Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ



ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ«Եթե գնում ես թշնամու վրա անվախ, հանդգնորեն, նշանակում է հաղթանակը քոնն է»:

Նելսոն Ստեփանյան

 

Աշխարհի ժողովուրդներն ու գալիք սերունդները երբեք չեն մոռանա այն դաժան տարիները, երբ մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի փոթորիկը` միլիոնավոր մարդկանց նետելով սարսափելի արյունահեղության գիրկը։

Պատերազմի ամբողջ ընթացքում արիության, հերոսության, անձնվեր սխրանքի և տոկունության օրինակներ են դրսևորել նաև հայ օդաչուները, որոնցից շատերն արժանացան Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանն ու կառավարական պարգևների։ Այդ հերոսների փաղանգից է մեր հայրենակից, Խորհրդային Միության կրկնակի հերոս, փոխգնդապետ, գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանը։

Քաղաքացիական ավիացիայի օդաչու էր Նելսոն Ստեփանյանը, ով Հայրենական մեծ պատերազմի երկրորդ օրը կամավոր մեկնեց բանակ։ Հարազատներին գրած նամակներից մեկում նա գրում է. «Իմ տեղը հայրենիքի պաշտպանների առաջին շարքերում է… Քանի դեռ բաբախում է սիրտս, իմ սրբազան պարտքն է մինչև արյանս վերջին կաթիլը պաշտպանել իմ սիրելի հայրենիքը, մեր ծաղկած քաղաքներն ու գյուղերը»։

1913 թ. ապրիլի 10-ին Շուշիում, Գևորգ և Վարդանուշ Ստեփանյանների նորաստեղծ ընտանիքում, մեծ ուրախություն էր։ Ծնվել էր առաջնեկը՝ Նելսոնը։ Նրա ծնվելուց մոտ երկու տարի անց հայրը որոշում է վերադառնալ Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ Նելսոնը սովորում է Մաքսիմ Գորկու անվան յոթնամյա դպրոցում։ Հենց առաջին օրը, առաջին ժամին դասվարը հետաքրքրվում է նոր դպրոց ոտք դրած երեխաներով, հարցեր տալիս բոլորին: Ուսուցչի այն հարցին, թե ի՞նչ ես դառնալու, Նելսոնն առանց երկմտելու պատասխանում է.

-Օդաչո՛ւ…

Հենց այդ տարիներին էլ նա հափշտակվում է ավիացիայով, դառնում Երևանի ավիամոդելիստների ակումբի ամենաակտիվ անդամը։

1930-ին գերազանց ավարտելով Բաքվի ռազմական ուսումնարանը, նա 1932 թվականին ընդունվում է Բատայսկի քաղաքացիական օդաչուների դպրոցը, որն ավարտելուց հետո որպես օդաչու-հրահանգիչ երեք տարի աշխատում է այնտեղ։ 1938-ին տեղափոխվում է Միներալնիե Վոդի՝ որպես թռիչքային կուրսերի հրահանգիչ և կատարելության հասցնում իր թռիչքային վարպետությունը։

Երբ սկսվում է պատերազմը, Ստեփանյանը Եյսկում էր։ Ռազմական ինքնաթիռների վրա մի քանի օր վարժություններ կատարելուց հետո գործուղվում է Լենինգրադի  կարմրադրոշ բալթիական ռազմածովային նավատորմ՝ որպես գրոհային ավիացիայի օդաչու ակտիվորեն մասնակցում Լենինգրադի, Օդեսայի, Սևաստոպոլի, Կովկասի և Մերձբալթիկայի հերոսական պաշտպանության և ազատագրական ճակատամարտերին։

Նելսոն Ստեփանյանը թշնամու հետ առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում է Հարավարևմտյան ռազմաճակատում, 1941 թ. ամռանը, երբ ֆաշիստական հրոսակները, ավերելով ու հրի մատնելով Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը,  շարժվում էին դեպի Դնեպր։ Հենց այդ ժամանակ երկնքում երևում է կարմրադրոշ բալթիական նավատորմից օգնության ուղարկված ԻԼ-2 գրոհային օդանավերի էսկադրիլիան, որի աջ թևում թռչում էր կրտսեր լեյտենանտ Նելսոն Ստեփանյանը։ Թշնամին զենիթային հրանոթներից անվերջ կրակում էր։ Նելսոնը ճեղքելով պայթող արկերի ամպրոպը՝ կայծակի արագությամբ խոյանում է ցած և թշնամու գլխին թափում ամբողջ մահաբեր բեռը։ Դրանից հետո նա մարտական թռիչքներ է կատարում Նիկոլաևի, Կախովկայի, Զապարոժիեի, Պոլտավայի շրջաններում՝ ոչնչացնելով  մինչև 900 ֆաշիստական զինվորի ու սպայի։

1942 թ. աշնանը Նելսոն Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային ավիագնդի 1-ին էսկադրիլիայի հրամանատար և ստանում կապիտանի կոչում։ Պատերազմի սկզբից մինչև 1942 թ. հոկտեմբեր նա իրականացրել է 150 մարտական թռիչք։

