Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇԱՆԱԲԱՆԸ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է



ՆՇԱՆԱԲԱՆԸ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ ԷԱնահիտը (անունը՝ պայմանական) ծնվել է Արցախի Հադրութի շրջանում։ Ավարտելով դպրոցը՝ աղջիկը երազում էր զինվորական կրթություն ստանալ, բայց այդ տարիներին դեռ չէր թույլատրվում աղջիկների ընդունելությունը ռազմական համալսարան, եւ նա այլ մասնագիտություն ընտրեց:

 

-Հայ ես ծնվել, ուրեմն՝ կին լինես, թե տղամարդ, երեխա, թե ծեր, պետք է միշտ պատրաստ լինես պայքարի, որպեսզի տունդ կարողանաս պաշտպանել։

Զինվորականի, այն էլ հետախույզի մասնագիտությունն ընտրելը պարզ է բացատրում Անահիտը.

-Անգամ աղջիկը, որ մեծանում է մի տարածաշրջանում, որտեղ լուրջ հակամարտություն կա, միշտ ստիպված է պաշտպանվել, պայքարել իր հողի վրա ազատ ապրելու իրավունքի համար։ Բացի այդ, թերևս գեներս էլ են խոսում իմ մեջ։ Ընտանիքում զինվորական չունենք, բայց բոլորն էլ իրենց չափով մասնակցել են ազատամարտին: Իսկ փոքր հորեղբայրս, որ էլի զինվորական չէր, մասնակցել ու զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Նա դեռ մինչև ծառայության անցնելու տարիքը միշտ էլ ստիպված էր լինում գյուղի մոտակայքի դիրքերը պահել, որպեսզի գյուղը պաշտպանված լինի ադրբեջանցիների սադրանքներից։ Դեռ ութսունականներին միշտ հարձակումներ էին լինում: Մե՛կ գյուղացիների անասուններն էին գողանում, մե՛կ մարդկանց էին գողանում, ծեծի ենթարկում: Միշտ պետք էր զգոն լինել:

…Երբևէ մտքովս չէր անցնի, որ Հադրութը՝ իմ Դիզակ աշխարհը, իմը չի լինի… Մտքովս չի անցել, որ մի օր այդ տարածաշրջանից բնիկները՝ հայերը, կարող են տեղահանվել… Այս կորուստն ինձ համար շատ ծանր ու ցավոտ է…

Գյուղի հետ Անահիտի կապը հոգևոր է, անբացատրելիորեն զորեղ.

-Մեր պատմական Դիզակը, որտեղ երբեւէ ադրբեջանցի չի բնակվել… Իմ Դիզափայտ լեռն եմ հիշում, որի գագաթին Կատարո վանական համալիրն է: Մանկությունս հիշելիս՝ ինձ միշտ ձիու թամբին եմ պատկերացնում: Շատ եմ սիրում ձիավարել։ Սլանում էի մեր սարերով, ձորերով։ Շատ սիրուն է իմ գյուղը՝ երեք կողմից բարձր լեռներով շրջապատված, ասես՝ կաթսայի մեջ լինի: Արշավել եմ շատ սիրում, լեռնագնացությամբ եմ զբաղվել ոչ միայն մեր երկրում, այլև դրսում։ Արարատի գագաթն եմ բարձրացել… Միշտ երազել եմ մեր լեռների բոլոր գագաթները հաղթահարելով անցնել, տեսնել՝ քանի՞ կիլոմետր տարածք է:

…1990-ականներին մեր գյուղ ադրբեջանցիները մտել, վառել էին: Հետո մերոնք էլի ազատագրեցին գյուղը։ Դրանից հետո ես առաջին երեխան եմ եղել, որ գյուղ է գնացել։ Չորս տարեկան էի: Դեռ վտանգավոր էր այնտեղ մտնելը. շարժ, ելումուտ չկար. ականներ կային, դեռ սադրանքներ էին լինում։ Այդ շրջանում զոհվեց հորեղբայրս: Հորս որքան համոզում էին, որ գյուղում չանեն եղբոր հուղարկավորությունը, չէր համաձայնում:  «Ես եղբորս գյո՛ւղ պետք է տանեմ»։  Բոլորն ասում էին. «Կտանես, կկոտորես էս սգավոր մարդկանց»։ Բայց հայրս անդրդվելի էր: Ի վերջո, որոշվել է գյուղում անել հուղարկավորությունը։ Թաքնվել եմ այն մեքենայում, որով հորեղբորս մարմինն էին տանելու: Մեծ բեռնատար էր, նստարանների արանքում կծկված անցել էի բավականին ճանապարհ: Երբ ճամփին սկսեցի մրսել, դուրս եկա թաքստոցիցս: Հիշում եմ՝ ինչպես էին բոլորը մամայի վրա բարկանում. «Դու ի՞նչ ծնող ես, որ երեխայիդ տեղը չգիտես»։ Իսկ ես փորձում էի պաշտպանել նրան. «Ինքը մեղք չունի. ե՛ս եմ որոշել գալ, թաքո՛ւն եմ եկել»։ Այդ ժամանակվանից էլ տատիկիս հետ մնացի գյուղում: Ամբողջ օրը տատիս հետ էի: Կովերին էի տանում-բերում, մյուս կենդանիներին խնամում, օգնում էի  բոլոր գործերում: Ինձ շատ երջանիկ էի զգում…

…Ծառն իր հողից թե կտրես, չորանում է. ես հիմա այդ ծառին եմ նման։ Դեռ մանկուց, երբ գյուղից երկար կտրվում էի, հիվանդանում էի։ Քույրս հենց տեսնում էր, որ տրամադրությունս այն չէ, ասում էր.  «Գնա՛ գյուղ, անմիջապես կլավանաս»։

Անահիտն արձակուրդի մեջ էր, երբ պատերազմը սկսվեց…

-Մեր գյուղի տունն էի նորոգում: Վերջացնում էի գործս. մնացել էր՝ միջանցքի պատերը ներկել: …Այդ առավոտ՝ սեպտեմբերի 27-ին, արթնացա պայթյունների ձայնից: Երբևէ նման բարձր պայթյուններ չէինք լսել. պարզ էր, որ ինչ-որ լուրջ բան է կատարվում… Մեր հադրութցի բարեկամներից իմացանք, որ քաղաքը հուժկու ռմբակոծության է ենթարկվել: Քիչ անց զանգ եկավ ինձ. «Շտա՛պ արի՛ զորամաս»:

…Մինչև պատերազմը, երբ  ես ասում էի, որ պետք է պատրաստ լինենք, լուրջ չէին վերաբերվում ասածիս։ Ես միշտ սպասել եմ, գիտեի, որ նման բան լինելու է, բայց մասշտաբները չէի պատկերացնում։  Հենց դրա համար էի ձգտում ծառայության մեջ լինել, որ տեղյակ լինեմ բոլոր մանրամասներին, ձեռքս զարկերակին պահեմ։

Շատերն ասում են՝ կինը ուրիշ առաքելություն ունի հայի գոյապահպանական ճակատում, բայց հիմա մենք հերթական անգամ մեր պատմության մեջ այնպիսի մի իրողության առաջ ենք հայտնվել, երբ կինը իր հիմնական առաքելությունը՝ մայրությունը կատարելիս անգամ զենքը ձեռքին պետք է լինի։ Շատ զինծառայող կանայք ունենք, որ, փառք Աստծո, իրենց կանացի առաքելությունն էլ են կատարել՝ ընտանիք, երեխաներ ունեն, բայց նաև բոլորի հետ հավասար ծառայում են: Նրանց կարիքը բանակում մեծ է: Ես դա հատկապես պատերազմի ժամանակ եմ զգացել: Իմ ներկայությունից տղաները ոգեշնչվում էին, չէին ընկճվում, ինչքան էլ վատ դրության մեջ էինք հայտնվում, իմ մի ժպիտը բավական էր, որ իրենք սթափվեին ու իրենց գործին անցնեին։ Փորձել եմ միշտ ժպտալ, անգամ, երբ շատ ծանր է եղել իրավիճակը:

Պատերազմի ընթացքում դեպքեր էին լինում, երբ փորձում էին խնայել աղջիկներին, չէին թողնում գործողությունների դուրս գալ։ Հատկապես դժվար ու վտանգավոր գործողություններից մեզ փորձում էին հեռու պահել: Մի օր կրկին  խումբ էր հավաքվում, որ գործողության մեկնեն: Հրամանատարը մոտեցավ ինձ. «Վե՛րջ, դու էլ չես գնալու»։ Դա ինձ համար շոկային էր. ամբողջ գիշեր չքնեցի։ Մտածում էի՝ ինչ անեմ, որ համոզեմ։ Առավոտյան մոտեցա Վահագն Ասատրյանին. «Խնդրում եմ, հրամանատա՛ր, պետք չէ՛ ինձ խնայել: Ես ուզում եմ իմ մարտական ընկերների հետ լինել»: Ուշադիր նայեց դեմքիս ու ասաց. «15 րոպեից մեկնում ենք: Ե՞րբ պատրաստ կլինես»: «Արդեն պատրա՛ստ եմ»,- ուրախացա ես:

-Պատերազմի օրերին ամենամեծ մտահոգությունդ ո՞րն էր՝ տո՞ւնը, ընտանի՞քը, հարազատնե՞րը…

-Կողքիս մարդկանց կյանքը։ Այդ ընթացքում ես օրերով անհասանելի էի լինում տնեցիներիս համար, հեռախոսս անջատված էր։ Միայն զինակից ընկերներս էին այդ պահերին իմ մտքում… Շատ կորուստներ ունեցանք։ Թանկ մարդիկ, շա՛տ թանկ։ Այս կորուստները պարտավորեցնում են, որ նրանց փոխարեն էլ  պայքարես: Երբ կորուստ ես ունենում, կրկնապատկվում, եռապատկվում, բազմապատկվում է քո պայքարի ուժը։ Հոկտեմբերի 3-ին ես կորցրել եմ մորեղբորս փոքր որդուն ու… չեմ սգացել: Ասել եմ ինքս ինձ. դեռ ժամանակ կունենամ սգալու, հիմա պետք է շարունակել գործը: Իմ կողքին կանգնած տղաներից ոչ մեկը չի տեսել, չի զգացել իմ սուգը։ Ընդհակառակը՝ ես ավելի եմ լծվել պայքարին։

…Հրաշք լույսեր ենք կորցրել…  Մեր Բաղդասարյան Հենզելը… մեր դիպուկահարներից էր։ Մի արտասովոր մարդ, լեգենդ էր Հենզելը… Ծնունդով Շամշադինից էր: Մինչև ծառայությունը իր միջոցներով ամենագնաց մեքենա էր ձեռք բերել և դիրքերով շրջում ու անհրաժեշտ ամեն ինչ տանում, մատակարարում էր։ Հոկտեմբերի սկզբին էր. Ջրականի զորամասը շրջափակման մեջ էր ընկել, նահանջելիս նրան գտել էր դիպուկահարի գնդակը։ Ընտանիքը չէր հավատում. ասում էին՝ Հենզելը ցանկացած դժվարությունից էլ հետ կգար անվնաս…

Հենզելի մայրն այդ դեպքից հետո ասում էր. «Երեք տղա ունեմ. այս մեկը Հայրենիքինն էր…»։

-Վախ կա՞ր սեփական կյանքի համար։

-Չեմ զգացել,- պատասխանում է Անահիտը,- միգուցե տարօրինակ կհնչի, բայց իրոք նման զգացողություն երբևէ չեմ ունեցել։ Միակ վախն այն էր, եթե դա վախ կարելի է անվանել իհարկե, որ չպակասենք… Ամենածանր օրը մեր հրամանատարի՝ Վահագն Ասատրյանի զոհվելու օրն էր։ Հենց այդ օրը, նույն տեղում եմ վիրավորվել, բայց իմ վիրավորվելը այդքան ցավոտ չի եղել, որքան նրա կորուստը… Հոկտեմբերի 12-ն էր. Հադրութի շրջանի Սարիշեն գյուղի մատույցներում էինք: Մի օր առաջ մեզ նույն այդ տեղում ռմբահարեցին, նաև՝ ինքնաթիռից։  Հրամանատարը դեռ մեզ հետ չէր: Զանգեց ամենաթեժ պահին, ասաց. «Ձեզ հետ մեկ այլ ստորաբաժանման հրամանատար պետք է լինի։ Շատ կարևոր է. հեռախոսդ արագ հասցրու իրեն»։ Ասացի. «Ռմբակոծում են… հիմա տեսնեմ՝ ինչ կարելի է անել» ու դուրս եկա թաքստոցից։ Որոշ տարածք պետք է անցնեի պայթող ռումբերի տարափի տակ։ Ինձ ֆիլմի մեջ էի զգում. ես վազում եմ, իսկ կողքս, շատ մոտիկ, ռումբերը պայթում են: Բայց հասցրի, փոխանցեցի հեռախոսը,- ժպիտով է հիշում Անահիտը: -Երբ ռմբահարումից հետո ուսումնասիրում էինք տարածքը, ինքնաթիռի հարվածած ռումբերի տեղերում մարդաբոյ փոսեր էին առաջացել։ Մենք այդ օրը վիրավորներ ունեցանք։ Հրամանատարն անմիջապես կապվեց մեզ հետ. «Միայն անունս չտա՛ս, զեկուցի՛ր իրադրությունը»: Ես ներկայացրի իրավիճակը, ասացի՝ ովքեր են վիրավորվել: «Պինդ կացե՛ք, «Շտապ օգնության» մեքենան արդեն ճանապարհին է»: Հետո պետք է իմանայի, թե ինչպիսի՜ մեծ դժվարություններով էր մեքենան ուղարկել։ Հիմա էլ ականջներիս մեջ հնչում են նրա խոսքերը. երբեք չեմ մոռանա. «Դու մենակ ողջ մնա, լա՛վ է լինելու…»։ Հաջորդ օրն արդեն մեզ մոտ էր։ Մոտեցա, սեղմեցի ձեռքն ու մեղավոր ասացի. «Միայն մի տեղ եմ թերացել, հրամանատա՛ր. մեքենաները շարքից դուրս են եկել ռմբակոծության արդյունքում»։ «Ինչերի՞ մասին ես մտածում,- ասաց հանդարտ,- գալիս են մեքենաները, ճանապարհին են արդեն»։  Երկրորդ, թե երրորդ օրն էր, որ այդ դիրքը պահում էինք, սպասում էինք, որ մոբը գա, հանձնենք իրենց, ու մենք անցնենք մեր մյուս խնդիրներին։ Մոբն ուշանում էր: Զոհ էինք ունեցել, պետք է մարմինը հանեինք։ Հրամանատարն էլ այդ կապակցությամբ էր եկել մեզ մոտ։ Նաև տարածքն էր ուսումնասիրում, հրետանու կրակն էր ուղղորդում։  Հրամանատարին նրանք կրնկակոխ ու համառորեն  հետևում էին, փորձում էին ամեն կերպ գտնել, ոչնչացնել: «Սմերչից» են փորձել խփել, «բայրաքթարից», ինքնաթիռից։ Նրա շուքն իսկ վախ էր ներշնչում թշնամուն …. Նա ասես Աստված լիներ մեզ համար. որտեղ էլ լիներ, եթե կապով ձայնը լսում էինք, վերջ, ինչ դժվարության մեջ էլ լինեինք, սրտներս տեղն էր ընկնում. ամեն ինչ նորմալ էր ուրեմն:

ՆՇԱՆԱԲԱՆԸ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ ԷՀաջորդ օրը հավաքվում էինք, որ մեկնեինք։ Բայց ընկանք ռմբակոծության տակ: «Անօդաչուի» հարվածից հրամանատարներից Թումասյան Վահագնը վիրավորվեց:  Ասատրյան Վահագնը մոտեցավ, որ օգնի ընկերոջը, ես էլ դանակը հանեցի, որ բաճկոնը կտրեմ, վիրակապենք, որ չարնահոսի, բայց տեսա, որ մեջքը ցանցի պես ծակծկված էր… Սրսկեցինք, միասին տարանք, տեղավորեցինք մեքենայի մեջ: Ես մի պահ միայն հետ եկա, որ զենքս վերցնեմ, ու հենց այդ պահին երկրորդ հարվածը ուղիղ մեքենային խփեց:  Հարվածի ալիքը անմիջապես կրծքավանդակիս զարկեց, ու սուր ծակոց զգացի աջ կողմում, հետո մի ձայն լսեցի, որ վնասված մասից եկավ. թշշոց՝ ասես ջերմուկի շշի կափարիչը բացվեր։ Մտքովս անցավ. «Այսօր ոնց որ թե իմ օրն է…»։ Կրծքավանդակիս ոսկորը հարվածի ալիքից կոտրվել էր։ Շուրջս նայեցի. սարսափելի վիրավորումներով մարդիկ, հրամանատարը, երկու քայլ արեցի ու ընկա։ Նայեցի վեր՝ երկնքին. կյանքումս երբեք նման մաքուր, կապուտակ, լազուր երկինք չեմ տեսել…

