Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՄԵ՛ՆՔ ԵՆՔ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՄԵ՛ՆՔ ԵՆՔՎերջերս տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, Նկարիչների միության պատվավոր անդամ, մանկական բժիշկ-նյարդաբան Նանեի՝ «Լավագույն տղերքը մե՛նք ենք» գրքի շնորհանդեսը, որում զետեղված են 44-օրյա պատերազմին և մինչև 2022 թ.-ի սեպտեմբերյան իրադարձությունները սահմանային մարտերին մասնակցած ու հավերժի ճամփան բռնած Հրազդան քաղաքի և տարածաշրջանի գյուղերի 56 հերոս հայկազունների կենսագրությունները: «Հայ զինվորի» հյուրասրահում Նանեն է:

 

-Ձեր բազմաբնույթ շնորհներից՝  արվեստից մինչև բժշկություն, այդուհանդերձ, ո՞րն է ամենասրտամոտը, ո՞րն է ամենահոգեհարազատը Ձեզ համար:  

-Չնայած բոլոր այս ոլորտներն էլ ինձ համար իրենց ուրույն նշանակությունն ունեն, և հաճախ ստացվում է այնպես, որ «մի  ձեռքով փորձում եմ մի քանի խնձոր բռնել», սակայն ամենասրտամոտը, իհարկե, գրականությունն է, հետո՝ գեղանկարչությունը: Դա բնական է, քանի որ զգացողություններով առաջին տեղում գիրն ու արվեստն են. չէ՞ որ դրանք ի վերուստ են տրվում: Իսկ բժշկությունն ընտրված մասնագիտություն է՝ ոչ պակաս նվիրում պահանջող: Ինչ-որ առումով ներկայումս արվեստին չտրամադրող ժամանակներ ենք ապրում, բայց, այդուհանդերձ, պետք է տեր կանգնենք այն ամենին, ինչ մեզ տրված է, փորձենք նաև արվեստում ճեղքել առկա պատնեշներն ու առաջ ընթանալ:

-Ինչպե՞ս կգնահատեք արվեստի ու գրականության դերն այսօրվա մեր իրականության մեջ:

-Գրականության և արվեստի դերը մեծ է միշտ ու հատկապես այն ժամանակներում, երբ խնդիրները շատ են ու հսկայական: Եվ պատահական չէ, որ այն ուժերը, որոնք հենց այդ խնդիրների հիմնական հեղինակներն են, ակտիվորեն փորձում են այդ հունն իրենց ցանկացած ուղղությամբ տանել՝ եռանդ ու գումարներ չխնայելով այդ ճանապարհին: Այդ իսկ պատճառով, գոնե արվեստի այն գործիչները, որ այդ ամենը գիտակցում են, պետք է աշխատեն մնալ բարիկադի վրա՝ որպես ճիշտ գաղափարների, արժեքների, լույսի ու հավատի մարտիկներ:

Արվեստը, մշակույթը հոգևոր սնունդ է: Չի կարելի մարդկանց հոգով աղքատացնող «արժեքներով» սնել: Քանի որ, ինչպես մարմինն է վատ սննդից քայքայվում, հիվանդանում, այդպես էլ հոգևոր սննդի մեջ վնասակար հավելումները կարող են բերել հետզարգացման, հոգևոր աղճատման, անգամ մարմնական հիվանդությունների: Ցավոք, մենք հաճախ դա չենք գիտակցում կամ էլ թերագնահատում ենք: Երբեմն դրանք դիտարկում ենք որպես անհրաժեշտ նորարարություն, զարգացում, սակայն դրանց բնույթը և չափաբաժինը, նաև որպես բժիշկ եմ ցանկանում ասել, շատ կարևոր նշանակություն ունեն ազդեցության առումով: Նախ՝ նորը չպետք է լինի ապրածը, դարերով հիմնավորածը ամբողջովին մերժելու հաշվին, և հետո՝ բոլոր նորարարությունները և հատկապես նրանք, որոնք իրենց մեջ թաքնված արկեր են պարունակում, իրենց իմաստի, որակի և չափաբաժնի մի փոքր խախտման դեպքում կարող են «թույն» դառնալ մարդու,  հասարակությունների համար: Փափուկ ուժի կիրառմամբ, մեծ գործերը փոքր քայլերով առաջ տանելու խորամանկությամբ, ամբողջ հասարակություններ այժմ, կարծում եմ, շեղվում են համամարդկային կարևոր ու գոյաբանական նշանակություն ունեցող արժեքների ուղուց՝ հոգևոր, մարդկային, Աստվածային, և սա պետք է մի օր բերեր այն վիճակին, որում աշխարհն այժմ գտնվում է:

