ԻՐԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԾՐԱՑՆՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Լրագրողների հետ ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հանդիպումից մեկ օր անց Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության և դրա անկանխատեսելի հետևանքների մասին է խոսել նաև արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ու հավելել, որ Մոսկվան ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները դա կանխելու համար:
Լավրովը հստակ հայտարարել է, որ Արևմուտքի նման քայլն ընդամենը յուղ կլցնի շիա-սունիական հակամարտության արդեն իսկ բորբոքվող կրակի վրա, կսկվի շղթայական ռեակցիա, որն անհայտ է, թե երբ կդադարի, և բազմանշանակ ասել, որ ինքը չի պատրաստվում գուշակել, թե Իրանի նկատմամբ երբ ռազմական ուժ կկիրառվի, քանի որ Մոսկվան ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար:
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Իրանի արտգործնախարարի այն հավաստիացման, թե երկիրը, ի հեճուկս ֆիզիկոս-ատոմագետ Մոստաֆա Ահմադի-Ռոշանի սպանության, պատրաստ է շարունակել երկխոսությունն Արևմուտքի հետ, հայտարարել է, որ Լոնդոնը չունի Թեհրանի հետ բանակցությունների վերսկսման որևէ ծրագիր, և քանի դեռ Իրանը չի հստակեցրել իր մտադրությունները, միջազգային հանրակցությունը շարունակելու է ուժեղացնել գործադրվող ճնշումները:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան