ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳԻՐԸ
Ապրիլի 1-ին «Հայ զինվոր» հանդեսը դարձավ 30 տարեկան և այսօր արդեն 1477-րդ անգամ թակում է ընթերցողի դուռը, զրուցում նրա հետ, պատմում մեր հաղթանակների ու ձեռքբերումների, մեր դժվարությունների ու խնդիրների մասին: Հայկական բանակի նման «Հայ զինվորն» էլ ազատագրական կռվի բովում ծնվեց, ու նրա առաջին հրապարակումները Արցախյան պատերազմի, հերոս ազատամարտիկների ու քաջարի զինվորների, մեր պայքարի, մեր անձնազոհ ջանքերի մասին էին: «Հայ զինվորն» առաջնագծում էր՝ իր հողն ու ժողովրդի արժանապատվությունը պաշտպանող զինվորի ու սպայի կողքին: Նա սեփական աչքերով է տեսել մեր փառահեղ ճակատամարտերն ու ականատեսի վկայությամբ է պատմել մեր հաղթանակների մասին: Նա բանակի ու ժողովրդի կողքին է եղել նաև խաղաղ բանակաշինության տարիներին՝ դառնալով բանակի խոսափողը, բանակ-ժողովուրդ կապի ամենահուսալի օղակը, ազգային-պետական գաղափարախոսության արտահայտիչն ու քարոզիչը՝ զերծ կուսակցական, խմբային շահերից, անմնացորդ նվիրված ուժեղ պետականության, պաշտպանված երկրի ու համերաշխ հասարակության գաղափարին:
Ձեռքը ժամանակի զարկերակին՝ «Հայ զինվորը» ամենայն օպերատիվությամբ պատմել է բանակային կյանքի, զինվորի առօրյայի, սպայակազմի ու զինվորական ծառայության մասին: «Հայ զինվորի» էջերում են ծնվել նվիրյալ սպաների ու զինվորների մասին պատմող ակնարկները, սահման պահող հերոս քաջորդիների փառքն անմահացնող ասքերը: Նա ոգու և ուժի յուրօրինակ աղբյուր է եղել և՛ առաջնագծում, և՛ թիկունքում:
Այսօր կարող ենք առանց վարանելու ասել, որ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը բանակի տարեգիրն է: 1993-ին պաշտոնաթերթի ընթերցող զինվորներն այսօր իրենք զինվոր թոռներ ունեն, և 30-ամյա երիտասարդական ավյունով ու լավատեսությամբ՝ «Հայ զինվոր» գունավոր նոր հանդեսը էլի նրանց հետ է:
Շնորհավորելով «Հայ զինվորի» երեսնամյա տարեդարձը, մաղթենք, որ նա միշտ բարի լուրեր բերի սահմանից, պատմի բանակաշինության ձեռքբերումների, մեր զինվորների ու սպաների խաղաղ օրերի սխրանքների մասին:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #12 (1477) 29.03.2023 - 04.04.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում