Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ, ՄԻՋՆԱԴԱՐ



ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ, ՄԻՋՆԱԴԱՐ«Հայ զինվորի» հյուրասրահում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին է:

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Երևանի հնագիտությանը նվիրված աշխատանքները շատ քիչ են: Քաղաքի հնագիտական հետազոտությունը, հատկապես այնպիսի մեծ քաղաքի, ինչպիսին Երևանն է, խնդրահարույց է, քանի որ ժամանակակից քաղաքի տարածքը մշտապես ենթարկվում է վերափոխումների: Առաջին հնագիտական հետազոտություններն այս տարածքում կատարվել են դեռևս XIX դարում: Առիթը հանդիսացավ Նորքի բնակիչ Պապագ Տեր-Ավետիքյանի այգում ուրարտական սեպագրի հայտնաբերումը: Այս արձանագրության հետքերով ռուս ականավոր սեպագրագետ Նիկոլսկին Արին Բերդ բլրի վրա հայտնաբերեց մի հզոր ամրոց: Իսկ մեկ տարի անց հնագետ և մարդաբան Իվանովսկին կազմեց ամրոցի հատակագիծը:

1930 թ. սկսվում է քաղաքի տարածքի կանոնավոր ուսումնասիրությունը: Այստեղ մեծագույն դերակատարում ունեցան ականավոր հայ հնագետներ Աշխարհբեկ Քալանթարը և Կարո Ղաֆադարյանը: Նրանց ջանքերի շնորհիվ այսօր մենք պատկերացում ունենք այնպիսի հուշարձանների մասին, ինչպիսիք Երևանի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին է կամ Կոզեռնի եկեղեցին, Գեթսեմանի մատուռը: Տարիներ անց Ղաֆադարյանն ամփոփեց իր հետազոտությունները «Երևանի միջնադարյան հուշարձանները և վիմագիր արձանագրությունները» արժեքավոր մենագրությունում:

Ցավոք, քաղաքի տարածքի միջնադարյան հուշարձաններից շատ շատերն այսօր գոյություն չունեն. Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում այժմ «Մոսկվա» կինոթատրոնն է, Կոզեռնը Ազգային ժողովի և հարակից այգու տարածքում էր, Գեթսեմանի մատուռը՝ Օպերային թատրոնի տարածքում: Սա բոլշևիկյան քաղաքականության ձեռագիրն էր՝ ոչնչացնել բոլոր հուշակոթողները, որոնք իրենց գաղափարախոսության հետ չէին համընկնում: Ավերվում էին առանց խտրականության՝ մզկիթ կլիներ, եկեղեցի, թե սինագոգ: Իհարկե, որոշ հուշակոթողներ այժմ էլ կանգուն են. մզկիթներից, օրինակ, պարսկական Կապույտ մզկիթն ու Կոնդի Թափա Բաշի մզկիթը: Երևանում, բացի միջնադարյանից, նոր շրջանի եկեղեցիներն էլ էին ավերվում, հիմնականում՝ գործող եկեղեցիները: Խոսքը վերաբերում է, օրինակ, այսօրվա Չարենցի անվ. դպրոցի տեղում եղած եկեղեցուն կամ, օրինակ, ռուսական, ինչպես հայերն էին սովոր կոչել՝ «Պլպլան ժամին», որի տեղում այսօր Շահումյանի արձանն է և այլն: Այս առումով բոլշևիկների համար որևէ ազգային կամ կրոնական տարբերություն չկար:

1930-ականներին հայտնաբերվում է ևս մեկ նշանավոր հուշարձան: Երկրաբան Դեմյոխինը Կարմիր բլուրի վրա՝ նախկին Կավակերտ գյուղի տեղում, հայտնաբերում է խոշոր ուրարտական բնակավայրի հետքեր: Պեղումներն սկսում է Կարո Ղաֆադարյանը, իսկ հետագայում շարունակում է Բորիս Պիոտրովսկին: Այստեղ պետք է հիշատակել Կարմիր բլուրի պեղումների մասին 4 պրակով լույս տեսած հրատարակությունը: Առաջինից երրորդ պրակները հեղինակել է Բորիս Պիոտրովսկին, իսկ չորրորդ պրակը պատկանում է ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանի գրչին: Պիոտրովսկու «Կարմիր բլուրը» ոչ միայն կոնկրետ այդ հուշարձանին նվիրված գիրք է, այլ, կարելի է ասել, Ուրարտուի պատմության հանրագիտարան: Այն ահռելի գիտելիքները, որ ուներ հեղինակը, արտացոլվել են այդ աշխատության մեջ:

Ուրարտական հուշարձանների պեղումները շարունակվեցին հետագա տարիներին, երբ 1950 թ. ականավոր ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանի նախաձեռնությամբ վերսկսվեցին Էրեբունու պեղումները, որոնք շարունակվում են առայսօր:

Կարևորագույն նշանակություն ունեցավ Երևանի հնագույն պատմության բացահայտումը: Դեռևս 1920-ական թվականներին «Երևան հէկ-ի» տարածքում հետազոտություններ էր կատարել Աշխարհբեկ Քալանթարը: 1936 թ. Եվգենի Բայբուրթյանը սկսում է Մուխանաթ թափայի, իսկ մեկ տարի անց՝ Շենգավիթի պեղումները: Դժբախտաբար, 1930-ականների բռնաճնշումները չշրջանցեցին նաև հայ հնագետներին, և Բայբուրթյանի փայլուն աշխատությունը տասնամյակներ շարունակ չհրատարակվեց: 1958 թ. Շենգավիթի պեղումները վերսկսվում են արդեն հնագիտության մեծագույն նվիրյալ Սանդրո Սարդարյանի գլխավորությամբ: Պեղումները շարունակվում են նաև այսօր: Երևանի հնագույն պատմության ուսումնասիրության առումով դժվար է գերագնահատել Ստեփան Եսայանի ավանդը: Այստեղ պետք է նշենք երկու կարևորագույն աշխատություն. առաջին հերթին Ստեփան Եսայանի՝ 1969 թ. լույս տեսած «Երևան. հնագիտական ակնարկ» աշխատությունը և երեք պրակով լույս տեսած «Երևանի պատմության թանգարանի հնագիտական իրերի կատալոգը»: Այս աշխատանքների կարևորությունը դժվար է գերագնահատել: Եսայանը չափազանց պարտաճանաչ և բծախնդիր հետազոտող էր, և կարելի է համոզված ասել, որ նա իր աշխատություններում հիշատակում էր քաղաքի տարածքում գտնված, հնագիտական արժեք ներկայացնող յուրաքանչյուր բեկոր: Ժամանակագրական առումով այս գիրքն ընդգրկում է վաղնջական շրջաններից մինչև Ուրարտուի ժամանակաշրջանի ավարտը:

Քարեդարյան Երևանի բացահայտման պատիվը պատկանում է Բենիկ Երիցյանին, ով պեղեց Երևան-1 քարեդարյան կայանը:

Երևանի հնագիտական հետազոտությունը շարունակվում է նաև այսօր: Լայնածավալ պեղումներ են ընթանում Կարմիր բլուրում՝ բացահայտելով Թեյշեբա քաղաքի նորանոր գաղտնիքները… Պեղվում է նաև շուրջ վեց հազարամյակների պատմություն ունեցող Շենգավիթը:

Զրուցեց և պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Պատմության էջերից


13/03/2023