Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ



ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸՀազարամյակների ընդգրկում և բազմազան գործառություն ունեցող հայ ճարտարապետության անհամար հուշարձանների շարքում իրենց ուրույն տեղն ունեն կամուրջները։

Չորս գլխավոր գետերի և նրանց բյուրավոր վտակների ցանցով պատված հայկական լեռնաշխարհի քաղաքներն ու գյուղերը հնագույն ժամանակներից ի վեր հաղորդակցվել են բազմահորինվածք կամուրջներով։

Ինչպես գավառային, նահանգային կամ միջպետական ճանապարհները, այնպես էլ դրանց սպասարկող կամուրջներն ունեին համապատասխան կարևորություն՝ ապահովում էին նաև մաքսատան գործառույթը, որով էլ պայմանավորված՝ նման կամուրջներն ունեցել են պահակների և մաքսավորների համար նախատեսված սենյակներ։

Սույն հոդվածով ներկայացնում ենք Արցախ աշխարհի ինչպես կանգուն, այնպես էլ վաղուց անհետացած կամ էլ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի բռնագրաված տարածքներում մնացած կամուրջները։

Արցախի կամուրջների խելերը խարսխված են եղել աներեր առափնյա ժայռազանգվածների վրա և, ընդհակառակը, կործանվել են, երբ խելերից թեկուզ մեկը չի ունեցել ժայռեղեն պատվանդան։ Որպես ապացույց կարելի է գտնել բազում կամուրջներ, որոնց երբեմնի գոյությունն այժմ փաստվում է գետի որևէ կողմում առկա խելի մնացորդներով՝ այն էլ բնական ժայռազանգվածին անպայմանորեն հաստատված։

Տեղանքի ընտրության միևնույն սկզբունքն առանցքային է եղել նաև երկթռիչք, եռաթռիչք և բազմաթռիչք կամուրջների հորինվածքներում։

Արցախի խոսվածքում մինչև այժմ գետերի հոսանքները ջրից դուրս ցցված բնական ժայռազանգվածների օգնությամբ հաղթահարելու հարմարություն ունեցող տեղանքը անվանվում է քարավազ, որ նշանակում է քարերի վրայով վազ տալու հարմարություն՝ քար և վազ արմատներով։ Հետաքրքիր է, որ քարավազ բառն իր նույնական իմաստով գործածական է եղել դեռևս միջին դարերում, ընդ որում, երբեմն վեր է ածվել նաև հատուկ անվան։ Օրինակ՝ Արաքսի քարավազ վայրերից մեկում կառուցված հռչակավոր կամուրջը, որն արդեն XIII դարում վկայվում էր Քարավազի կամուրջ անվանումով, իսկ ուշ միջնադարում հորջորջվեց որպես Խուդափերինի կամուրջ։

Արցախի կամուրջների հիմնական շինանյութը, ինչպես եկեղեցիների դեպքում, կրաշաղախով միաձուլված անմշակ ու կիսամշակ քարն է, սակայն մեզ հասել են նաև աղյուսի համադրմամբ կառուցված կամուրջներ (օրինակ՝ Խաղխաղի, Քարավազի Նոր, Գանձակի և այլն)։ Մինչդեռ, նույնիսկ վերջիններիս դեպքում, կամրջախելերի հիմքերը շարված են բացառապես քարով։ Սակայն, հատկանշական է, որ աղյուսի կիրառմամբ կառուցված Արցախի բոլոր կամուրջները գտնվում են երկրամասի դաշտավայրային քարազուրկ շրջաններում, ուստի, տվյալ պարագայում աղյուսի կիրառումը թելադրված է եղել ոչ թե շինանյութի այդ տեսակի որակական առավելություններով, այլ պարզապես հարթավայրային գոտում դիմացկուն քարատեսակների իսպառ բացակայությամբ։

Իսկ ինչ վերաբերում է սրբատաշ քարի հազվադեպ կիրառմանը, ինչպես եկեղեցիների պարագայում,  ապա սա բացատրվում է տեղի քարատեսակների որակական հատկանիշներով։ Արցախը որքան հարուստ է կրաքարով ու ավազաքարով, նույնքան աղքատ է բազալտի և գրեթե զուրկ տուֆի հանքավայրերից, որոնց մշակման գաղտնիքներին գերազանցորեն տիրապետող արցախցի քարագործ վարպետները, որպես կանոն, նախընտրում էին դրանք գործածել անմշակ կամ կիսամշակ տարբերակով։ Սակավադեպ հանդիպող սրբատաշ շարը տեսնում ենք կամուրջների միայն թաղակիր հատվածներում (այն էլ առավելաբար կամարի անկյունաքարերում), իսկ եկեղեցիների դեպքում՝ մուտքի բարավորին կամ լուսամուտների անկյունային հատվածներում։