-Այդ նույն արժեքաբանական բարդ ու անբարենպաստ մթնոլորտում Հայրենիքի համար նահատակված մեր տղաներն էին մեծացել, սակայն բոլորովին ուրիշ տեսակ էին, կարծես՝ ոչ այս աշխարհից՝ լուսավոր, վեհ գաղափարներով, անձնուրաց… Մի ուրիշ, արտասովոր բան կար նրանց մեջ: Ինչպե՞ս է լինում, որ այսպիսի անհատներ են ձևավորվում նման անբարենպաստ պայմաններում: Կյանքի պահպանության, մարդասիրության, հարազատների, սիրելիների կյանքը իրենցինից գերադասելը և անձնազոհության գնալը եզակիներին է տրվում: Յուրաքանչյուրը լուսեղեն մի փարոս, ուղենիշ է ապրողներիս համար: Ինչպե՞ս եղավ, որ այդպիսի հզոր անհատներ ունեցանք: Այո՛, նաև Ձեր «Լավագույն տղերքը մենք ենք» գրքի հերոսների մասին է խոսքը…

– Վստահ եմ, որ ինչ իրավիճակ, ինչ մթնոլորտ էլ ձևավորվի, որքան էլ պղտոր լինեն տվյալ ժամանակների ջրերը, անպայման ծնվում են նման անհատներ, որոնք իրենց մեջ կրում են այդ հզոր, մաքուր գենը: Ամեն դեպքում, Աստված իրենն անում է, և ծնվում են այդ ամենը հավասարակշռության բերողները: Առանց նման մարդկանց, վստահ եմ, մեր մոլորակը արդեն վաղուց կդադարեր գոյություն ունենալ: Այդ անհատները Լույսի կրողներ են, մարտիկներ: Անգամ Խորհրդային Միության տարիներին, երբ «ինտերնացիոնալի» անզիջում քարոզչություն էր տարվում, հզոր, ազգային արժեքներ կրող անհատներ ունեինք: Արցախյան առաջին պատերազմի մեր հերոսները դրա վառ ապացույցն էին: Ընտանեկան դաստիարակությունը նույնպես իր ուրույն ու կարևոր դերն ունի, իհարկե: Գիտակից ծնողները հաջողում են իրենց երեխաներին ազգային դաստիարակություն տալ, մեր մշակութային անխաթար ու անեղծ արժեքները փոխանցել նրանց: Այդուհանդերձ, լավի կողքին վատն էլ կա: Մեկն էլ այն է, որ մենք մեր հաղթանակն ըստ արժանվույն չգնահատեցինք և  կրկին ստիպված եղանք թանկ վճարել դրա համար…

Երբ ծանոթանում էի մեր հերոսների կենսագրություններին, կերպարներին, ամեն պահի համոզվում էի, որ իսկապես ընտրյալներ են այդ տղաները, իսկապես ապշելու կերպարներ: Հենց սկզբից մտքումս սկսեց պտտվել «լավագույն» բառը, ապա «Լավագույն տղերքը մենք ենք» տողը (Գուսան Հայկազունու երգից):

-Այժմ բազմաթիվ ռազմական փորձագետներ փաստում են, որ մեր կռվող տղաների արածը 44-օրյա պատերազմում բացառիկ ու հազվագյուտ հերոսություն էր… Նշում են, որ զինատեսակների, ուժերի նման անհավասարության պայմաններում, երբ ադրբեջանական բանակին բոլոր առումներով մեծապես օգնում էին նաև թուրքական բանակի ուժերը, չհաշված վարձկանների մասնակցությունը, այսպիսի արդյունքն անգամ պարտություն համարելն է սխալ: Մեր տղաները կանգնեցին մինչև վերջ՝  շատերը արյան, կյանքի գնով պահելով Հայրենի հողի ամեն մի բուռը: Անզուգական, հերոս տղաներ… Որոշակի հատկանիշների խումբ կա, որ բոլորի մոտ կրկնվում է…

-Այո՛: Բնական է, մեկի զոհվելը մի քանի օր շուտ է եղել, մյուսինը՝ ուշ, բայց նույն անձնազոհ պատրաստակամությունը, մեծ Սերը կյանքի ու մարդկանց, Հայրենիքի, ազգակիցների, հարազատների հանդեպ բոլորի մեջ ընդգծված է: Իհարկե, գրքի հերոսների մեջ կան արդեն մի քանի պատերազմով անցած հասուն տղամարդիկ, կամավորականներ, բայց հիմնականում, ցավոք, դեռ գրեթե կյանք չտեսած,  18-19 տարեկան երիտասարդներ են… Թվում էր՝ մանկությունից նոր դուրս եկած տղաներ են, ու շատ քիչ բան պետք է լիներ նրանց մասին ասելու, բայց այդպես չէր: Կենսագրությունները գրելու համար մանկություն էի գնում, և մանկության մեջ էլ նվիրյալի իրենց կերպարը ներկա էր:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՄԵ՛ՆՔ ԵՆՔԱյդ ընթացքում իմ բանաստեղծության այս տողերը ծնվեցին.

 «Դուք այնքան հարազատ եք, տղե՛րք.

Ձեզ ասես ե՛ս եմ բարուրել

Ու կողքին ամեն մի մոր

Իմ սիրո ջերմ շնչով պարուրել…»:

Թանկ էր կյանքի ամեն մի դրվագ…: Ու ամեն անգամ համոզվում էի, որ նրանք ծնված օրից յուրահատուկ էին: Արի ու տես, դեռ երկու տարեկան մանուկը ոգեշնչված «Գինի լից» է երգել, արդեն հայրենասիրական, բնականաբար, դեռ լրիվ չգիտակցված, հույզեր է ունեցել… Մեկն, օրինակ, Ձմեռ պապին գրած նամակում Հայրենիքի համար է ինչ-որ բան խնդրում, մյուսը երազում է մեքենա ունենալ՝ լիքը լցնել տարբեր բարիքներով ու աղքատներին բաժանել և այլն, և այլն… Եթե յուրաքանչյուրս մեր ամեն մի օրը՝ մեր աշխատանքում, մեր հարաբերություններում  այս տղաների սկզբունքով ապրենք, ավելին տանք, քան վերցնում ենք մեր Հայրենիքից, հոգանք մեր կողքինի մասին և ապրենք «Հայությունը՝ որպես մեկ ընտանիք» սկզբունքով, ընդհանրապես որևէ բանից վախ չենք ունենա, հզոր երկիր կլինենք, պարտություն էլ չենք տեսնի:

-Կրկին անդրադառնանք  Ձեր «Լավագույն տղերքը մենք ենք» գրքին:  Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ի՞նչ ուղի անցաք այն իրականություն դարձնելիս:

-Պատերազմից հետո այնպիսի ծանր հոգեվիճակում էի, որ զարմանում էի մեր այն գրողների ամրության վրա, որոնք արդեն սկսել էին գրել զոհվածների մասին: Այս հերոսական պատմությունների գրառման կարևորությունը խորապես զգալով, ժամանակը բաց չթողնելու անհրաժեշտությունը գիտակցելով հանդերձ՝ մտածում էի, որ ի վիճակի չեմ լինի այդ գործն ստանձնել: Ու հենց այդ ժամանակ ինձ առաջարկով դիմեց մեր բոլորի կողմից շատ հարգված մի անձնավորություն՝ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը: Հանձնախումբ էր ստեղծվել (Մովսես Մանուկյան, Երեխաների աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Կամո Առաքելյան, Արսեն Արսենյան), և  գրելու համար դիմեցին ինձ: Արդեն պարտավոր էի այդ գործն սկսել, թեև ամբողջովին դեռ չէի պատկերացնում դրա ամբողջ դժվարությունը: Նախ և առաջ, դա վավերագրություն էր, որը մանրազնին աշխատանք էր պահանջում, զինվորական թեմաներին ճշգրտորեն անդրադառնալու խնդիրը կար, բազում հարցեր: Ծանր էր. կարճ ժամանակահատվածում այդքան մեծ թվով լուսեղեն տղաների էր պետք անդրադառնալ… Առաջին հերթին, իհարկե, տղաների մասին էի գրում, բայց նաև իմ ասելիքն ունեի: Ուզում էի, որ գիրքը նախ և առաջ հայրենասիրության դաս լիներ: Դե, տղաներն իրենց տեսակով արդեն իսկ մի մե՜ծ դաս էին: Իմ կարևոր ասելիքը նաև այն էր, որ մենք չպետք է անվերջորեն տրվենք սուգին: Չէ՞ որ նրանք մեր ապրելու համար են տվել իրենց կյանքը, մեր լուսավոր, արևոտ օրերի համար: Ես ուզում էի, որ գիրքը թևաթափ չաներ: Հենց ինքս ուժ էի ստանում նրանց տեսակից և ուզում էի, որ այդ ուժը գրքի միջոցով փոխանցվի ընթերցողին: Անգամ տղաների ժպիտներով, կյանքով լի ու ոգի տվող նկարներն էինք ընտրում: Գրքի աշխատանքներում ներգրավված բոլոր մասնակիցներն էին մեծ պատասխանատվությամբ, նվիրումով իրենց գործն անում՝ նախաձեռնող խումբը, գրքի խմբագիրը՝ գրող, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության աշխատակիցները: Այդ ընթացքում այնպիսի զուգադիպություններ են եղել, որոնք պարզապես հրաշք եմ համարում: Մի դեպք եղավ հենց սկզբում, որը գրքի վրա աշխատելիս դարձավ դրա գաղափարական սկիզբն ու ավարտը: Տղաների պատմությունները որոշեցինք այբբենական կարգով դասավորել, որ պահվի նրանց միջև հավասարությունը: Բայց կոնկրետ այդ մի դեպքի հետ կապված ես շեղվեցի այդ սկզբունքից: Առաջին անգամ մեր խմբով այցելելու էինք զոհվածներից մեկի ընտանիքին: Պատահականության սկզբունքով ընտրված առաջին ընտանիքն էր: Մոտեցանք մի բարձրահարկ շենքի. բոլորս մռայլված էինք, մտովի հաղթահարում էինք որդեկորույս ծնողների հետ հանդիպման ծանրությունը… Շենքի հենց մուտքի մոտ մի կին մանկասայլակ էր օրորում: Մի անուշիկ բալիկ էր քնած սայլակում: Թռուցիկ նայեցի, ժպտացի երեխային, ու մտանք ներս: Հետո արդեն պետք է իմանայինք, որ այդ մանկիկը հենց մեր հերոսի եղբայրն էր. ծնողները որդու զոհվելուց հետո որոշել էին՝ որպես իրենց վրեժը՝ երեխա ունենալ: Այդ երեխան բոլորից առաջ ընկավ՝ քնի միջից իր խաղաղ, անուշ ժպիտով մեզ դիմավորեց որպես Կյանքի սկիզբ, շարունակություն… Ասես՝ ասում էր՝ նախ՝ ի՛նձ նայեք, հետո՝ գնացեք ձեր ճանապարհով. ե՛ս եմ ճշմարտությունը:

Ինչպես գրքի վերնագրի դեպքում, այդպես էլ կազմը ձևավորելիս ելնում էինք այն սկզբունքից, որ մռայլություն չպետք է լինի: Ի վերջո, ինքս որոշեցի նկարել կազմը. Արևը՝ որպես մեր հավերժության նշան, նրա և մեր գալիքի լույսերով ողողված մեր լեռները, որոնցից յուրաքանչյուրն ասես մի ամբողջ զորագունդ է, ամեն մի բարձունք՝ մի հզոր վահան թշնամու դեմ: Եվ այդ ֆոնին՝ մեր զինվորներն են, որոնք արդեն հրատարակչությունում ձևավորման ժամանակ են հավելվել:

-Զրույցի ավարտին ի՞նչ կուզենաք փոխանցել մեր զինվորներին, մեր սպաներին, որոնք այսօր հավատարմորեն լծված են իրենց կարևոր՝ Հայրենիքի պաշտպանության գործին:

-Ուզում եմ ասել՝ պի՛նդ եղեք, ինչ էլ պատահի, ինչ տարուբերումներ էլ լինեն, միշտ նախ մտածեք, թե ինչերով է անցել հայ ժողովուրդը… Շատ ավելի վատ վիճակներում էլ ենք եղել, բայց եթե մենք այժմ շարունակում ենք մեր երկրում ապրել, եթե որպես ազգ գոյություն ունենք, ուրեմն ի վերուստ ինչ-որ կարևոր առաքելություն ունենք: Հիշենք, որ վերջին խոսքը միշտ  Աստծունն է: Բայց սա նաև նշանակում է, որ մենք էլ մեր գործը լավ պետք է անենք: Մենք հաղթություններ ենք ունեցել: Փորձենք դրանք գնահատել ու պահպանել: Արյունով ձեռք բերված հաղթությունը իր տիրոջ ամենօրյա խնամքի կարիքն ունի: Իսկ պարտություններից ոչ թե ընկճվել, այլ ավելի ուժեղանալ է պետք: Շարունակվում է այն ազգը, որը հարվածներից ուժ  է ստանում ու կոփվում և ոչ թե կոտրվում է: Մեր շարունակվելու միակ ճանապարհը հզորանալն է: Մեր մեծ սխալն է, երբ ասում ենք՝ «մենք փոքր ազգ ենք»: Խոսքն ուժ ունի. մենք մեծ ու հզո՛ր ազգ ենք: Այդպես եղել է, ու այդպես կլինի՛:

***

Դուք այնքան հարազատ եք, տղե՛րք.

Ձեզ ասես ե՛ս եմ բարուրել

Ու կողքին ամեն մի մոր

Իմ սիրո ջերմ շնչով պարուրել:

 

Ասես ձեր քայլերն առաջին

Եվ ես եմ տագնապով հսկել

Ու ամեն գայթումի պահի

Արցունքս ձեր համար հեղել:

 

Դուք այնքա՛ն հարազատ եք, տղե՛րք,

Ձեր սիրո հույզերն առաջին՝

Սրբազան գաղտնիք որպես,

Մրմնջում էիք հենց ի՛մ ականջին:

 

Ես կողքին էի ձեր և դժնի,

Մահահոտ ու սև օրերին.

Հայրենյաց թանկ Հողի համար,

Երբ դուք դեպ Կապույտը թևեցիք…

 

Դուք այնքա՜ն հարազատ եք, տղե՛րք…

 

Նանե

14.02.23 Ծաղկաձոր

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ գրքի նախաձեռնող խմբի արխիվից

Խորագիր՝ #10 (1475) 15.03.2023 - 21.03.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


17/03/2023