Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ



ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՊահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները գործնական փուլում են՝ արդյունավետ մարզումներով, մարտավարաշարային և կրակային պարապմունքներով: Զորավարժարաններում պահեստազորայինները օրեցօր կատարելագործում են հմտությունները, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում առաջադրված խնդիրներին՝ գիտակցելով հայրենիքի պաշտպանության գործում նմանօրինակ հավաքների հույժ կարևորությունը: Վրանային ավաններում նրանք վերհիշում են զինվորական առօրյան, կարգացուցակը՝ հետևելով սահմանված պահանջներին։

-Այս օրերին կատարել ենք տեսական ու գործնական բազում աշխատանքներ: Եկել եմ կամավոր և խորհուրդ կտամ, որ բոլորը գան, մասնակցեն, գիտելիքներ ձեռք բերեն, ունեցած գիտելիքները թարմացնեն,- ասում է Գևորգ Հարությունյանը:

-Մարտական հերթապահություն իրականացրել եմ նաև ժամկետային ծառայության տարիներին: Որոշ բաներ հիշում եմ, որոշ բաներ էլ, որ մոռացել էի, այս օրերին վերհիշեցի: Հավաքներին մասնակցում եմ սիրով,- նրան միանում է Հովսեփյանը:

-Մասնակցել եմ նաև 2021 թվականի առաջին եռամսյա վարժական հավաքներին: Անկեղծ եմ ասում, այսօր էլ սրտանց եմ մասնակցում, քանզի  հրաշալի գիտակցում եմ կարևորությունը: Փորձում եմ իմ փոքրիկ նպաստը բերել հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին: Սպորտային լեզվով ասած՝ պետք է լավ մարզավիճակում լինենք,- ասում է Արմեն Վարդանյանը:

Պահեստազորայինների հրամանատարները նույնպես զորացրված սպաներ են, որ վերադարձել են շարք ու ղեկավարում են ստորաբաժանումներ, իրականացնում զորքի պատրաստությունը, կազմակերպում անձնակազմի առօրյա գործունեությունը:

-Այստեղ ամեն ինչ իրականացվում է զինվորական կանոնադրության ոգուն ու տառին համապատասխան: Բարոյահոգեբանական վիճակը գերազանց է, և զորքը պատրաստ է առաջադրված մարտական խնդիրների կատարմանը,- վստահեցնում է Գևորգ Գևորգյանը:

Հավաքների առաջին շաբաթվա դասընթացներում ներառված են տեսական պարապմունքներ լսարաններում, իսկ մարտական պատրաստությունից՝ հրաձգություն զորավարժարաններում: Ոչ մեծ հեռավորության վրա տեղադրված թիրախները պահեստազորայինները խոցում են տարբեր տրամաչափի զինատեսակներից։

Զորավարժարանի մեկ այլ տեղամասում հրետանավորներն են դիրքավորվել. ականանետը գործի դնելու տեսական դասերին հաջորդում է գործնականը՝ հրետանային համազարկով։

Հարկ է նշել, որ քսանհինգօրյա այս հավաքներին պահեստազորայինները մեծ ոգևորությամբ են մասնակցում: Ընդ որում, նրանց մեջ քիչ չեն սահմանամերձ բնակավայրերից կամավոր եկածները՝ գիտակցելով հայրենիքի անվտանգության գործում իրենց մասնակցության նշանակությունը, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտությունը, քանզի  հայրենիքը պաշտպանելով նրանք իրենց տունն ու տեղը, իրենց  ծննդավայրն են պաշտպանում։ Նրանց համար սա ոչ միայն պարտականություն է, այլև առաքելություն։

Լավագույն արդյունք գրանցած պահեստազորային սպաների համար սա նաև զինվորական մեկ աստիճանով բարձր կոչում ստանալու հնարավորություն է, որն ինչպես նրանցից շատերն են վստահեցնում՝ բաց չեն թողնի։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #10 (1475) 15.03.2023 - 21.03.2023, Ճակատագրեր


17/03/2023