ՔՅՈՒՐԱԹԱՂ
Արցախի Դիզակ գավառի պատմությունն սկիզբ է առնում դեռևս վաղնջական ժամանակներից։
Հայկական Դիզակ գավառի մասին հիշատակության հանդիպում ենք վրաց Իրակլի 2-րդ թագավորի ստորագրած փաստաթղթերից մեկում. «… Армяне хамские к военству весьма храбрые…» (Խամսայի հայերը պատերազմում չափազանց խիզախ են)։ Իսկ Բեյրութի մոտ գտնվող Զմմառի վանքում պահվում է 1584 թ. Ավետարան՝ արտագրված Աբրահամ աբեղայի ձեռքով, որտեղ հիշատակություն կա նաև հայկական Դիզակ գավառի մասին։
Լեռնային անտառածածկ Քյուրաթաղ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 74 կմ։
Ըստ գյուղանվանն առնչվող մեկնաբանություններից մեկի՝ ծագել է բարբառային քյուրա՝ կրակ բառից, որն էլ ա հոդակապով միաձուլվելով թաղ արմատին՝ ստացել է կրակի թաղ նշանակությունը։
Քյուրաթաղ գյուղը Արցախի Հանրապետության հարավային հատվածում է, նախկին Դիզակ գավառում, Արևասար լեռան արևելահայաց լանջի ստորոտում։ Գյուղը հիմնադրվել է Հականոր կոչվող տեղամասում, որտեղ մինչև վերջերս պահպանվել էին հին գյուղատեղիի մնացորդները։ Քյուրաթաղ գյուղը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կերպ է անվանվել՝ Կիրաթաղ, Խորքյուրաթաղ, Հյուքյուրաթաղ, Դուդուկչի։
Քյուրաթաղին առնչվող պատմական տեղեկությունները բավականին աղքատիկ են։ Այդ բացը լրացնում են գյուղում և նրա մերձակայքում պահպանված նյութական մշակույթի բազմատեսակ հուշարձանները և վիմական արձանագրությունները, որոնք էլ փաստում են գյուղի ծաղկուն և բարգավաճ վիճակն առանձնապես ուշ միջնադարում։
Գրավոր աղբյուրներից հայտնի է, որ 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներից Քյուրաթաղ գյուղը ևս հայտնվում է Հադրութի շրջանի ավերված գյուղերի թվում։ Օրինակ՝ 1905 թ. սեպտեմբերի 3-ի «Մշակ» թերթը գրում է. «…մահմեդական խուժանը հարձակվել է Քիւրաթաղ (Դուդուկչի) գիւղի վրա և իսպառ կողոպտել է այդ գիւղը»։
Գյուղը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (1743 թ.), Վնեսա ամրոց (10-14-րդ դդ.), միջնադարյան գյուղատեղիներ և գերեզմանոց (18-19-րդ դդ)։
Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ՝ կառուցված կոպտատաշ ու սրբատաշ քարերով։ Միակ մուտքը հարավային կողմից է, որ աչքի է ընկնում իր շքեղ զարդաքանդակներով։ Համաձայն մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1683 թվականին։ Խաչաքանդակի ձախ կողմում փորագրված է. «Շինեց[ա]ւ սբ եկեղեցիս թվ. ՌՃԼԲ (1683 թ.) ի թ[ա]գ[աուորու]թի[ւ]ն Սուլիէմանին, կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]ս[ու]թի[ւն] Երեմիայի»։ Եկեղեցու որմերին պահպանվել են տասից ավելի արձանագրություններ, որոնցից երկուսը վերաբերում են շինարարությանը, իսկ մյուսները նվիրատվական են։
Շահ Սուլեյմանը թագավորել է 1666-1694 թթ., իսկ Երեմիա Բ Հասան-Ջալալյանցի հայրապետության տարիներն են 1676-1700 թվականները։ Հետևաբար, վիմագրի մեջ նշված կառուցման թվականը կասկած չի հարուցում։ Եկեղեցու պատերին ագուցված են մի քանի խաչքարեր, որոնք ունեն հիշատակագրային արձանագրություններ։ Դրանցից մեկը թվագրված է 1683 թվականով։
Քյուրաթաղ գյուղից հյուսիս-արևմուտք գտնվում է Արցախի նշանավոր բերդերից մեկը՝ Վնեսա բերդը՝ Քյուրաթաղի և հարևան բնակավայրերի անվտանգության ապահովման լավագույն միջոցներից մեկը։ Նրա աշխարհագրական դիրքը հնարավորություն է տվել ազդանշանային կապ ապահովել մյուս բերդերի՝ Դիզափայտի, Քթիշի, Ղլեն քարի և Բրդահոնջի հետ։ Վնեսա բերդի ուղեկալը հսկողության տակ էր պահում Արաքսից հյուսիս ընկած տափարակով կատարվող անցուդարձը։ Արևելյան, արևմտյան և հարավային կողմերով Վնեսա բերդը շրջապատված է ձորերով, իսկ արևմտյան մասով միանում է Վնեսա սարին։ Պահպանված աշտարակները, դարպասը, տարբեր շինությունների հետքերը և ավերակները հիմք են տալիս ենթադրելու, որ սկզբնական կառույցը թվագրվում է IX-X դարերով։ Մինչև 44-օրյա պատերազմը գրեթե ամբողջությամբ պահպանվել էր բերդի 10-12 մետր բարձրություն ունեցող աշտարակներից մեկը։
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նկարագրելով Վնեսա բերդը, գրում է. «Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բակերով, իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բերուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւրների ջրերից, որք կան ճանապարհի վերայ»։
1990 թ.-ին Քյուրաթաղում կազմավորվում է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ռ. Ղարայան, Է. Նավասարդյան), որի հիմքի վրա 1992-ին ստեղծվում է Հադրութի պաշտպանական շրջանի վաշտերից մեկը։ Ջոկատը մասնակցում է Հադրութի և Վարանդայի շրջանների ազատագրական մարտերին։ Քյուրաթաղի ինքնապաշտպանությանը մասնակցել է նաև Էջմիածնի կամավորական ջոկատը։
Արցախի մյուս բնակավայրերի նման Քյուրաթաղ գյուղը նույնպես կրում է մարդկային կորուստներ, ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ հայրենի հողի պաշտպանության և ազատության համար արդար պայքարի ելած ազատամարտիկների շրջանում։
Երկրորդ աշխարհամարտին Քյուրաթաղից մասնակցել է 112 հոգի, որից զոհվել և անհետ կորել են 62-ը։ Ողջ մնացած հերոսներից էր օդաչու, մայոր Աշոտ Գասպարյանը, որը կատարել է շուրջ 300 մարտական թռիչք: 1944 թվականին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչում։
2020 թ. 44-օրյա պատերազմում Քյուրաթաղ գյուղը հայաթափվում է եւ անցնում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Հոգևոր-մշակութային