…Երբ ուշքի էր եկել, մտովի էլի այնտեղ էր՝ զինակից ընկերների հետ։ Անահիտին մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, վիրահատել: Հետո բժիշկները պատմում էին, որ ամեն կերպ ընդդիմացել է, չի թողել կտրել, հանել շորերը:

-Նասկիներս չհանե՛ք, խնդրում եմ, մի շաբաթ դրանցով էի, չեմ փոխել…,- այժմ ժպտալով է հիշում Անահիտը,- վե՛րքս փակեք, շուտ գնամ. ընկերներս էնտեղ են։

Ինձ դավաճան էի զգում…  Ամեն ինչ ազդում էր վրաս, հատկապես՝ մաքուր, սպիտակ անկողինը, որում պառկած էի… Բոլոր այդ փափուկ բաները սարսափելի նյարդայնացնում էին, երբ մտածում էի, որ ընկերներս այնտեղ օր է լինում՝ սոված են լինում, օր է լինում՝ ջուր չեն ունենում…»:

Դուրս գրվեցի հիվանդանոցից, ուզում էի վերադառնալ շարք, բայց թույլ չէին տալիս: Այդ ընթացքում անընդհատ կորուստներ էինք ունենում ու չդադարող հրաժեշտներ «Եռաբլուրում»…

…Այսօր միակ երազանքս է, որ նորից հայտնվեմ Հայրենիքում, ու… բաց ճակատով նորից գնամ հորեղբորս գերեզմանին։ Երազանքս է ունենալ հզոր Հայաստան։

Ես չեմ կարող տրվել հուսահատությանը։ Լինում են պահեր, երբ նման զգացողություն ունենում եմ, բայց թույլ չեմ տալիս, որ այն երկար մնա իմ մեջ, չեմ տրվում դրան։  Կյանքի նշանաբան ունեմ, որ ինձ միշտ ուղեկցում է. «Շարժումը կյանք է», և որքան էլ դժվար իրավիճակում հայտնվեմ, ինքս ինձ ասում եմ. «Եթե չես կարողանում թռչել, վազի՛ր, եթե չես կարողանում վազել, քայլի՛ր, եթե չես կարողանում քայլել, սողա՛, բայց մի՛ կանգնիր, միշտ շարժվի՛ր առաջ»։ Դա հենց կամքն է, կամքի ուժը:

Զենքս ձեռքիս շարունակությունն է։  Իսկ իմ աչքերն ու միտքը պետք է աշխատեն համատեղ: Հետախույզի համար շատ կարևոր է, որ լավ տեսնի. ոչ միայն աչքերով, այլև մտքով։ Ամեն թիրախ չէ, որ կարելի է ու պետք է խոցել։ Հնարավոր է, որ տեսնես թիրախ, նշանակետ, բայց այդ պահին դա քեզ, յուրայիններիդ համար վտանգ չներկայացնի: Երբեմն անկարևոր թվացող բանը կարող է կարևոր լինել ու հակառակը. պետք է իրավիճակը ճիշտ գնահատել կարողանաս։

-Երբևէ մտքովդ անցե՞լ է ծառայությունը թողնել…

-Չէ՛, երբե՛ք: 2020 թվականից ի վեր շատ սադրանքներ են եղել, շատ դեպքեր են եղել, որ վկայում են՝ չի դադարել կռիվը… Չէ՛, չի գա նման միտք, որովհետև ես գիտեմ, թե ինչի համար եմ այստեղ: Ես գիտեմ, որ հայի լինել-չլինելու հարցն է դրված, և թեկուզ հինգ հայ էլ մնա աշխարհի երեսին, ես պիտի ծառայեմ՝ ապահովելով  նրանց անվտանգությունը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1476) 22.03.2023 - 28.03.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/03/2023