Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ



ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՄանկավարժ Աննա Հովնանյանի երկու որդիները՝ Նարեկն ու Տիգրանը, անցել են պատերազմների միջով։

-Երբ հետադարձ հայացք եմ ձգում, մտածում եմ՝ ինչպես ապրեցինք այս ամենը… Ապրեցի՞նք արդյոք, հարցրեք պատերազմում որդիներ, հայրեր, ամուսիններ ունեցողներին, հարցրեք որդիներ կորցրած մայրերին, ամուսին կորցրած կնոջը, հորը կորցրած փոքրիկին…

Տղաներիս պատմած պատերազմական օրերի հիշողությունները հետագայում իրենց տղաներին պատմելու համար եմ գրառել, որպեսզի նրանց արյան մեջ էլ սերմանեմ Հայրենիք և Հայրենասիրություն գաղափարները,- անկեղծանում է զինվորների մայրը:

 

 

 Քարվաճառ

Սեպտեմբերի 27, 2020 թվական

 

Եղբայրները

 

Սանչաստում քնած զինվորը հանկարծ ջերմություն զգաց, բացեց աչքերն ու լսեց եղբոր անհանգիստ ձայնը.

-Ախպե՛րս, վե՛ր կաց, պատերազմ է…

Մի կերպ մահճակալի տակից գտավ հողաթափերն ու վազեց դռան կողմը։ Երկնքից անձրևի նման կրակ էր թափվում։

-Վազում ենք դեպի անտառ, այնտեղ ապահով է,- եղբայրն էր։

Վազելիս մի պահ հետ նայեց, սանչաստն էլ չկար, հավասարվել էր հողին։

-Ախպե՛րս, ի՞նչ է կատարվում, ի՞նչ անենք…

Եղբայրը, չնայած մեծն էր, բայց երկու ամիս էլ չկար, որ  զորակոչվել էր, իսկ կրտսերն արդեն ութ ամսվա ծառայող էր։ Օմարի բարձունքից երեք օր առաջ էր իջել՝ ոտքերի վերքերը բուժելու։

-Լավ կլինի,- հուսադրեց կրտսերը,- սպասենք, տեսնենք ինչ կասեն։

Եղբայրը լուռ ոտքերից հանեց գուլպաներն ու բատինկեքն առանց գուլպա հագավ։

-Ի՞նչ ես անում, կմրսես։

-Հագի՛ր, գոնե նասկիներով մնա, մինչև բատինկեք գտնեմ քեզ համար։

Երկինքը հանկարծ նորից տնքաց, ու ռումբերն անձրևի պես թափվեցին: Մեծ եղբայրն իր վրա զգաց ինչ-որ մեկի մարմինը, փորձեց շարժվել, չկարողացավ։

Երբ լռեց որոտը, վեր կացան։ Զայրացավ, երբ տեսավ, որ փոքր եղբայրը մարմնով փակել էր իրեն։

-Էլ նման բան չանես, ես մեծն եմ, ես պիտի քեզ պաշտպանեմ։

-Էհ, ախպե՛րս,  կռիվն այնպիսի բան է, որ մեծ ու փոքր չի ճանաչում։

Երեկոյան մեծ եղբայրն անհետացավ։ Որոշ ժամանակ անց եկավ բատինկեքը ձեռքին.

-Տե՛ս ոտքիդ կլինի՞:

-Որտեղի՞ց գտար։

-Մի՛ հարցնի, հագի՛ր, տիրոջն այն էլ պետք չէր։

-Գժվե՞լ ես։

-Երևի: Բայց արի շատ չգժվենք, մերոնք մեղք են…

Հագավ բատինկեքն ու հանկարծ հեռախոսի զանգի ձայն լսվեց։

-Տնից է, դու խոսիր,մաման է…

-Չէ՛, ես չեմ կարող, դու փորձիր…

-Հա՛, մե՛րս, ո՞նց եք։ Դե, մենք ոչինչ, լավ ենք։ Հիմա գնում ենք ճաշարան, հետո կզանգեմ…

Մթնում էր, զորքը անտառում պատսպարվել էր ու հույսով սպասում էր, որ լուսաբացին ամեն ինչ կավարտվի…

Լույսը բացվեց ռումբերի պայթյունով….

Նորակոչիկներին հավաքեցին, որ ռմբապաստարաններ տանեն։ Եղբայրները պիտի բաժանվեին, Նարեկն Օմար պիտի բարձրանար, հզոր «Կորդն» իրեն էր սպասում։ Հրամանատարը չթողեց եղբոր հետ լեռներ՝ դիրքեր պահելու գնար, ասաց՝ դեռ ձեր հերթը չի։ Բաժանումը անպատմելի ծանր էր, չգիտեին՝ նորից իրար կտեսնե՞ն…

 

ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ***

 

16 հոկտեմբերի, 2020 թվական

 

Մրոտված ձեռքերով զենք էին բարձում հերթական մեքենան, երբ լսեցին անօդաչուի սուլոցը։

-Թաքնվե՛ք, արա՛գ,- լսվում էր ամեն կողմից։ Հանկարծ ծնոտին հարված զգաց, բայց ժամանակ չկար, պիտի թաքնվեին։ Աչքերի առաջ չբարձած զենքերը պայթում, ու բեկորները օդ էին թռչում։ Զինվորը փակեց աչքերն ու զգաց, որ դեմքը տաքանում է: Ձեռքով երեսը մաքրեց, բայց փոշու մեջ չնկատեց ձեռքերի արյունը։ Երբ մի քիչ խաղաղվեց, սկսեցին հավաքվել ողջ մնացածներով ու փնտրել վիրավորներին։

-Ախպե՛րս, էս ի՞նչ վիճակում ես,- լսեց կողքից ընկերոջ ձայնը,- սպասիր մաքրենք արյունը։

Ցավ չէր զգում, ցավը հոգու խորքում լուռ թաքնվել էր։

-Չէ՛, չի կտրվում արյունը, վիրահատություն է պետք։ Հավաքեք վիրավորներին, մեքենան հիմա կմոտենա, իջեցնենք Վարդենիս։

Մրաջուր էր թափվում երեսից, երբ լվանում էին,  սովոր չէր, նեղվում էր.

– Բժի՛շկ, կներես, քանի օր է՝ չենք լվացվել։

-Նորմալ է, տղե՛ս,  քեզ առողջություն։

-Ես պիտի բարձրանամ վերև, բժի՛շկ։

-Չէ՛, տղա՛ս, քեզ պիտի Մարտունի ուղարկեմ, հանկարծ վերքդ ավելի չբարդանա։

-Չէ՛, բժի՛շկ, ես պիտի գնամ, եղբայրս, ընկերներս էնտեղ են, ես էնտեղ պետք եմ։

-Հասկացա, տղե՛ս, բայց առողջ ես պետք։ Զինվորին իջեցնել  հիվանդանոց, արագացրե՛ք։

 

***

 

Տաք, մաքուր անկողին արդեն 19 օր չէր տեսել։

Երազում տեսավ տանն է, ու մայրը արթնացնում է, որ դասի գնա։ Շուռումուռ եկավ անկողնում: Կարծես՝ մոր համբույրն զգաց ու արթնացավ…

Եղբայրն անհանգիստ զանգում էր.

-Ո՞նց ես։ Մամայենք ուրիշներից կիմանան, կվատանան, տուն զանգի։

Հավաքեց իրեն ու զանգեց.

-Մե՛րս, Մարտունիում եմ, կգաք՝ ձեզ տեսնեմ, հետ գնամ։ Հա՛, կարտոշկի ժարիտը չմոռանաս, քո ձևով սարքեսխ բերես, կարոտել եմ։

Տուն զանգելուց հետո մտավ բժշկի մոտ.

-Բժի՛շկ ջան, էս վիրակապս մի քիչ փոքրացրու, հերս ու մերս են գալիս։

Ինն օր էլ չդիմացավ.

