Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ԴԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ



ԱՐՑԱԽԻ ԴԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄՊատմական Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը, ըստ V դ. հայ պատմագիր Փավստոս Բուզանդի՝ «Արձախի ամուր գավառը», հայ հոգևոր-մշակութային և գիտակրթական կյանքի խոշորագույն և անփոխարինելի կենտրոն է։ 301-305 թթ. Վաղարշապատում հիմնադրելով քրիստոնեական աշխարհի առաջին՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Գրիգոր Լուսավորիչը Արցախում IV դ. սկզբում կառուցում է նաև Ամարասի վանքը՝ համահայկական քրիստոնեական մշակույթի խոշոր օջախը։ Մեսրոպ Մաշտոցն էլ V դ. սկզբում Ամարասում է բացում Արցախի և ողջ Հայաստանի առաջին հայալեզու դպրոցը։ V դ. է հիմնադրվել և XIII դ. հիմնովին վերանորոգվել հայկական գրչության նշանավոր կենտրոններից մեկը՝ Գտիչ վանքը (Դիզակ-Հադրութ), V-VI դդ. են կառուցվել Օխտը Դռնի վանքը (Տումի և Մոխրենես գյուղերի մոտ), Վաչագանի (Վանքասարի) եկեղեցին, Հոռեկա և Եղիշե Առաքյալի վանքերը։ Արցախում են գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներ, հայ հոգևոր-մշակութային հայտնի կենտրոններ Գանձասարի վանքը (կառուցվել է 1216-1236 թթ., օծվել 1240 թ. նշանավոր հայ պատմագիր Կիրակոս Գանձակեցու մասնակցությամբ), Դադիվանքի վանական համալիրը (1241 թ.), Հակոբավանքը (XII-XIX դդ.)։ Արցախում է գտնվում Շուշի քաղաքի հռչակավոր Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին (կառուցվել՝ 1868-1887 թթ., օծվել՝ 1888 թ., 1920-1992 թթ. մասնակի քանդվել էր թուրք-ադրբեջանական ագրեսիայից, սակայն հիմնովին վերանորոգվելով՝ 1998 թ. հուլիսի 19-ին վերաբացվել էր, օծվել և գործում էր մինչև 2020 թ., երբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան նորից քանդեց-վնասեց և բռնագրավեց այն)։

Թուրք-ադրբեջանական բարբարոսները 1921-1990 թթ. ընթացքում Արցախում ավերել, քանդել, ոչնչացրել են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, հոգևոր այլ կառույցներ, գերեզմանատներ, ջնջել բազմաթիվ արձանագրություններ։

ԱՐՑԱԽԻ ԴԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄԱնհնարին է պատկերացնել Արցախն առանց ռազմական գործի, գործիչների ու ռազմարվեստի։ Արցախի այրուձին կարևոր մասնակցություն է ունեցել 451 թ. Ավարայրի ճակատամարտում՝ ընդդեմ պարսկական լծի։ Ղարաբաղի մելիքները էական դեր խաղացին Սյունիքում Դավիթ-Բեկի գլխավորած հակաթուրքական հայ ազգային-ազատագրական մարտերում։ Արցախցի կամավորականները Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հերոսաբար մարտնչեցին թուրքական բանակի դեմ։ Ղարաբաղի մելիքները Հայաստանը պարսկական լծից ազատագրելու մեծ գործը հասցրին արևմտաեվրոպական ու ռուսական արքունիքներ՝ Հայկական հարցը քննարկելով կայսրերի ու զորավարների հետ։ Այս ասպարեզում պատմական հետք են թողել Եսայի Հասան-Ջալալյանը, Ավան Յուզբաշին (Հովհաննես Հարյուրապետը), Յուզբաշի Աթաբեկովը (Հարություն Աթաբեկյանը), նրա որդիներ Վան և Հակոբ Հարյուրապետերը։ Արցախը ռուսական բանակին է տվել հռչակավոր  զորավարներ՝ գեներալ-լեյտենանտ  իշխան Վալերիան Մադաթովը (Մեհրաբենց Ռոստամ, ծնվ.՝ 1782 թ. Ավետարանոց գյուղում), գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը (Լազարյան, ծնվ.՝ 1820 թ. Շուշի), գեներալ-լեյտենանտ Պավել Մելիք-Շահնազարովը (ծնվ.՝ 1854 թ. Շուշի) և այլք։

Արցախից են նաև հետագա փառապանծ զինվորականներ՝ Դանիել Բեկ Փիրումյանը, Պավել Բեկ Փիրումյանը, Ալեքսան Բեկ Փիրումյանը, ԽՍՀՄ նավատորմի փոխծովակալ Վլադիմիր Փիրումովը, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովը, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովը, գեներալ-լեյտենանտ Հակոբ Մելքումովը, Սերգեյ Սարդարյանը, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, գեներալ-մայորներ՝ Գրիգոր Բաղյանը, Ռուբեն Գաբրիելյանը, Ռուբեն Տեր-Սահակովը, Վալենտին Իսրայելյանը և ուրիշներ։ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 45000 արցախահայ, որի կեսը զոհվել է մարտի դաշտում, իսկ 21-ը դարձել ԽՍՀՄ հերոս (2-ը կրկնակի հերոս)։

