Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունն ամերիկյան քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Ռուսաստանից՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին անկանխատեսելի հետեւանքների պատճառով։

ՆԱՏՕ-ի առցանց ռեսուրսները ենթարկվել են հաքերների գրոհի, որոշ ժամանակ անհասանելի է դարձել Հատուկ գործողությունների ուժերի շտաբի կայքը։ Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի կիբեռփորձագետների՝ գրոհների կազմակերպիչը ռուսական «Killnet» հաքերային խմբավորումն է։

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայություններն այս տարվա հունվարին 60 գրոհային են հավաքագրել Սիրիայում, որոնց նախատեսում են ուղարկել Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ՝ ահաբեկչություններ կատարելու համար։

Նորվեգիայի հետախուզական ծառայությունները նշել են, որ ՌԴ-ն իրենց երկրի համար ամենամեծ վտանգներից է։

Մոսկվայում կայացել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սագիբա Գաֆարովայի հանդիպումը։ Կողմերն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր։ Որոշում է կայացվել նաև ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ամբողջ կյանքում ապրել է ինչ-որ տեղ վանքում եւ չգիտի, թե ինչ է կատարվում աշխարհում։ Նաև նշել է, թե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչեւ տարեվերջ, և եվրոպական պետությունները ստիպված կլինեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում։

Ռուսաստանը Մոլդովայում դիվերսանտների ներգրավմամբ սահմանադրական կարգի տապալման գործողություններ է ծրագրում, հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշել է, որ համապատասխան տվյալներն ստացել են ուկրաինացի գործընկերներից։

The Guardian պարբերականի տվյալներով՝ 2022 թվականին Իրանը հեռահար մարտական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է փոխանցել Ռուսաստանին։

Շվեյցարական Credit Suisse բանկը արգելափակել է ավելի քան 19 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները, ինչը կազմում է Շվեյցարիայում հայտարարագրված ռուսական ակտիվների մեկ երրորդը։

ՆԱՏՕ-ի առաջնորդները մտավախություն ունեն, որ Մեծ Բրիտանիայի զինուժը պիտանի չէ Ռուսաստանի դեմ պաշտպանության համար։  Գերմանիան տարեվերջին Մեծ Բրիտանիային պետք է փոխանցի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ղեկավարությունը, սակայն, հնարավոր է, գերմանական կողմի ղեկավարման ժամկետը երկարացվի մինչև բրիտանական բանակում առկա խնդիրները լուծվեն, ապահովվի  անհրաժեշտ անձնակազմի պատրաստությունը: Որոշ զինվորականների գնահատմամբ՝ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաթույլ վիճակում է:

ԱՄՆ պաշտոնյաներն իրենց հայտարարություններում, ըստ էության, ընդունում են, որ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյուններն իրենց ձեռքի գործն են, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ին խանգարում էր Ռուսաստանի ու Գերմանիայի չափազանց լավ համագործակցությունը՝ հիմնված ռուսական էներգետիկ ռեսուրսների եւ գերմանական տեխնոլոգիաների վրա։

Ռուսական «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարները պայթեցրել են ամերիկացիները եւ նորվեգացիները, հայտարարել է ամերիկացի հետաքննող լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը։ Գործողությունը ԱՄՆ Կոնգրեսից գաղտնի նախապատրաստվել է 2021 թվականի վերջից՝ նախագահ Բայդենի ցուցումով։ Հեռակառավարվող ռումբերը, իբր, տեղադրվել են 2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո, իսկ երեք ամիս անց գործարկվել են նորվեգացի մասնագետների կողմից։ Պենտագոնում մեղադրանքները հերքում են։

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, բայց առանց նախապայմանների:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ցրվածության պատճառով երրորդ համաշխարհային պատերազմն սկսել, իր Telegram ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, ընդմիշտ փակում է Ուկրաինային զենք մատակարարող 77 ամերիկացիների մուտքը երկիր։

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովն ասել է, որ Անկարայի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են, անվանացանկն ընդլայնվում է։ «Եզրակացություններն ինքներդ արեք»,- հավելել է դեսպանը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ նախարարության պահանջներին համապատասխան կստեղծվի Երկրի զոնդավորման արբանյակային համակարգ, որը կնպաստի զորքերի արդյունավետության բարձրացմանը։

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին՝ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելու համար։ Ինչպես մենք էինք Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հետ միասին, հիմա էլ Ադրբեջանն է մեզ հետ, ասել է Էրդողանը։

