Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ



ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության և ԿԳՄՍ նախարարությունների կազմակերպած  «Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադայում առաջին մրցանակի է արժանացել Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 10-րդ դասարանի աշակերտ Արեգ Սահակյանը, իսկ 2-րդ մրցանակի՝ ՀՀ Արմավիրի մարզի «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Գրիգորյանը:

 

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸՀայաստա՛նս, բռաչափ փոքրիկ Հայաստանս, ես քեզ ասում եմ Միակը, որովհետև դարերի հոլովույթում չդիմափոխվեցիր, միշտ մնացիր «հին ու նոր», «ծծկեր ու ծեր» ու քո ծոցում ապաստան տվեցիր քո նվիրյալ զավակներին՝ ձեռքդ օրհնության նման իջեցնելով նրանց գլուխներին: Դու քո օրհնությունը սրբագործեցիր Մասիսի ձյուներում, Արագածի գագաթներում, Վանա ծովակի կարոտած հառաչանքում, Գեղամա ծովակի գեղածիծաղ կոհակներում:

Ես քո զինվորն եմ, ի՛մ Հայաստան: Առայժմ զինվոր եմ դպրոցում, իմ ընտանիքում, իմ բակում, որովհետև ամեն վայրկյան հսկում եմ նրանց անդորրը:

Ես զինվոր եմ, երբ ծնունդ եմ տալիս քո մասին երգերին, երբ քայլում եմ Սարդարապատից Արցախ, երբ Ամարասի ղողանջուն մոմերի լույսը միախառնում եմ Մայր տաճարի լուսացող մոմերի հրացոլքին՝ երդվելով լինել աննվաճ և աննկուն:

Ես քո զինվորն եմ, որ կանգնելու եմ քո նվիրական բարձունքներում, քո լեռների ծաղկածիծաղ լանջերին և հնչեցնելու եմ Արևագալի հաղթական երգը:

Ես քո այն զինվորն եմ, որ մերժելու է պատերազմը քեզ սիրելով, քո գալիքի տեսլականը հյուսելով:

Եվ երիցս ճշմարիտ է մեծ հայորդին, որ հավատում է.

«Սա իմ երկիրն է, չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ»:

Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք, այն զինվորը, որ «կռվի է ելնում առանց հրամանի», բայց կռվում է հաղթողի կամքով:

ԱՐԵԳ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան

ուսումնական համալիր,

10-րդ դասարան

***

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸԲարև, ես Աստղիկն եմ: Ես ընդամենը տասնհինգ տարեկան եմ, բայց արդեն հասցրել եմ երկու պատերազմ ապրել, ականատես լինել մեր քաջասիրտ տղաների հերոսություններին: Ես հպարտ եմ, որ իմ ազգի մայրերը կարողացել են այդպիսի առյուծասիրտ տղաներ լույս աշխարհ բերել:

Գիտե՞ք՝ առաջ մտածում էի, որ զինվորը միայն սահմանին կանգնած, զենքը ձեռքին տղան է, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ զինվորը միայն նա չէ, զինվոր ենք բոլորս, յուրաքանչյուր հայ: Ես չգիտեմ, թե Աստված ինչու է մեզ այսպիսի ծանր ճակատագիր բաժին հանել, բայց մի բան հաստատ գիտեմ. Աստված փորձությունների է ենթարկում միայն ուժեղ մարդկանց, և մենք՝ հայերս, բազմիցս ապացուցել ենք, որ ուժեղ ենք:

Չնայած մենք բոլորս էլ զինվոր ենք, բայց ինձ թվում է, որ երբեք չենք կարող հասկանալ սահմանին կանգնած զինվորի ապրածն ու տեսածը, նրա   կարոտը ընտանիքի հանդեպ, անհանգստությունը և պատասխանատվությունը հայրենիքի, սահմանին կանգնած ընկերոջ համար, որովհետև հենց զինվորից ու նրա հրամանատարից է  առաջին հերթին կախված մեր սահմանների կայունությունը, հայրենիքի անվտանգությունը, մեր բոլորի անվտանգությունը: Հենց սահմանին կանգնած զինվորով է Հայրենիքը ուժեղ:

Ես երազում եմ դերասանուհի դառնալ, ուզում եմ համաշխարհային հռչակ ունենալ և աշխարհի ուշադրությունը բևեռել իմ երկրի մշակույթի վրա: Ուզում եմ, որ ամբողջ աշխարհը ճանաչի խաղաղության պաշտպան հայ զինվորին, նրա սխրագործությունները: Ես էլ այսպես եմ ուզում զինվորագրվել հայրենիքիս և հավերժ նրա զինվորը դառնալ:

 

ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի

«Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

10-րդ դասարան

Խորագիր՝ #11 (1476) 22.03.2023 - 28.03.2023, Բանակ և հասարակություն


27/03/2023