Արցախահայությունը բնակչության 1000 մարդուն համընկնող բարձրաստիճան զինվորականների և գիտնականների թվով նախկին ԽՍՀՄ-ում հավասարը չի ունեցել։

Արցախահայությունը տվել է պետական, քաղաքական, կրոնական, գիտական, կրթական, արվեստի, գրականության շատ հայտնի դեմքեր՝ Բոգդան Կնունյանց, Ալեքսանդր Բեկզադյան, Եղիշե Ասծատրյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյան։ Գիտնականներ՝ Անդրանիկ Իոսիֆյան, Սերգեյ Բալասանյան, Ալեքսանդր Մանասյան, Հրաչիկ Շաքարյան և այլք։ Բանաստեղծներ՝ Մուրացան, Հակոբ Հակոբյան, Գուրգեն Բորյան, Աշոտ Գրաշի, Բագրատ Ուլուբաբյան, պատմաբան Լեոն, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

Հայ հոգևոր-մշակութային, գիտակրթական կյանքում մեծ է Արցախի երբեմնի վարչաքաղաքական կենտրոն Շուշի քաղաքի դերը։ Շուշին դարձավ հայ մշակույթի խոշոր կենտրոններից մեկը, որտեղ զարգացավ հայկական մշակույթը։ Շուշին Արցախի հնագույն բնակավայրերից է, և նրա պատմության վերաբերյալ փաստեր, հուշարձաններ պահպանվել են դեռևս IX դ. սկսած։ Շուշին 1724 թ.  բերդ-ամրոց էր և 1840 թ. ստացավ քաղաքի կարգավիճակ՝ իր գերակշիռ հայ ազգաբնակչությամբ։ Շուշիում գործել են Սուրբ Աստվածածին (1816 թ.), Նոր կամ Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ ժամ», 1818 թ.), Սուրբ Աստվածածին (Ագուլեցոց, 1822 թ.), Սուրբ Աստվածածին (Մեղրեցոց, 1838 թ.) և Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց, 1868 թ.) եկեղեցիները։

ԱՐՑԱԽԻ ԴԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄՇուշիում գործել են 12 դպրոցներ, այդ թվում՝ 1864 թ. Սուրբ Մարիամյան օրիորդաց դպրոցը։ Այս դպրոցներում մանկավարժական գործունեություն են ծավալել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Հրաչյա Աճառյանը, Լեոն, Ղազարոս Աղայանը, Վահրամ Փափազյանը և ուրիշներ։

Շուշիում 1828 թ. լույս է տեսել առաջին գիրքը՝ «Պատմութիւն Սուրբ Գրոց», որին հետևել է տպագրության բուռն գործը։ Շուշիի տպարաններում տպագրվել են 19 հայկական, երկու ռուսական թերթեր, հանդեսներ՝ «Հայկական աշխարհ», «Ծիածան», «Փայլակ», «Ղարաբաղ», «Քնար խոսնակ» ամսագրերը, «Նեցուկ» թերթը, «Шушинский листок», «Шушинская жизнь» ամսագրերը։ Հայ մեծանուն գրող Րաֆֆու, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Լեոյի, Առաքել Բահաթրյանի շատ գրքեր առաջին անգամ տպագրվել են հենց Շուշիում։ Այս գործում մեծ դեր է ունեցել 1881 թ. հիմնադրված Միրզաջան Մահտեսի Հակոբյանի տպարանը։

Շուշիում 1860-ական թվականներից սկսած բուռն զարգացում ապրեց թատերական ու երաժշտական արվեստը, ստեղծվեցին թատրոններ ու թատերախմբեր, որոնց մեջ 1865 թ. հիմնադրված «Խանդամիրյան թատրոնը», որն ուներ 350 տեղանոց դահլիճ։ Շուշիի թատրոններում հանդես են եկել հայ մեծ դերասաններ Պետրոս Ադամյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը, Գեւորգ Չմշկյանը, Հովհ. Զարիֆյանը, Վահրամ Փափազյանը, Օլգա Գուլազյանը և ուրիշներ։ Շուշիում են ելույթ ունեցել Կոմիտասը, Քրիստափոր Կարա Մուրզան, վերջինիս ջանքերով քաղաքում ստեղծվել է երգչախումբ։ Արցախն ու Շուշին հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից են։ Դեռևս 1890-ական թթ. Շուշիի հարևանությամբ՝ Վանանդում, Կոմիտասը ձայնագրել է այդ ժանրին բնորոշ բարձրարժեք մի նմուշ՝ «Ձիգ տո՛ւ, քաշի՛…» ստեղծագործությունը։

Արցախն ու Շուշին հայկական քաղաքակրթության անմիջական ու անքակտելի մասն են։ Շուշին երկնային արծիվների բերդ է։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Հոգևոր-մշակութային


17/02/2023