Թուրքիայում երկրաշարժից տուժած 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է մտցվել։ Ուժգին երկրաշարժը երկրի տնտեսությանը ավելի քան 84 միլիարդ դոլարի վնաս է հասցրել։

Էրդողանը խոստացել է մեկ տարվա ընթացքում նոր բնակարաններ կառուցել տուժածների համար։ Նա օգնության խոստումներ է տալիս, մինչդեռ իշխանություններից դժգոհությունը ուժեղանում է: Երկրաշարժից փրկվածները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունների դանդաղկոտության և ոչ ճիշտ գործողությունների հետեւանքով բաց է թողնվել մարդկանց փրկելու կարեւորագույն պահը։ Իսկ ոչ թուրքաբնակ շրջաններում պետությունն ընդհանրապես պասիվ է։ Նախագահ Էրդողանն ինքն էլ խոստովանել է, որ դժվարություններ են առաջացել ձմեռային պայմաններում բոլոր  տուժած նահանգներին օգնություն ուղարկելու հարցում:

Իսկ այդ ընթացքում թուրքական լրատվամիջոցները ուղիղ եթերում անջատում են երկրաշարժից տուժածների բողոքների հեռարձակումը։

Միևնույն ժամանակ, երկրում չեն դադարում նախընտրական կրքերը։ Շատերը կարծում են, թե պետք է հետաձգել մայիսի 14-ին նախատեսված ընտրությունները։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր գործիչների մի մասը դեմ է հետաձգմանը. Էրդողանին նույնիսկ մեկ օր ավելի իշխելու հնարավորություն չեն ցանկանում տալ։ Երկրաշարժի հետևանքների վերացմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքից է կախված՝ կհաղթի արդյոք նա 2023 թվականի նախագահական ընտրություններում։

 

ԻՐԱՆ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։ Այցի ընթացքում Իրանն ու Չինաստանը համագործակցության վերաբերյալ 20 համաձայնագիր են ստորագրել ճգնաժամային կառավարման, զբոսաշրջության, հաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, միջազգային առեւտրի, մտավոր սեփականության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Իրանը հայտարարել է միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակելու մասին։

Իրանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձին նվիրված մեծ հանրահավաքի ժամանակ ցուցադրել է «Էմադ» բալիստիկ հրթիռը եւ «Շահեդ-136» անօդաչուն։ Կամիկաձե անօդաչուն ունի դելտանման թեւեր եւ կարող է գործել առանց թռիչքուղու: Գործողության հեռահարությունը 1800-2500 կմ է։

Առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի իրանական  արտադրության առաջին ինքնաթիռը։

2023 թվականի հունվարի 29-ին Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվողները ձերբակալվել են։ Ապացուցված է իսրայելցի վարձկանների մասնակցությունն այդ հարձակմանը։

Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է երեք անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Իրանական կողմը հայտնում է, որ 90 երկիր ցանկանում է իրանական ԱԹՍ-ներ ձեռք բերել։

Իրանի ռազմաօդային ուժերը ներկայացրել են իրենց ստորգետնյա ավիաբազան, որը կունենա նոր կործանիչներ, նաև հրթիռներ տեղակայելու հնարավորություն։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթաքիմիական հումքի արտադրության, վաճառքի և մատակարարման գործընթացներին առնչություն ունեցող 9 ընկերությունների նկատմամբ։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Իտալիան մտադիր է Ադրբեջանին չորս գազային տուրբինների վաճառքի պայմանագիր կնքել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե նոր ուսումնական փուլի շրջանակներում ադրբեջանական բանակի զորամասերում և զորքերում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անցկացվել են զորավարժություններ միաժամանակ ավիացիայի, նավատորմի և հրետանու մասնակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության համագործակցության» ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբն անցկացրել է «Օպերատիվ մակարդակում գործողությունների գնահատում» դասընթացը, որին մասնակցել են ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների զինծառայողներ:

Դասընթացի շրջանակում ճեպազրույցներ և պարապմունքներ են անցկացվել «ՆԱՏՕ-ի և ռազմական համագործակցության», «ՆԱՏՕ-ի գործողությունների պլանավորման գործընթացի», «ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատման», «ՆԱՏՕ-ի գործողությունների վերլուծության համակարգերի և համապարփակ մոտեցման» թեմաներով։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը համատեղ նախագիծ են սկսել՝ «Աջակցել Ադրբեջանի ականազերծման գործակալության կարողությունների ընդլայնմանը՝ նախկին հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձի համար»:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Տարածաշրջան


17/02/2023