Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԳՐԻՉԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԶԵՆՔ



ԵՐԲ ԳՐԻՉԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԶԵՆՔԱրցախյան ազատագրական պայքարում հայ զինվորը մեկ անգամ ևս ապացուցեց իր քաջության, խիզախության, դիմացկունության, զինվորական հնարամտության ու հայրենասիրության անկրկնելիությունը։ Այսօր, փորձելով վերարժևորել ազատության ու անկախության համար մղված պայքարում ծնունդ առած հայոց բանակի կազմավորման ու զարգացման երեք տասնամյակից ավելի տարիների պատմությունը, անհրաժեշտաբար վերապրում ենք մեր այդ դժվարին տարիներին ձեռք բերված նվաճումներն ու հաղթանակները։

Ազատության կղզյակ Արցախի ռազմաբեմում գիտակցորեն ու ամուր հավատքով կռվեցին հաղթանակներ, և ոսկե տառերով գրվեցին մեր նորօրյա հայոց պատմության էջերը։

Ծովացած վիշտ ու ալեկոծող տառապանք պատճառած մարդկային կորուստներ, որոնք  ժամանակակիցներիս կենսակերպի տվյալ շրջանի անբաժանելի մասը լինելով՝ դարձել են հուշ և ձեռակերտ հուշարձան, խորախորհուրդ նկար ու կտավ, հոգեցունց երգ ու տաղ, գրոց շտեմարան։

Ահա այսպիսի մի գրոց շտեմարան է դարձել հեղինակային հրատարակությամբ արդեն հանրության դատին հանձնված վաստակաշատ լրագրող Արևհատ (Արևիկ) Ամիրյանի հեղինակած «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» ստվարածավալ գիրքը։ «Ես հասկացա,- նշել է հեղինակը,- որ 44-օրյա պատերազմում իմ զենքն էլ իմ գրիչն է, որը պարտավոր է հերոսացնել, անմահացնել, սերունդներին, պատմությանը թողնել հայրենյաց նահատակների անունն ու սխրանքը։ Գրքի վերնագիրն ու խորագիրն էլ հենց ցավի այդ խելահեղ ընթացքում ծնվեցին։ Հասկացա, որ դա էլ իմ բաժին պատերազմն էր, որը պարտավոր էի հաղթել և նվիրել նահատակների ծնողներին, կանանց, զավակներին»։

Լրագրողի գրիչը զենք դարձրած՝ պայքարել է հանուն պատմական անեղծելի արդարության վերահաստատման և կերտել հարյուր հավերժացածների անհատական ու ինքնատիպ դիմանկարներ։ Արցախի ռազմաբեմում Վարդանի, Անդրանիկի, Պետոյի և այլոց արժանավոր ժառանգորդների անունն ու կատարած սխրանքները թղթին հանձնելով, հայոց նորօրյա Ավարայրի ու Սարդարապատի հերոսապատումներն ու դրանց կերտողների փաղանգը լրացրածների անունները հեղինակը ժամանակի հյուսվող ծալքերին է պատվիրակել նվիրումով ու մեծ հավատով։

Անտարակույս, ստվարածավալ ու հրատարակչական բարձր որակով 2022 թվականին տպագրված «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» գրքի հաջողությանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ այդ նույն Սիսական աշխարհի ծնունդ հեղինակի աչքի առջև են հասակ առել ու հայրենասիրության անսպառ ոգով դաստիարակվել և անմահության ուղին գերադասած զավակներից շատ շատերը։

Եվ որքան էլ տարեցտարի հեռանան մեզանից այդ դժնդակ օրերի ավարտված ընթացքն ու դրանց պատկերները, տեղատվության դառնությունն ու հաղթական կամքի բերկրանքը, միևնույն է, կմնան որպես կենդանի հիշողություն ու սերունդներին ուղղված պատգամ-հիշատակ։

Ահա այս ընկալմամբ էլ Սիսականի դյուցազունները՝ գենետիկ հիշողության և արյան կանչով, հանուն ազատության ու անկախության իրենց ունեցած անփոխարինելին՝ սեփական կյանքը զոհաբերածները մեզ ու հաջորդող սերունդներին են թողել իրենց իսկ կողմից կերտված անօրինակ, աներևակայելի քաջության հրաշապատում լեգենդներ, պատմություններ: Եվ հայտնի ու անհայտ ամեն մի սխրանք կյանքի տիեզերածառը կերտած քաջազուն զավակների ներկա ու գալիք սերունդներին ոտքի կանգնեցնող ու, դրանով հանդերձ, խաղաղության երաշխավոր պաշտպանական համակարգը զարգացնող անպարտելի ուժ է, հրաշափառ լույս թունելի ծայրին, հայ Գոյին ճիշտ ճանապարհ ուղղորդող հայկյան հավատ ու վստահություն, անսասան ու մշտավառ ջահ:

 

ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ՊՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ անվան ՌՀ

ավագ դասախոս, պահեստազորի  փոխգնդապետ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Հոգևոր-մշակութային


24/02/2023