Նա անգամ գրոհային ինքնաթիռով կռվում էր ռմբակոծիչների դեմ։ Մարտական ընկերները նրան տվեցին «Երկնքի ասպետ», «Բալթիկայի մրրկահավ», «Առասպելական արծիվ» պատվանունները։

ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ1942 թ. աշնանը, Լենինգրադի մատույցներում, Նելսոն Ստեփանյանը մի խումբ գրոհայինների հետ ոչնչացնում է հակառակորդի օդանավերի բազան՝ 22 ռմբակոծիչ, պայթեցնում ռազմամթերքի պահեստը, զենիթային կրակակետերը։

Բայց ինչպես նշել է նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, Նելսոնի տարերքը ծովային մարտերն էին։ Ինչպես պաշարման մեջ գտնվող Լենինգրադի մատույցներում տեղակայված գերմանական էշելոնները, այնպես էլ ֆիննական ծովածոցում լողացող նավերը փրկություն չունեին նրա ռումբերից։ «Մարտադաշտից չեմ հեռանա այնքան ժամանակ, մինչև չտեսնեմ, որ թշնամուց մնացել են միայն փշուրներ»,- ասել է փառապանծ օդաչուն։ Թշնամու զորքերի մեջ տարածվել էր, որ առավոտյան գրոհում է Ստեփանյանը, կեսօրին  կրկին Ստեփանյանը, երեկոյան՝ դարձյալ Ստեփանյանը։ 1942 թ. հոկտեմբերի 21-ին Նելսոն Ստեփանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում։

1944 թ. գարնանը Նելսոնը նշանակվում է կարմրադրոշ բալթյան ռազմածովային նավատորմի գրոհային 11-րդ ավիադիվիզիայի 47-րդ գրոհային գնդի հրամանատար և մասնակցում Սևաստոպոլի, Թեոդոսիայի և Սուտակի, այնուհետև Բալթիկայի  ազատագրման մարտերին։

Թշնամին նահանջելով՝ մեծ ուժեր էր կուտակել Տալլինի նավահանգստում։ Բալթիական օդաչուները Նելսոնի հրամանատարությամբ ջրասույզ են անում 11 խոշոր փոխադրանավ։ Պատերազմի սկզբից մինչև 1944 թ. օգոստոսի 18-ը Նելսոն Ստեփանյանն անձամբ կատարել է 239 մարտական թռիչք, որի ընթացքում ջրասույզ է արել 13 նավ, 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 տարբեր տիպի ինքնաթիռ, ոչնչացրել մինչև 5000 ֆաշիստական զինվորի ու սպայի։ Նույն թվականի օգոստոսի 20-ին 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը ներկայացվում է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման։ Բայց Նելսոնը՝ քաջերից քաջը, չապրեց մինչև հրամանագիրը։ Նա վերջին թռիչքը կատարեց 1944 թ. դեկտեմբերի 14-ին։ Մառախլապատ այդ օրը նա իր էսկադրիլիայով շարժվում է դեպի Լիբիայի ծովախորշը, որտեղ կուտակված էին թշնամու տրանսպորտային և ռազմական նավերը, որոնցով թշնամին պետք է փախցներ իր 30 դիվիզիաները։ Դա նրանց չհաջողվեց։ Նելսոնը ղեկավարում էր առաջատար գրոհայինների խումբը։ Թշնամու կրակի ամբողջ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆհարվածը կենտրոնացվել էր հենց այդ խմբի դեմ։ Գերմանացիները վաղուց էին թիրախավորել ԻԼ-2-ը ու այն երկնքում տեսնելիս ծանուցում էին. «Achtung։ Achtung։ Օդում Նելսոն Ստեփանյանն է»։

Շրջապատված հակառակորդի կործանիչներով՝ Նելսոն Ստեփանյանը չի նահանջում և գրոհով ճանապարհ է բացում իր ընկերների համար։ Նա գերմանական երկու ռմբակոծիչ է կործանում, բայց հենց այդ ժամանակ թշնամու զենիթային արկի ուղիղ հարվածից բռնկվում է ինքնաթիռի բենզինի բակը։ Կրակի ու ծխի մեջ կորած՝ նա իր բացավառվող ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամու կուտակված նավախումբը:

Նելսոն Ստեփանյանի մահվան բոթը ցնցեց նրա զինակիցներին։ Նրա ծնողներին ուղարկած նամակում ընկերները գրել են.

-Պարզ ու համեստ մի մարդ, անչափ սիրված ու հարգված բոլորի կողմից։ Նա մեզ համար հայր էր և ուսուցիչ, բարեկամ էր և հրամանատար։

Նելսոն Ստեփանյանի գերեզմանը  դարձավ Բալթիկ ծովը:

1945 թ. մարտի 6-ին Նելսոն Գևորգի Ստեփանյանին հետմահու  շնորհվում է Խորհրդային Միության  կրկնակի հերոսի կոչում:

 

ՄԱՐԻՆԱ ՇԱԽԻԿՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»  ՌՊԹ գիտաշխատող

Խորագիր՝ #12 (1477) 29.03.2023 - 04.04.2023, Պատմության էջերից


31/03/2023