«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»-Ի ՇԱՐՔԵՐԸ ՕՐ ՕՐԻ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Զինված ուժերում ուսումնական գործընթացն օր օրի աշխուժանում է: Հատկապես հագեցած են մարզումներն ուսումնական կենտրոններում, որտեղ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները զարգացնում են ֆիզիկական կարողությունները՝ առաջիկայում անցկացվելիք քննություններին մասնակցելու համար:
Պարապմունքների մասին պատմում են իրենք՝ «Պաշտպան հայրենյացի» շահառուները:
ԱՐՄԱՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ, վաշտի հրամանատար
-Պարապմունքներն անցկացվում են բազմաբնույթ մարտական իրավիճակներին մոտ պայմաններում: Հատուկ ուշադրություն է դարձվում ֆիզիկական պատրաստությանը՝ ուժի, դիմացկունության և արագության որակներին:
ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
-Ընտրել եմ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը և համոզված եմ՝ շատ ու շատ նպատակներ ու երազանքներ կկարողանամ իրականացնել: Ցանկացել եմ աշխատել այս համակարգում, քանի որ ես մեծացել եմ զինվորականի ընտանիքում:
-Մարտական դիրքեր մեկնելուց առաջ մեզ հետ զրուցեցին, ասացին, որ նման նախագիծ է կյանքի կոչվել: Ընտրեցի, քանի որ իմ հայրենիքի պաշտպանն եմ դառնալու: Պարապմունքները շատ են, սակայն գիտակցում եմ, որ հենց այս հագեցած մարզումներից է կախված նաև իմ ընտրած ճանապարհի հաջող մեկնարկը, ապագան:
ԷԴՄՈՆ ԳՅՈԿՉԱԿՅԱՆ
-Ուսուցման ընթացքում հիմնական շեշտը դրվում է ֆիզիկական և մարտավարամասնագիտական պարապմունքների վրա, ինչն էլ հնարավորություն կտա մեզ դառնալու ավելի կոփված, ավելի ուժեղ:
Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Ազգային բանակ