Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ



Զինված ուժերում շուտով կմեկնարկի ատեստավորման համալիր գործընթացը, որը արհեստավարժ բանակի ձևավորման կարևոր նախապայմաններից է: Ատեստավորմանը գերազանց ներկայանալու  համար զորքերում սկսվել են մարզումները, տեսական, գործնական, ֆիզիկական և կրակային միջոցառումները:

Միջոցառումների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելեցինք խաղաղապահներին:

-Այժմ զորամասում ֆիզպատրաստության պարապմունքներ են, մեծ ուշադրություն ենք դարձնում վարժությունների ճիշտ կատարմանը, ինչը նպաստելու է բարձր գնահատականներ ստանալուն: Ատեստավորման ժամանակ արագության, ուժի հետ մեկտեղ շատ է կարևորվում նաև զինծառայողների դիմացկունությունը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում պտտաձողի վրա ձգումներին, 100 մ վազքին և կրոսին՝ 1, 2 և 3 կմ,- ամփոփ իրավիճակն է ներկայացնում զորամասի ֆիզպատրաստության և սպորտի պետ Ռոբերտ Պողոսյանը:

-Անշուշտ,  այս ծրագիրը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը, կլուծի զինծառայողների սոցիալական շատ հարցեր,- ասում է Գեղամ Պետրոսյանը:

-Ֆիզիկական պատրաստությունն ավելի ենք կարևորում, քանզի այն  նաև զինծառայողների մարտական պատրաստության աստիճանի բարձրացմանն է նպաստելու,- նշում է Արարատ Մելքոնյանը:

Կարեն Հակոբյանն էլ հավելում է՝ անձնակազմը բարձր տրամադրությամբ է մասնակցում ատեստավորման գործընթացին: Անելու ենք ամեն ինչ, որ ստանանք բարձր գնահատականներ:

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/02/2023