Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԴ, ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ԸՆՏԱՆԻՔԴ



ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԴ, ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ԸՆՏԱՆԻՔԴԱճարկուտը մոտ է առաջնագծին: Բնակիչների համար այն հարազատ բնօրրան է, որտեղ ապրում և արարում են: Աճարկուտն էլ անմասն չի մնացել 44-օրյա պատերազմից. բնակիչներից շատերը մասնակցեցին այդ պատերազմին, իսկ ժամկետային զինվոր Դավիթ Շահնազարյանը կռվից չդարձավ տուն: Պատերազմից հետո սահմանապահ աճարկուտի բնակիչների համար հայրենիքն առավել թանկ ու հարազատ է դարձել:

-Հայրենիքն ու ընտանիքը առաջնագծում ծառայողի համար նույնն են: Պաշտպանում ես հայրենիքդ՝ պաշտպանում ես ընտանիքդ: Ունենք զոհված հրամանատարներ, ծառայակից ընկերներ, զինվորներ, եղբայրներ, որոնց գործը պիտի շարունակենք: Պատերազմից հետո բոլորիս մոտ հայրենասիրությունը կրկնապատկվել, եռապատկվել է: Կյանքը փոխվեց, գուցե ոչ հարյուր տոկոսով, բայց փոխվեց ամեն առումով:

Այստեղ՝ առաջնագծում, իրար հետ շփվում ենք ինչպես ընտանիքում: Փոխադարձ հարգանքի, մարդկային ջերմ մթնոլորտն է իշխում մեր հարաբերություններում, մեկը մյուսին օգնում է ինչով կարող է,- անկեղծանում է պայմանագրային զինծառայող Թաթուլ Գրիգորյանը:

Թաթուլը 2009-ին է ավարտել պարտադիր ժամկետային ծառայությունը և անմիջապես համալրել է բնակավայրին մոտ տեղակայված պայմանագրային գումարտակի շարքերը։ 2020-ին հերթափոխում գտնվող ստորաբաժանման կազմում մեկնել է Արցախ՝ աջակցելու պաշտպանական ուժերին։

Հանրապետության հյուսիսարևելյան սահմանի բարձունքներից անզեն աչքով տեսանելի են հայկական և ադրբեջանական գյուղերը՝ տեղ-տեղ ընդհատվող ասֆալտապատ ճանապարհներով, որոնք ժամանակին բնակավայրերը միմյանց կապող բանուկ ուղիներ են եղել: Այսօր սահմանի երկայնքով մի կողմում հայկական զինուժի ստորաբաժանումներն են, մյուսում՝ ադրբեջանական։ Տղաներից տեղեկանում ենք, որ սահմանագծի այս հատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում չեն գրանցվում։

-Անձնակազմի մարտունակությունը բարձր է, և ամեն պահի պատրաստ ենք հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ հետ մղելու,- վստահեցնում է արդեն մեկ տասնամյակից ավելի առաջնագծում ծառայող պայմանագրային Արամազդ Հակոբյանը, որի ժամկետային ծառայությունը նույնպես առաջնագծում է անցել ու զորացրվելուց հետո չհարմարվելով քաղաքացիական կյանքին, որոշել է համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը:

Աճարկուտցի Դավիթն էլ, երևի, ամեն օր աչքի առաջ ունենալով այս տղաներին, մի օր վստահ հայտարարել էր, որ ինքն անպայման պիտի ծառայի ազգային բանակում։ Եվ ծառայեց: Մասնակցեց նաև 44-օրյա պատերազմին ու հերոսաբար զոհվեց:

-Հայկական օջախներում պետք է անպայման տղաներ ծնվեն, որովհետև տղան գենի, ազգանվան շարունակողն է, հորական տան սյունն է, իսկ վերջում նաև հայրենիքի պաշտպանը: Մենք էլ շատ էինք ուզում տղա ունենալ և ունեցանք: Աստված մեզ մի հրաշք պարգևեց, ու մեր կյանքն ավելի իմաստալից ու գունեղ դարձավ: Շատ չարաճճի, ավելի ճիշտ, շատ աշխույժ երեխա էր: Որոշեցինք սպորտի տալ, որպեսզի նրա էներգիան մի քիչ սպառվի: Հաճախեց սամբոյի խմբակ, մարզվեց ու մեկ անգամ էլ իր տարիքային խմբում դարձավ Հայաստանի չեմպիոն: Ճիշտ է, դպրոցում լավ չէր սովորում, բայց շատ պարտաճանաչ էր:

