ԵՐԿՆԱՅԻՆ ՎԱՀԱՆ
Փոխգնդապետ Վահե Հակոբյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ենք՝ հակաօդային պաշտպանության կրտսեր հրամանատարների «դարբնոցում»:
Ուսումնական գործընթացն ընթանում է իր հունով. լսարաններում մասնագիտական պարապմունքներ են՝ ապագա հակաօդային պաշտպանները ծանոթանում են «Իգլա» համակարգի մարտավարատեխնիկական բնութագրին, վարժասարքերով խոցում շարժական թիրախները, իսկ դրսում էլ ֆիզպատրաստության պարապմունքներ են։
-Կուրսանտների օրվա կարգացուցակը հագեցած է: Հիմնականում զբաղված են մարտական պատրաստության, մասնագիտական ու ֆիզիկական պատրաստության պարապմունքներով: Ընդ որում, ուսումնանյութական բազան պարբերաբար թարմացվում է: Ժամանակի հետ փոխվում են զինատեսակները, բնականաբար, նաեւ ուսուցման ծրագրում են կատարվում փոփոխություններ, մշակվում են մեթոդական համապատասխան ուղեցույցներ: ՀՕՊ-ը պահանջում է թիմային աշխատանք, շղթայական փոխգործակցություն, այսինքն՝ վերջնական արդյունքը պայմանավորված է հաշվարկի յուրաքանչյուր անդամի գրագետ ու ներդաշնակ գործողությամբ. թեկուզ աննշան թերացումը կարող է վճռորոշ ու ճակատագրական լինել մարտի դաշտում,- ասում է զորամասի հրամանատարի ուսումնական գծով տեղակալ, մայոր Դավիթ Պետրոսյանն ու շարունակում,- մեր ուսումնական զորամասում ուսանած կուրսանտները մշտապես իրենց լավագույնս են դրսեւորել մարտական տարբեր գործողություններում, խոցել են հակառակորդի ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Հակաօդայինները երկնքի սահմանապահներն են, երկնային վահանը:
***
Զրուցում ենք կուրսանտների հետ եւ եւս մեկ անգամ համոզվում, որ խելացի, լավ պատրաստված տղաներ են, որոնք ուսումնական փուլը կավարտեն և արդեն որպես մասնագետներ կհամալրեն ՀՕՊ զորամասերն ու ստորաբաժանումները:
-Հակաօդային պաշտպանությունն առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից մարտերում, քանի որ վճռորոշ հարվածը հիմնականում հենց օդուժն է հասցնում, իսկ դրա կասեցնողն ու հակազդողը հակաօդայիններն են,- ղեկավարման ջոկի կուրսանտ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացնում է իրենց զորատեսակի դերն ու կարեւորությունը: -Զորամասում պատերազմի մասնակից սպաներ ունենք, որոնք ավելի խիստ են, ավելի պահանջկոտ, սակայն մենք գիտակցում ենք, որ այդ խստությունը հենց մեզ համար է, քանզի այսօր ուսուցման մեջ թերանալը վաղը կարող է ճակատագրական լինել:
Հովհաննեսը Վայոց ձորի Քարագլուխ գյուղից է, զինվորականի որդի: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առաջին կուրսն ավարտել ու զորակոչվել է:
-Հայրս շուրջ 23 տարի զինված ուժերում է ծառայում: Հայրս, հորեղբայրս, քեռիս պատերազմի մասնակիցներ են, ինչն ինձ ավելի է պարտավորեցնում պատվախնդրորեն ծառայել, գերազանց տիրապետել զինվորական մասնագիտությանս,- ասում է նա:
-Ուսման մեջ չափազանց կարեւոր է ամեն վայրկյանն արդյունավետ օգտագործելը, հմտությունները կատարելագործելը: Գիտակցում ենք, որ նաեւ մեզնից է կախված հայրենիքի անվտանգությունը: Մեր սպաներն էլ մանրակրկիտ, հնարավորինս մատչելի բացատրում են ամեն ինչ,- մեր զրույցին է միանում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Ռուբեն Մանգասարյանը, որ մասնագիտանում է «Իգլա» զինատեսակի վրա: -Փոքր տարիքից երազում էի օդաչու դառնալ, ինքնաթիռ վարել, բայց այնպես ստացվեց, որ հիմա հակաօդային պաշտպանության մասնագետ եմ դառնալու,- ասում է նա և կատակով մեջբերում հակաօդայինների ոչ պաշտոնական կարգախոսներից մեկը. «Ինքներս չենք թռչում եւ ձեզ էլ թույլ չենք տա»:
Սուրեն Գիքինյանն էլ ղեկավարման ջոկի մասնագետ է, պլանշետավար: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանող է, ապագա ֆինանսիստ: Սուրենը նաեւ մարզիկ է, տասը տարի կարատե մարզաձեւով է զբաղվել, ունի նաև նկարչական հակումներ:
-Հանգստի ժամերին նկարում եմ, շուտով համաբանակային մրցույթի եմ մասնակցելու «Հայոց սպարապետներ» թեմայով: Մեր մասնագիտությունում անչափ կարեւորվում է հիշողությունը, շատ թվեր պետք է մտապահենք: Զորամասում բոլոր պայմաններն առկա են մասնագիտական գիտելիքները հնարավորինս կատարելագործելու ու զարգացնելու: Ի դեպ, հնարավոր է, որ ծառայությունս ավարտելուց հետո մնամ բանակում,- ասում է Սուրենը:
-Յուրաքանչյուր զինվոր պետք է մշտապես կատարելագործի մասնագիտական որակներն ու հմտությունները՝ հստակ գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը հայրենի բնօրրանն ամուր ու անառիկ պահելու գործում: Երկու տարուց հետո էլ ինձ համար ծառայությունը հայրենիքին չի ավարտվելու, հետագայում էլ կսատարեմ մեր բանակին, գիտելիքներս կծառայեցնեմ զինվորի կյանքեր փրկելուն,- անկեղծանում է մեր զրույցի վերջին մասնակիցը՝ ապագա ծրագրավորող Արմեն Խաչատրյանը։
Արմենը բանակ է զորակոչվել Հայաստանի Ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսից: Ինչպես ընկերները նշեցին, բազմագիտակ է, հետաքրքրությունների լայն շրջանակ ունի, տարված է աստղագիտությամբ, անընդհատ ինքնակրթվում է:
Քաղաքացիական կյանքում տարբեր մասնագիտություններ ընտրած երիտասարդներին այսօր միավորել է հայրենիքի զինվորը լինելու վեհ առաքելությունը: Ուսումնական զորամասում վերապատրաստվելուց հետո նրանք կհամալրեն նախանշված զորամասերը եւ ամուր ու անառիկ կպահեն հայոց երկինքը։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1476) 22.03.2023 - 28.03.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում