Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԱՎԱՆՔ



ՀԱՅՐԱՎԱՆՔՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք-Այրիվան նաև Գեղարքունի բերդ կոչվող գյուղը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին՝ մարզկենտրոն Գավառից 12 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակերևույթից 1940 մ. բարձրության վրա։ Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» գրքի «Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններ» գլխում տեղեկություն կա նաև Հայրավանքի մասին։ Ըստ Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու՝ ներկայիս Բերդկունք և Հայրավանք գյուղերը, որոնք շատ մոտ են իրար, հնում եղել են մեկ բնակավայրի կազմում։ «Ազատ քաղաք» այս անունն է կրել այդ բնակավայրը, որտեղով ժամանակին անցել է Դվին-Պարտավ գլխավոր ճանապարհներից մեկը։ Հայրավանք գյուղում՝ Սևանա լճի ափամերձ ժայռի վրա է կառուցվել հայ միջնադարյան վանական համալիրներից մեկը՝ Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք կամ Մարդաղավնյաց վանք անուններով։ Վանական համալիրը, որ ժամանակին պարսպապատ է եղել, նաև ամրոցի դեր է խաղացել։ Այժմ կանգուն են Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի հիմքերը դրվել են 9-րդ դարում և գավիթը։ Հայոց ճարտարապետության եզակի հոգևոր կառույցի միայն անկյուններն ու այլ շաղկապող մասերն են սրբատաշ քարերով շարված, մնացածը կոպտատաշ բազալտից են: Գմբեթն ունի ութանիստ թմբուկ, որը կառուցված է սրբատաշ տուֆով։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է 1211 թ. վանական եղբայրներ Հովհասափ և Ներսես վարդապետների կողմից։ Նույն ժամանակ սուրբ հայրերը կառուցել են տվել նաև եկեղեցուն կից երկսյուն երդիկավոր ութանիստ շթաքարեզարդ գմբեթով գավիթը, որը նույնպես ճարտարապետական գոհար է։ Վանքի տարածքում ու հարակից կողմերում պահպանվել են նաև բնակատեղիի ավերակներ, որտեղ կան շինությունների պատեր, հիմքեր, որոնք ժամանակին գործել են որպես հոգևորականների խցեր, թաքստարաններ, մատուռ, հնարավոր է՝ տարածքում գործել է նաև գրապահոց։ Վանքի տարածքում պահպանվել են նաև մոտ 2 տասնյակ խաչքար ու տապանաքար, որոնք արտացոլում են միջնադարյան քանդակագործությունը։ Այս խաչքարերին վերջերս անդրադարձել է հնագետ Համլետ Պետրոսյանը՝ որոշները համեմատելով Ջուղայի խաչքարերի կերտման մշակույթի հետ։ Վանքը գործել է գրեթե մշտապես, մինչև 19-րդ դարավերջ։ 1980-ական թվականներին եկեղեցին ու գավիթը հիմնանորոգվել են, բարեկարգվել է տարածքը։ Հայրավանքի բոլոր խորանների ներքին կլորությունը դրսից հիանալի երևում է: Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Հարավարևելյան անկյանը կից ունի մի խորան, որը հավանաբար հետագայում է ավելացրած: Գմբեթը կործանվել է XIX դարի վերջին. ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է: 1952, 1972, 1973 թթ. Հ. Մնացականյանի ղեկավարությամբ վանքի տարածքում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան սև անոթի բեկոր, միջին բրոնզի դարին վերաբերող գունազարդ անոթների բեկորներ, ինչպես նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։ Հայրավանքից մոտ  1 կմ հյուսիս՝ Բերդկունք  գյուղում, գտնվում է Սպիտակ բերդ ամրոցը, որը վանքի ժամանակակիցն է։ Ըստ հնագետների՝ այս ամրոցի տեղում դեռևս Ք.ա. 2-1-ին հազարամյակներում ամրոց է եղել։ Հայրավանքի Մարդաղավնյաց անունը կապված է 1737 թվականից Ամենայն Հայոց կաթողիկոս Ղազար Ա.Ջահկեցու (թաղված է Վաղարշապատի Սուրբ Գայանե վանքի բակում) «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի») Վաղպատ, 1734 թ./ գրքում գրի առած մի ավանդության հետ, ըստ որի՝ 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #10 (1475) 15.03.2023 - 21.03.2023, Հոգևոր-մշակութային


17/03/2023