Ծառայությունը սիրեց: Արձակուրդ էր եկել, սակայն չէր ուզում տանը մնալ, մի ոտ շուտ ուզում էր զորամաս վերադառնալ: Միշտ ասում էր. «Էլ ինչ տղա, որ պոստ չփակի»,- վերհիշում է մերօրյա հերոսի մայրը՝ Սոնա Ավետիքյանը:

-Երբ մի անգամ զանգեց, ասացի՝ տղա՛ ջան, դուխդ տեղը պահի, դուխից չընկնես, պատասխանեց. «Պապ ջան, դուխս տեղն է ու մի բան էլ ավելի, չմտածես»,- հիշում է հայրը՝ Դարչո Շահնազարյանը:

Նոյեմբերի յոթին Դավիթը վերջին անգամ է զանգում Շուշիից… Մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ Դավիթը զոհվել էր բեկորային վնասվածքից՝ Շուշիի մատույցներում։

Հադրութում եղած ժամանակ զանգել է քրոջը, խնդրել իրեն Րաֆֆու վեպերից «Խենթն» ու «Կայծերը» ուղարկել: Սկսվեց պատերազմը, ու գրքերն այդպես էլ տեղ չհասան, Դավիթը գրական կերպարներով ոգեշնչվել չհասցրեց, ինքը դարձավ մեր նորօրյա պայքարի ու հերոսականության առանձին մի օրինակ։

Ծառայակիցները պատմում են, որ պատերազմի ընթացքում Դավիթն ինչ-որ պահի հրամանատարին է փոխարինել ու կարողացել իրենց վստահված տեղանքի ամուր պաշտպանություն կազմակերպել և անգամ ոտքի վիրավորումից հետո, ընդդիմանալով բուժակի հորդորներին, շարունակել է մնալ տղաների կողքին, ղեկավարել մարտը՝ ակտիվ հրետակոծության տակ անգամ անձամբ մարտի դաշտից դուրս բերելով վիրավոր ծառայակիցներին։

Աճարկուտցի Մանվելն իր աչքով է տեսել՝ ինչ հերոսաբար էին կռվում հայ զինվորն ու սպան։

-Պատերազմը ինքդ քեզ ճանաչելու հնարավորություն է, ապրելը բեռ կթվա, եթե իրականության աչքերին նայելու քաջություն չունենաս, իսկ իրականությունն այն է, որ որքան շուտ ուղղենք մեր մեջքն, այնքան լավ: Հայրենիքի առաջ բոլորը պետք է հավասար պատասխանատվություն ունենան, -ասում է պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրված Մանվել Ավետիքյանը:

Աճարկուտցի Դավիթ Քամալյանը դեռևս Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Իսկ 2020-ին կամավորագրվեց պատերազմի վերսկսման լուրն առնելուն պես։

-Հոկտեմբերի 1-ի գիշերը, ժամը 12-ի կողմերը, ճանապարհ ընկանք դեպի Արցախ և հոկտեմբերի 2-ին ժամը տասին ես արդեն Մատաղիսում էի: Զինվորին սատարելու համար չպետք է սպասես հրամանի: Ամեն պահի պետք է պատրաստ լինել: Եթե դու հայ տղամարդ ես, և քո առողջական վիճակը, ֆիզիկական վիճակը ներում է՝ պետք է մասնակցես հայրենիքիդ պաշտպանության կռվին: Իրավունք չունես երկմտելու և պետք է նույնիսկ առանց հրամանի զինվորագրվես:

44-օրյա պատերազմն իմ կյանքում շատ բան փոխեց: Հայրենիքի, կյանքի, շրջապատի մասին մինչ այդ ունեցած պատկերացումները փոխվել են: Դարձել եմ ավելի ուշադիր, ավելի զգայուն ու նրբանկատ: Հայրենիքը սիրելը հենց այնպես չի տրվում, նախ՝ ինքդ քո մեջ պիտի բացահայտես, թե ինչն ես դու ինքդ Հայրենիք համարում: Սկզբում պիտի հողը քո ներսում Հայրենիք դարձնես,- անկեղծանում է Դավիթը:

Իր տան պատշգամբից Դավիթը հանդիպակաց բարձունքն է ցույց տալիս՝ հրեն Վանքը, 17-րդ դարի կառույց է։ Ինքնաճանաչողության ճանապարհը Դավիթն սկսել է բարձունքին թիկնած Սուրբ Աստվածածին վանքի արձանագրությունները վերծանելով, հետո միտքը հասել է է՛լ ավելի հին ժամանակներ ու էլի եկել թառել է վանքի կիսավեր գմբեթին: Ինքն իր բաժին հայրենիքը գտել է մեկընդմիշտ. հայոց աշխարհն է իր հայրենիքը, իսկ իր տունն այստեղ է՝ սահմանապահ Աճարկուտում։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/03/2023