ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՒ ԶՈՐԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Զորամասի շարահրապարակում զինվորական երդման նախապատրաստական վերջին փորձերն են։ Նորակոչիկները սովորում են վերադասին ճիշտ ներկայանալու և դիմելու կարգը. բանակային կյանքի սկզբնական փուլի ամենակարևոր ու պատասխանատու իրադարձությանը պետք է պատրաստ լինել հավուր պատշաճի։
Սպաների ու փորձառու սերժանտների օգնությամբ նրանք սերտում են երիտասարդ մարտիկի շարային պատրաստության դասընթացը ամենապարզ նորմատիվներից սկսած՝ շարք կանգնել, զինվորական ճիշտ կեցվածք ընդունել, հրաման լսել ու կատարել:
Անշուշտ, ռազմական գործի առանձնահատկություններին լիարժեք տիրապետելը երկար ժամանակ ու ջանք է պահանջում։ Տղաները դեռ նոր են հարմարվում բանակային առօրյային ու կարգացուցակին, հրամկազմի օգնությամբ ծանոթանում իրենց իրավունքներին ու պարտականություններին, զորամասի պատմությանը և օրեցօր ավելի ու ավելի մեծ եռանդով տրամադրվում զինվորական ծառայությանը։
Նորակոչիկների հետ զրույցներից հասկանում ենք, որ նրանք հետպատերազմյան իրողություններն ու առկա մարտահրավերների ողջ լրջությունը գիտակցելով են եկել պարտքը կատարելու:
-Հայրենիքը բացարձակ արժեք է, որը պաշտպանելն ու զորացնելը բոլորիս սրբազան պարտքն է։ Ուստի, պետք է պատրաստվել, սովորել ու ծառայել անձնվիրաբար։ Իսկ այդ ամենի արդյունքն էլ տեսանելի կլինի ամիսներ անց, երբ կստանձնենք առաջին մարտական հերթափոխը,- ասում է նորակոչիկ Գեւորգ Լաբլաջյանը:
Զորամասում ավանդույթ կա։ Մինչև զինվորական երդումը տղաները հերոսների հուշապուրակում, անվանական ծառերի տակ, մոմավառությամբ հարգանքի տուրք են մատուցում, ապա հաջորդում է խոստման արարողությունը զորանոցներում կահավորված հավերժ զինվորի հուշանկյան մոտ։ Նորակոչիկները ծանոթանում են մերօրյա անմահ հերոսների սխրանքներին, բացառիկ քաջության դրվագներին և երդվում լինել հայրենիքի պատվի զինվոր ու պաշտպան։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Ազգային բանակ