Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԱՏԱԶԷՆ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ



«ԱԶԱՏԱԶԷՆ»-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸՕրերս Երևանում՝ «Էլիտ Պլազա» կենտրոնի «Մանթաշև» դահլիճում, տեղի ունեցավ Հայաստանում զենքի մշակույթի ձևավորմանը նպաստող «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության առաջին համագումարը, որի  օրակարգում 2022 թ. կատարած  աշխատանքների ամփոփումն էր:

«Ազատազէն»-ի խորհրդի հիմնադիր անդամ Սպարտակ Կյուրեղյանը բացելով համագումարը՝ ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց թիմի անդամներին և բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ մեկ տարվա ընթացքում հասել են զգալի հաջողությունների, և ամենակարևորը՝ ունեն տարածք, որի վրա ձևավորվել է հրաձգարան, և ստեղծվել են ռազմամարզական վարժանքների այլ կարևոր պայմաններ, մարզվելու համար ձեռք են բերվել համապատասխան զինատեսակներ։ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ի նախագահ Իշխան Գևորգյանն իր ելույթից առաջ ամբիոնի մոտ՝ հատուկ հենարանի վրա տեղադրեց 200-ամյա մի սուր, որը, ըստ բանախոսի՝ պատրաստվել է 19-րդ դարում՝ Հայոց Ուտյաց նահանգի Գարդման գավառի հրաշագեղ Բանանց գյուղում՝ հայ զինագործների կողմից։ «Մենք՝ հայերս, Ազատազէնի գաղափարները կրում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ չգիտեինք ազատազեն բառը ու հիմա էլ ուզում ենք, որ այս թուրը մեր գաղափարների մարմնավորումը լինի»,- ասաց Իշխան Գևորգյանը։

Իր ելույթում «Ազատազէն» ՀԿ գործադիր տնօրեն Հրանտ Մանասյանը ներկայացրեց կառույցի կազմավորման պատմությունը, որը հիմնվելուց 2-3 ամիս անց գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն։ Հաջորդ քայլը մեծ հրաձգարանի համար տարածք գտնելն էր։ Փնտրտուքից հետո հաջողվեց գտնել տարածք ու Ջրվեժի մոտակայքում իր չափսերով և պայմաններով եզակի հրաձգարան ստեղծել ու սկսել կրակային պարապմունքները թիմի անդամների ու կամավորների համար։ Կազմակերպել են կրակային պարապմունքներ, մրցույթներ,  զուգահեռ՝ զբաղվել բարեկարգման աշխատանքներով։ Հրաձգարանում կազմակերպվել է «Հավք» ԱԹՍ մրցույթի նախնական փուլ, դիպուկահարների մրցույթ, ՈՄԱ մասնաճյուղերի մրցույթ, ՆԶՊ դասընթացներ և մարզային հրաձգության մրցումներ։

Խոսելով ապագա անելիքների մասին՝ կառույցի խորհրդի անդամները նշեցին «Ազատազէն»-ի հիմնական նպատակները՝ զենք կրելու մշակույթի զարգացումը, ռազմակրթական ենթակառուցվածքների զարգացումը, համապարփակ անվտանգային համակարգի կայացումը, օրենսդրական համապատասխան փոփոխությունները և այլն։ Զենքի հետ կապված ՀԿ-ի տեսլականներից է հետևյալը. «Հայաստանում զենքի մշակույթը դարձնել կենցաղի մաս, զինագործությունը զարգացած և ինքնաբավ, առկա է բավարար ներուժ ու դիմակայություն՝ խաղաղություն պարտադրելու համար։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում Գյումրիում և Գորիսում հրաձգարաններ բացելու ուղղությամբ։ Խորհրդի նպատակն է 2027 թվականին ընդլայնել ենթակառուցվածքները, ունենալ 12 հրաձգարան, 3 զենքի խանութ, 2 ուսումնական կենտրոն, 150 հրահանգիչ, 1000 լիիրավ անդամ և 10 000 աջակից անդամ։

Համագումարի երկրորդ մասը նվիրված էր կառույցի խորհրդի կազմի, տնօրենի, վերստուգողների ընտրությանը։ Նոր խորհուրդը և վերստուգողներն ընտրվեցին մեկ տարի ժամկետով։ Խորհրդի նախագահ ընտրվեց Իշխան Գևորգյանը, իսկ կազմակերպության տնօրեն՝ Նաղաշ Բաղդասարյանը։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Բանակ և հասարակություն


24/02/2023