ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
Մեծ է հայ կնոջ ներդրումը նաև ռազմական ոլորտում։ Ներկայումս ՀՀ զինված ուժերում ներգրավված է ավելի քան 2000 կին զինծառայող, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Անուշ Հովհաննիսյանն է: Այսօր ավագ լեյտենանտ Անուշ Հովհաննիսյանը, որպես դասակի հրամանատար, ծառայում է խաղաղապահ բրիգադում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար:
-Ինչո՞ւ հենց զինվորականի մասնագիտությունն ընտրեցիք,- հարցնում եմ զրուցակցիս:
-Հայրենիքի սահմաններն ամուր պահելու, զավակիս պաշտպանելու մայրական մղումը ինձ բերեց բանակ: Չէ՞ որ Հայրենիքի անվտանգությունը նաև կնոջ ձեռքերում է…
-Իսկ ընտանիքն ինչպե՞ս է ընդունում, որ տան կինը, մայրը ամսվա կեսը դիրքերում է լինում:
-Ամուսինս նույնպես զինվորական է՝ պահեստազորի սպա: Նա իմ կողքին է, որպես փորձառու զինվորական իր խորհուրդներով միշտ օգնում է ինձ:
-Անո՛ւշ, դժվարություններ, առաջին հայացքից նույնիսկ անհնարին թվացող, անշուշտ, լինում են: Ինչպե՞ս եք հաղթահարում:
-Իհարկե, լինում են, բայց երբ գիտակցում ես, որ քո թիկունքում ծնողներդ ու երեխաներդ են, բոլոր դժվարությունները հաղթահարելի են դառնում:
-Ինձ պատմել են, որ Ձեր հմուտ և համարձակ գործողությունների շնորհիվ փրկվել է Ձեր ծառայակից ընկերոջ կյանքը:
-Դիրքերում ինժեներական աշխատանքներ էինք կատարում: Հակառակորդի կրակոցից զինակից ընկերս՝ Ենոքը, վիրավորվեց ու ընկավ թմբի վրա: Մինչ հաջորդ կրակոցը ես հասցրի ակնթարթորեն Ենոքին թմբից իջեցնել: Հիմա, երբ վերհիշում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես մի քանի վայրկյանում նրան իջեցրի թմբից: Այդ ի՞նչ գերբնական ուժ էր: Հետո ձայնեցի, որ արագ առաջին բուժօգնության պարագաները և պատգարակը մոտեցնեն: Բարեբախտաբար, Ենոքը ոտքից էր վիրավորվել: Մինչև շտապ օգնության մեքենայի մոտենալը, բժշկական լարանով ուժեղ արնահոսությունը դադարեցրինք: Փառք Աստծո, ամեն բան բարեհաջող ավարտվեց. Ենոքին վիրահատեցին, արդեն ապաքինվում է:
-Անո՛ւշ, փաստորեն, այստեղ էլ մի ընտանիք եք, իրար թև ու թիկունք:
-Իհարկե: Բոլորս էլ ծառայում ենք մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Հենց իմ զինակից ընկերների խիզախության, զգոնության, հայրենասիրության արդյունքն է, որ մեր դիրքը ճանաչվել է որպես լավագույն մարտական դիրք:
Հարցազրույցը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆԻ
Լուսանկարը՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Ազգային բանակ