Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ



ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔԱրագածոտնի մարզի Շողակն  գյուղից են Լևոն եւ Սուրեն Ղարաքեշիշյանները,  44-օրյա պատերազմի թոհուբոհով են անցել։

-Այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ անընդմեջ պատերազմների կիզակետում է, անընդհատ  խաթարվում է մեր հող ու ջրի խաղաղությունը, ու ամեն միլիմետրը կյանքի գնով պահվում,- ասում են եղբայրները։

Արմատներով  Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանից են: Նրանց հայրն  էլ  90-ականներին գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից է:

-Պոլիտեխնիկն ավարտեցի նոր գնացի բանակ, Արցախի հյուսիսային դարպասներն էինք պաշտպանում,- ասում է եղբայրներից ավագը` Լևոնը,- «Եղնիկներում» էի՝ աշխարհից կտրված,  աշխարհի ծայրին, բայց անկրկնելի շքեղ ու շռայլ բնությամբ: Հենց առաջին պահից էլ  ծառայավայրս  հարազատ դարձավ,  սրտամոտ, երեւի նաեւ նրա համար, որ որոշակի նմանություն ուներ հորս ծննդավայր Բարեկամավանի հետ՝  իր սարերով ու ձորերով,  անտառներով ու …աշխարհից իր կտրվածությամբ։ Բարդ, դժվարամատչելի տեղանք է, բայց, անկեղծ ասած, եթե նորից ծառայեի՝ առանց վայրկյան իսկ վարանելու նորից կընտրեի նույն վայրը՝ մշուշների մեջ ամփոփված, ադրենալինով լի դրախտը. այստեղ  ամենքը  չէին կարող ծառայել, էստեղ ոգով ուժեղների տեղն էր.  լեռները  թույլերին չեն ընդունում՝  մեր զորամասի  կարգախոսն  էր…

Լևոնը մեկ տարվա ծառայող էր, երբ եղբայրը՝ Սուրենն էլ  եկավ այդ զորամասում ծառայելու:

-Միասին էինք հաղթահարում  բանակային կյանքի  մեծ ու փոքր դժվարությունները։ Ծառայավայրը մեր երկրորդ տունն էր: Ընդամենը երկու  ամսվա ծառայող  էի,  երբ պատերազմը սկսվեց,- վերհիշում է Սուրենը,- Լևոնը գնդացրորդ էր, ես՝ վարորդ,  ու որպես նորակոչիկ՝  զորամասում էի, եղբայրս՝  դիրքերում… Մենք զինամթերք,  սնունդ էինք հասցնում կռվողներին։ Ուշք ու միտքս եղբայրս էր,  պատերազմը սկսվելուց ընդամենը տասը րոպե առաջ էի խոսել հետը,  հետո կապ չկար,  անորոշությունը սպանում էր… Մի քանի օրը մեկ տնեցիքի հետ  էի խոսում, նրանց փորձում էի խաղաղեցնել, ասում էի՝ ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք, մեզ մոտ համեմատաբար խաղաղ է։ Պոստեր գնացող-եկողներից միշտ հետաքրքրվում էի եղբորիցս,  հոկտեմբերին իմացա, որ վիրավորվել է…

Ավագ եղբայրը, որ մինչ այդ լուռ ունկնդրում էր,  պատմում է պատերազմի իր պատմությունը.

-Առավոտյան ժամը ութն էր, հերթական հերթափոխին պետք է դուրս գայի,  երբ  սկսվեց  ուժգին հրետակոծությունը, արագ  դասավորվեցինք ըստ դիրքերի։ Երկնքից կրակե կարկուտ էր թափվում, վիրավորներ, զոհեր…  Պատերազմ չտեսած, պատերազմի մասին միայն ֆիլմեր դիտած զինվոր տղերքը կռվում էին մարտերում թրծվածի փորձառությամբ։ Սպա, զինվոր կռվում էին բացառիկ նվիրումով, մեկը մյուսի կյանքը սեփականից վեր դասելով…  Կյանքի ու մահվան սահմանագծին ավելի լավ ես ճանաչում զինակիցներիդ,   կռվի ժամանակ բացահայտում ես կողքինիդ, ինքդ քեզ ես բացահայտում. մեր կողքին, մեզնից առաջ մեր սպաներն էին, հրամանատարը… Նրանց  անձնվեր կռիվը մեզ ավելի էր ոգեւորում, ոգեշնչում, թեւ տալիս։

Սակայն ուժերն անհավասար էին, թշնամին գործի էր դրել իր ամբողջ զինանոցը եւ ոչ միայն իր. հայկական բանակը միայնակ կռվում էր  մի քանի երկրից աջակցություն ստացող հակառակորդի դեմ:

Մարտերը գնալով թեժանում էին, հոկտեմբերի 18-ին Լևոնը բեկորային վիրավորում ստացավ, տեղափոխվեց Մուրացանի հոսպիտալ… Ապաքինվելուց հետո շարունակեց ծառայությունը:

-Անհամբեր սպասել էինք պատերազմի ավարտին, բայց չէինք մտածել, որ այսչափ ծանր ու ցավագին կլինի: Այդ ծանր ու դաժան օրերի միակ մխիթարությունը թերեւս  այն է, որ մեր «Եղնիկներն» անառիկ մնաց,- ասում են  եղբայրները:

***

Լևոնն ու Սուրենը արդեն զորացրվել են, կյանքն առել է իր առօրյա հորձանուտի մեջ, սովորում են, աշխատում, ապագայի պլաններ գծում։

-Մեր բոլոր երազանքներն էլ մարմին են ստանալու միայն ու միայն հայրենիքում,- վստահեցնում են եղբայրները,- ապրելու ենք, շենացնելու ենք մեր երկիրը։ Աշխարհում շատ բարեկեցիկ, հարուստ երկրներ կան, բայց ամենամեծ երջանկությունն ու բախտավորությունը հայրենի եզերքում ապրելն է։  Թանկ ու հարազատ հայրենիք, որի ամեն միլիմետրի վրա նաեւ մեր մարտական ընկերների արյունն է…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1475) 15.03.2023 - 21.03.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/03/2023