5-6 մետրից ավելի թռիչք ունեցող կամուրջների պարագայում թաղի ծանրությունը միայն կամարի վրա չծանրացնելու համար արցախցի կամուրջ կառուցողներն օգտագործում էին նաև Հայաստանի այլ գավառներում հանդիպող կամուրջների շինարարական հնարքները, այսինքն՝ կրկնակամարի կիրառումը։

Բազմաթռիչք կամուրջների դեպքում գետամիջի խելերը գետի հոսքին հակառակ ճակատում ապահովել են ջրի դիմահար ալիքներն ավելի հեշտությամբ ճեղքելուն միտված սրանկյուն ավարտ ունեցող հենապատերով։ Սրանց հատակագծում կիսաշրջան տարբերակներով էլ սովորաբար ամրացվել են խելերի հոսքին հակառակ ճակատները։

Արցախի կամուրջների մեծ մասը կառուցվել են հիմնականում ազգային իշխանության գոյության պայմաններում։ Իսկ կառուցման թվականը կամ կառուցողի անվան վերաբերյալ կամուրջների մեծ մասի վրա առկա են եղել կա՛մ շինարարական արձանագրություններ ու  գրավոր վկայություններ, կա՛մ էլ կառուցման ժամանակը հնարավոր է եղել որոշել կառուցողական զանազան առանձնահատկությունների քննությունների շնորհիվ։

 

ՔԱՐԱՎԱԶԻ ԿԱՄՈՒՐՋԸ

(ԽՈՒԴԱՓԵՐԻՆԻ)

ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸՔանի որ հոդվածի սկզբում արդեն խոսվեց Քարավազի կամրջի մասին, ուստի  որոշեցինք այս խորագիրն սկսել հենց այս կամուրջը ներկայացնելով։ Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Արաքս գետի վրա։ Ծովի մակերևույթից բարձր է 246 մ։ Արաբական և պարսկական աղբյուրներում է անվանվում Խուդափերին (պարսկերեն՝ աստվածաստեղծ)։

Քարավազի կամրջով Արցախի մելիքությունները կապ են հաստատել Սեֆյան Պարսկաստանի հետ։

Ենթադրվում է, որ հին կամուրջը V-VII դարերի կառույց է: Պատմական  ամենավաղ հիշատակություններից մեկը վերաբերում է XIII դարին. «…Աղահեճը, որը հատում է Աղավնոյ գետը մինչև Քարավազի կամուրջը…»։

1805 թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ 1817 թ. գերմանացի դիվանագետ Մորից ֆոն Կոցեբուն նշել է. «…գեներալ Ցիցիանովը տասներկու հազար մարդոց հետ և մի քանի թնդանոթներով գնաց Աբբաս Միրզայի դեմ և կատարյալ պարտության մատնեց նրան։ Թագավորը (Ֆաթ Ալի Շահ), որ մի մեծ բանակի գլուխ անցած Արաքսի այս կողմում էր, ծայրահեղ շտապ նահանջեց գետի մյուս ափը և նույնիսկ քանդեց Հուդերապինի (Huderapin) գեղեցիկ կամուրջը, որ տակավին ավերակ է»։

Իսկ արդեն 1890-ական թվականների սկզբին նշվել է. «…կամուրջն հիմնարկուած է նոյնպէս բնական վէմ քարերի վերայ, որ ունի տասնհինգ աչք, որոց ոտքերն շինուած են քարով և թաղերն՝ թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցեխով»։

1875-1977 թթ. ընթացքում իրականացված ուսումնասիրություններից երևում է, որ կամրջի 15 թռիչքներից ամենաերկարն ունեցել է 8,80 մ, իսկ ամենակարճը՝ 5,80 մ երկարություն։

Կամրջի մասին հիշատակության հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի, Ղևոնդ Ալիշանի և Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի  աշխատություններում։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (1477) 29.03.2023 - 04.04.2023, Հոգևոր-մշակութային


31/03/2023