-Ախպերս իջել է ներքև, ես պիտի Քարվաճառ գնամ, բժի՛շկ ջան, դուրս գրեք ինձ, ես լավ եմ:

 

***

 

Եղբայրները մի ամիս հետո հանդիպեցին։ Դա հանդիպում չէր, բառերով նկարագրել հնարավոր չէ… Մնացին միասին երեք օր, ու կրտսերը նորից բարձրացավ  Օմար։

-Աստված քեզ հետ, ախպե՛րս, զգույշ կլինես, խնդրում եմ։

Նոյեմբերի ութին ու իննին թշնամին նորից կատաղեց ու նորից կրակի հեղեղ էր տեղում։

Ամսի տասին ասացին՝ ամեն ինչ վերջացել է… Զինվորներն Օմարը չէին ուզում լքել… Զորքն իջեցրին Վարդենիս, բայց մեծ եղբայրը մնաց կամավորների հետ՝ Դադիվանքի մոտ…

 

***

 

12 մայիսի, 2021 թվական

 

Վարդենիսում առավոտյան տագնապ տվեցին, ու զորքն արագ դիրքեր բարձրացավ։ Մոր սիրտն առավոտյան  վատ կանխազգացում ուներ, ինչ իմանար, որ որդիները նորից թշնամու հետ ճակատ ճակատի են տալիս։ Նորից դժվար օրեր…

-Թշնամուն էլ տալու հող չունենք, վստահ ասում էին տղերքը։ Իսկ մայրն աղոթում էր հավատքով, որ երբ աղոթքները վեր բարձրանան, օրհնությունները կիջնեն ներքև։ Ու պատգամ էր հղում որդիներին.

Ների՛ր ինձ Աստվա՛ծ,

Ների՛ր, մարդկությո՛ւն,

Գիտեմ, որ դաժան բան եմ ես ասում։

Ես հայ եմ, մայր եմ, կին, ուսուցչուհի,

Բայց, դե, տղերքիս ես պատգամ տվի՝

Ուժը ձեր բազկին, Աստված թիկունքին,

Թե որ պահը գա հանուն մայր հողի,

Հանուն ձեր սուրբ մոր,

Ուզում եմ, որ ձեր ձեռքը չդողա։

Գիտեմ, թե որքան բարի եք, մաքուր,

Բայց ձեր հետևում Հայրենիքն է մեր։

Դուք դա միշտ հիշեք, իմ տղերք հզոր,

Իսկ ես կաղոթեմ,

Մոր աղոթքի դեմ մահն էլ է անզոր։

Հուլիսին նորից կռիվ տվեցին ու նորից զոհեր ունեցան, նորից մահը աչքերի առաջ կանգնեցին ու պաշտպանեցին սահմանները։

 

***

 

16 նոյեմբերի, 2021 թվական

 

Նորից կրակոցներ, նորից վիրավորներ ու զոհեր… Մայրը հոգին ալեկոծ սպասում է որդիների զանգին, հետեւում պաշտոնական հաղորդագրություններին,  զոհվածների ու վիրավորների անունների  մեջ տղաներինը փնտրում… Գժվել կարելի է…

Մայրն առավոտից անհանգիստ էր: Օրն ինչպես միշտ աղոթքով էր սկսել, բայց սիրտը տեղից դուրս էր գալիս։ Տղաներից ոչ մի լուր չունեին։ Հանկարծ լսվեց բաղձալի զանգը.

-Ամեն ինչ լավ է, մե՛րս։

-Տղե՛ս, խնդրում եմ, ճիշտն ասա։

-Դե, մե՛րս, էս անգամ էլ Աստված փրկեց մեզ։ Նորմալ է, չմտածես։

Չմտածես, մա՛յր, լաց չլինես, ապրիր նորմալ կյանքով, խոսքեր են, որ ասում են տղերքս, իրենք կրակի տակից սրտապնդում, գոտեպնդում են մեզ…

Քանի տղամարդ կարող է վստահ կանգնել թշնամու դեմ դիմաց, քանիսը կարող է պարծենալ, որ պաշտպանում է իր Հայրենիքը, տունը, ծնողներին։ Քանի տղամարդ կարող է  աչքերն առանց թարթելու նայել մահվան աչքերին…

 

ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Բանակ և հասարակություն


24/02/2023