Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ ՄԻԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ



ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ ՄԻԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ«Մեր մշակույթը և նրա բազմաճյուղ նվաճումները, որ դժվարին ժամանակներում ձեռք ենք բերել և կուտակել, միայն պատմության սեփականությունը չեն, այլ մեր գոյության, մեր էության հիմքն են, առանց որի ազգը չի կարող լինել»:

Խորեն Պալյան

 

Հայ հոգևոր երաժշտության գիտակ և պահապան, մանկավարժ, շարականագետ, մեր միջնադարյան հոգևոր ժառանգության նվիրյալի համար այս գաղափարը եղել է կյանքի բանաձև: Իսկ յուրաքանչյուր արվեստագետ, ասես, այն ոսկե բանալին է, ում միջոցով աշխարհն իր համար բացում է քաղաքակրթության ևս մի դուռ՝ կատարյալին ևս մի քայլով մոտենալու համար: Ու ամեն արվեստագետ նաև ինքն է այն միջնորդը, ում շնորհիվ աշխարհը ճանաչում է իր ազգին:

Կանադայում երկար տարիներ բնակվող հայտնի  ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանի անունը հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում, Վրաստանում, Իրանից մինչև Մեքսիկա, Թայվան, Մալայզիա… Որպես մենակատար հանդես է գալիս տարբեր նվագախմբերի հետ: Եվ որտեղ էլ ստեղծագործում է՝ բարձրացնում է հայ մշակույթը: Եվրոպացի, ռուս հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին նրա կատարմամբ հնչում են հայ կոմպոզիտորների գործերը, որոնք արվեստագետի մեկնաբանությամբ աշխարհին ու գալիք սերունդներին հասցնելու են նաև հայ քաղաքակրթության լույսը՝ որպես համամարդկային արժեք:

-Ազգայինը բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար,- ասում է երաժիշտը: Ու սա Ռուբենի ստեղծագործական կյանքի բանաձևն է:

Նշենք, որ Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի ուղին սկսել է ինը տարեկանից՝ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր բեմերում: Չորս տարեկանում երաժշտության առաջին դասերն առել է հորից՝ ալտահար, մենակատար, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կոսեմյանից. նա եղել է Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահարը (1990 թվականից):

Ալեքսանդր Կոսեմյանն իր ավանդն է բերել միջնադարյան հայ հոգևոր երաժշտությունը վեր հանելու, փոխադրելու նվիրական գործում (նրա ձայնագրությունները մտել են Հայաստանի պետական ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ):

Երաժշտական աշխարհում նրան իմաստուն ու ազնվական ալտ են անվանում. արվեստագետ, ով սրբազան երկյուղածությամբ է մոտենում հայ մշակույթի գանձերին: Ռուբեն Կոսեմյանը հայրիկից ստացավ նաև մեր ազգային մշակույթը գնահատելու առաջին դասերը: Դրա վկայությունն են հայ մշակույթը պահպանելու և աշխարհով մեկ տարածելու նպատակին ուղղված նրա ջանքերը: Հեղինակել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որտեղ ի թիվս եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների՝ միջազգային ունկնդրին է ներկայացնում հայ մշակույթի անգին մարգարիտները:

Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների 72 փոխադրություններ՝ սկսած Սկարլատտիից մինչև Առնո Բաբաջանյան:

Արվեստագետի համար այս տարին ևս անցնում է ստեղծագործական որոնումների մեջ: Ռուբեն Կոսեմյանն Իսպանիայում լույս է ընծայել նոր ձայնասկավառակ, որտեղ տեղ են գտել Յոհան Բրամսի ստեղծագործությունները: Առաջիկայում տպագրվելու են նաև Սերգեյ Պրոկոֆևի վեց պիեսները՝ Ռուբեն Կոսեմյանի փոխադրությամբ, որի աշխատանքներն իրականացնելու ընթացքում հետաքրքիր համագործակցություն է ունեցել կոմպոզիտորի թոռան հետ:

ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ ՄԻԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸՌուբեն Կոսեմյանը հաճախ է լինում հայրենիքում, որպեսզի ամեն ջանք ներդնի արվեստի մեծ աշխարհ ոտք դնող հայ երեխաներին օգտակար լինելու, նրանց վարպետության դասեր տալու համար: Հայտնաբերում է տաղանդավոր երեխաներին, որոնց շարքերում վստահաբար լինելու են մեր վաղվա մեծ անունները:

Նա հաճախ է հանդիպում նաև ուսանողների հետ, ծնվում են օգտակար զրույցներ, որոնք կյանքում նրանց օգնելու են բացահայտելու մարդ-արարածին ու աշխարհը: Հենց այդ հանդիպում-զրույցներից մեկը տեղի է ունեցել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ապագա նկարիչները զրույցի ընթացքում որսացել են Մաեստրոյի կերպարը, և յուրաքանչյուրը նրա դիմանկարը պատկերել է յուրովի: Եվ ծնվել է այս հետաքրքիր պատկերաշարը, որտեղ Ռուբեն Կոսեմյան-արվեստագետի ստեղծագործական կյանքի դրվագներն են: Կարո՞ղ եք պատկերացնել մի, օրինակ, իրավիճակ, երբ աշխարհի մեծ բեմերը, գրեթե բոլոր մայրցամաքներում խստապահանջ օտար հանդիսատեսի սրտերը նվաճած երաժիշտը պատրաստվում է համերգ տալու մի դպրոցի դահլիճում, բայց ինչ-որ հանգամանքների բերումով դահլիճում ներկա է միայն մեկ հոգի: Դժվար է պատկերացնելը, բայց եղել է նման դրվագ: Եվ միայն վեհ հոգիներին է հատուկ այդ մեկ հանդիսատեսի հանդեպ ունենալ խոր հարգանք ու նրա համար նվագել ամբողջ համերգային ծրագիրը: Այսպիսին է Ռուբեն Կոսեմյան-արվեստագետն ու մարդը, ով գիտի տեսնել ու վեր հանել այդ մեկ մարդու հոգում գոյություն ունեցող տիեզերքը:

…Աշխարհի որ երկրում էլ ապրի ու ստեղծագործի Ռուբեն Կոսեմյանը, հոգով ու մտքով միշտ հայրենիքում է։ Նա անտարբեր չէր նաև 2020 թվականին Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի նկատմամբ, երբ զոհվեցին հազարավոր հայ երիտասարդներ:

-Խոր վշտով ընդունեցի յուրաքանչյուր հայի մահվան լուրը, ով պետք է հերոս լիներ ոչ թե մարտի, այլ գիտության ու մշակույթի դաշտում։ Նրանք մեր ժողովրդի ապագան էին…

Իսկ մեր զինվորներին մաղթում եմ ուժ ու կորով։ Ուզում եմ, որ չնայած դժվարություններին, մենք հավաքենք մեր ողջ ներուժը և կարողանանք նայել դեպի ապագա։ Սահմանապահին մաղթում եմ անփորձանք ծառայություն, և թող բոլորն առողջ վերադառնան տուն։ Թող հիշեն, որ իրականում նրանք մեծ ժողովրդի արժանի զավակներն են, որոնք դեռ խոսելու են աշխարհի հետ։

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Հոգևոր-մշակութային


17/02/2023