Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՍՏԱՀ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ



ՎՍՏԱՀ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆՍահմանամերձ գյուղի բնակիչ պայմանագրային Արման Լալայանը երբեք չի մոռանա 90-ականներին գյուղի պարբերական հրետակոծությունները:

-Արկերից բռնկված տներ, ավերածություններ… Ես ու եղբայրս այդ ամենը տեսնելով ենք անցել պայմանագրային զինծառայության ու հիմա պաշտպանում ենք մեր հողը,- վերհիշում է Արմանը։

Ասում է՝ հենց այդ հիշողությունների ու քաղած դառը դասերի շնորհիվ է, որ սահմանին ապրող գյուղացին լավ գիտի բանակի իրական նշանակությունը։ Տասը տարուց ավելի է՝ մարտական հերթապահություն է իրականացնում նաև  Արշակ Խաչատրյանը. 2000 թվականի հուլիսյան դեպքերի անմիջական մասնակիցը նկատում է. այստեղ՝ սահմանին, բոլորն էլ պատրաստ են անվարան պաշտպանելու հայրենի բնօրրանը, հարազատներին, հայրենակիցներին.

-Մի ընտանիքի պես ենք։ Ամեն պահի մեկս մյուսի համար պատրաստ ենք ամեն ինչի։

Արշակի հետ համակարծիք է նաև վաշտի հրամանատար Ատոմ Հայրապետյանը:

-Մենք պարտավոր ենք պահել մեր սահմանը, մեր ընտանիքները։ Մեր տունը սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։ Պարտավոր ենք և՛ մեր տունը, մեր երեխաներին, և՛ մեր մյուս ազգակիցներին  պահել, պաշտպանել։ Ինչպե՞ս կարող ենք մի քայլ անգամ նահանջել։

Անցած ուսումնական տարվա արդյունքներով՝ հենց այս ստորաբաժանումն է արժանացել «Մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակ» կոչմանն ու փոխանցիկ դրոշին։ Դրոշը հենց առաջնագծում գումարտակի հրամանատարին է հանձնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, շնորհակալություն հայտնել տղաներին բարեխիղճ ծառայության համար, մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել պատվոգրերով։

Երրորդ տարին անընդմեջ լավագույնի կոչմանն արժանացած գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հրայր Չոբանյանն արդեն երեք տասնամյակ իր ենթակաների հետ օրնիբուն հսկում է սահմանի՝ իրենց վստահված հատվածը։

-Հայկական բանակի առաջին զինվորն եմ եղել ու մինչև այսօր էլ ծառայում եմ: Ամեն օր մարտական դիրքերում ենք։ Ու մեր հայրենակիցները՝ մեծ թե փոքր, թող վստահ լինեն, որ մեր սահմանը պաշտպանված է,- ասում է վաստակաշատ զինվորականը։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1477) 29.03.2023 - 04.04.2023, Ազգային բանակ


31/03/2023