Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆԸ



ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆԸԶորակոչի ավարտից հաշված օրեր անց զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկներն  արդեն հարմարվում են բանակային առօրյային։ Չնայած անբարենպաստ եղանակին, երիտասարդ մարտիկի ծրագրով նախատեսված պարապմունքները սկսված են։ Տղաները սովորում են շարային քայլք,  զեկուցման ճիշտ կարգն ու առանձնահատուկ ջանասիրությամբ պատրաստվում զինվորական կյանքի նշանակալի իրադարձությանը՝ երդման արարողությանը:

-Շարքային Եսայան, զինվորական երդում ընդունելու համար ինձ մոտ։

-Լսում եմ։

-Շարքային Հարությունյան, զինվորական երդում ընդունելու համար ինձ մոտ:

-Լսում եմ:

Այսպես, շարային հրապարակի այս ու այն կողմերից լսվում են հրամաններ և այդ հրամանները պատրաստ կատարելու նորակոչիկների «Լսում եմ» պատասխանները: Երևում է, որ առաջիկա զինվորական երդման արարողությանը զորամասում հավուր պատշաճի պատրաստվելու համար ջանք ու եռանդ չեն խնայում և՛ հրամանատարները, և՛ նորակոչիկները:

-Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հարազատներս կլսեն հայրենիքին ծառայելու իմ հանդիսավոր երդումը: Մոտ մեկ ամիս է, ինչ ծառայության մեջ եմ, բայց լիարժեք  գիտակցում եմ  զինվորի կոչումը և  պատրաստ եմ ուժերիս ներածին չափով կատարել իմ առջև, որպես ապագա հրետանավորի, դրվելիք յուրաքանչյուր խնդիր՝ ուսումնական, թե մարտական,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Ռադիկ Եսայանը:

-Ես էլ եմ սպասում այդ օրվան, որպեսզի հայրենիքիս անձնվիրաբար և ազնվորեն ծառայելու երդում տամ: Գիտեմ նաև, որ հրետանավորի մասնագիտություն եմ ձեռք բերելու: Լիարժեքորեն գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ դրվելու է իմ ուսերին,- ասում է Էդգար Հարությունյանը, որի հայրը որպես կամավորական մասնակցել է 44-օրյա պատերազմին և բանակ գնացող որդուն հորդորել է երբեք չթուլացնել զգոնությունն ու հիշել, որ մեկ զինվորն անգամ մարտի դաշտում կարող է փոխել իրավիճակը:

Նորակոչիկների շարքերում կան նաև զինվորական գործին քաջատեղյակ տղաներ, որոնցից մեկն էլ Աշոտն է։ Նա «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի շրջանավարտ է և այժմ հպարտությամբ է կրում  ազգային բանակի համազգեստը.

-Չորս տարի սովորել եմ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում: Ծանոթ եմ կրակային պատրաստությանը, շարային քայլքին: Մի խոսքով, բանակի այբուբենին ծանոթ եմ: Անմիջապես հարմարվել եմ, դժվարություններ չկան: Վստահ եմ, առաջիկա ամիսները նույնպես կանցնեն անխոչընդոտ, և պատրաստ եմ ուսումնական զորամասում ստացած գիտելիքներս կիրառել ծառայության ընթացքում:

-Հրետանային  ուսումական  զորամասն ավարտած  յուրաքանչյուր զինվոր պատրաստ է ստացած գիտելիքներն ու ձեռք բերած փորձը հավուր պատշաճի կիրառել զորքերում հետագա ծառայության ընթացքում,- վստահեցնում է զորամասի հրամանատարի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը:

Եվ հենց այս հստակ գիտակցմամբ, հայրենի հողն ու սահմանները պաշտպանելու վճռականությամբ նորակոչիկները կերդվեն անմնացորդ ու անձնվիրաբար ծառայել Հայրենիքին եւ նպաստել ազգային բանակի հզորացմանն   ու առաջընթացին՝ պատրաստ յուրաքանչյուր պահի կատարելու ցանկացած առաջադրանք։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Ազգային բանակ


17/02/2023