Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ



ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄԿառավարության որոշմամբ սահմանվել է ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: Ատեստավորումը ներառելու է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության ստուգումը թեստային տարբերակով՝ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության գործնական գնահատումը:

Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով կանցկացվի կամավոր հիմունքներով և պարտադիր ատեստավորում:

-Մարտական խնդիրների և դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը ներառում է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն-քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական, ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և վերջինիս օպերատիվ, տեխնիկական, թիկունքային եւ բժշկական ապահովման, մարտական, զորահավաքային, բարոյահոգեբանական պատրաստության, ինչպես նաեւ զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը,- կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կառավարության նիստում պաշտպանության նախարարը ներկայացրեց ատեստավորման կարգի, ծրագրի մեկնարկի մանրամասները, հավելավճարների չափերը, ընդգծելով, որ պայմանագրային զինծառայողի աշխատավարձն այս բարեփոխումների շնորհիվ էականորեն կբարձրանա։

-Մարտական հերթապահություն կատարելու պարագայում գործող 211000 դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422000 դրամ: Ատեստավորումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում և 10 հանձնաժողովների միջոցով: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած, կրակային, ֆիզիկական և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները,- մանրամասնեց պաշտպանության նախարարը:

Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ զինծառայողներին կտրամադրվեն քննական մասնագիտական նյութերը, կտրվի որոշակի ժամանակ պատրաստվելու համար, և հետո արդեն ատեստավորմանը մասնակցող խմբերը կներկայանան հանձնաժողովներին։

Ատեստավորումը զինված ուժերի բարեփոխումների բաղադրիչներից մեկն է, որի նպատակն է ձևավորել պրոֆեսիոնալ բանակ մարտունակ ստորաբաժանումներով և սոցիալական երաշխիքներով ապահովված զինծառայողներով։ Ատեստավորմանն արդեն իսկ պատրաստվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միացած ժամկետային զինծառայողները, ովքեր այժմ ինտենսիվ մարզումներ են իրականացնում։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #06 (1471) 15.02.2023 - 21.02.2023, Ազգային բանակ


17/02/2023