շաբաթական երեք անգամ)` 2 անգամ 1 ժամով՝ նպաստելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խթանմանը, զինվորականների, նրանց ընտանիքների մշակութային ժամանցի կազմակերպմանը և քաղաքացիական բնակչության հետ կապերի ամրապնդմանը:
Սպորտմասսայական միջոցառումների ժամանակ լավագույն մարզիկները հանդես են գալիս ցուցադրական ելույթներով, տեղի են ունենում մրցույթներ, խաղեր և զվարճանքներ: Ամռանը դրանք սովորաբար անցկացվում են մարզադաշտերում, իսկ ձմռանը տոնական ծրագրում կարող են ներառվել նաև դահուկային մրցումներ:
Զինծառայողներին հնարավորություն է տրվում ինքնակամ ընտրելու այնպիսի մարզաձև, որտեղ նրանք կբարելավեն իրենց մարզական, կազմակերպչական, մեթոդական և մրցավարական հմտությունները, ինչը թույլ է տալիս ոչ միայն ամբողջ անձնակազմին համակարգված ներգրավել սպորտում, այլև հաշվի առնել յուրաքանչյուր մասնակցի անհատականությունը: Նման պայմաններում զինծառայողների մոտ ի հայտ են գալիս նոր կարողություններ և հետաքրքրություններ:
Բարձր սպորտային ցուցանիշներ արձանագրած զինծառայողները ընդգրկվում են տարբեր մարզական խմբակներում, մասնակցում համաբանակային և միջազգային մրցաշարերի:
Այսպիսով, սպորտմասսայական միջոցառումները չափազանց կարևոր դեր ունեն զինված ուժերում զինվորական անձնակազմի ֆիզիկական կատարելագործման և զարգացման գործում:
ՍԱՄՍՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
փոխգնդապետ
Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Ազգային բանակ